Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ «ՄՆԱՑ» ԱԺ-Ի ՎՐԱ

Հոկտեմբեր 18,2000 00:00
Armen khachatryan

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ 2000 թ. սեպտեմբերի 26-ին ԱԺ-ի կողմից ընդունված «ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի հրաժարականի մասին որոշման» Սահմանադրությանը համապատասխանելու հարցը պարզաբանելու համար։

«Կարծում եմ,- գրված էր ՀՀ նախագահի դիմումում,- այդ որոշումն ընդունելիս խախտվել են «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի մասնավորապես 1, 51, 87, 110 հոդվածների, 48 հոդվածի 1-ին կետի պահանջները, հետեւաբար ՀՀ Սահմանադրության 62 հոդվածը»։

ՍԴ-ին ԲՇՏ-ի մակարդակի մի տեղեկանք էր ուղարկել ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը։ «Իր բնույթով բավականին հետաքրքիր» փաստաթուղթ որակվեց վերոնշյալը ՍԴ-ականների կողմից, իսկ այդ «բավականին հետաքրքիր» փաստաթուղթը «ԱԺ որոշումն էր՝ ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի հրաժարականի մասին»։ Ի դեպ, այն կնքված էր «արձանագրային-հրատարակչական բաժնի» կնիքով եւ բովանդակությունն այսպիսին էր. «ՀՀ ԱԺ-ն որոշում է. ընդունել ՀՀ ԱԺ նախագահ Ա. Խաչատրյանի հրաժարականը (գրանցվել են 115 պատգամավոր. «կողմ»՝ 63, «դեմ»՝ 31, «ձեռնպահ»՝ 2)»։

Ուշադրության արժանի մի հանգամանք. «ԱԺ կողմից պատասխանողը» իրականում պատասխանողի բարաթ ուներ ԱԺ փոխնախագահ Գ. Ասլանյանից եւ անհասկանալի էր, թե ԱԺ-ն արդյոք համաձա՞յն է եղել, որ իր անունից հանդես գա պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը։

Տեղեկացնեմ, որ ՍԴ դռնբաց նիստին երեկ ՀՀ նախագահի ներկայացուցիչն էր մասնակցում՝ պետաիրավական վարչության պետ Վրեժ Գասպարյանը, իսկ ՍԴ աշխատակարգային որոշումով զեկուցող էր ճանաչվել ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։ Վերջինս հայտնեց, որ ՍԴ-ն գործը քննության է ընդունել հոկտեմբերի 2-ին։

Դիմող կողմը՝ Վ. Գասպարյանը, նշեց, որ հրաժարականի որոշումն ընդունելիս խախտվել են ԱԺ կանոնակարգի մի շարք հոդվածների պահանջներ։ Խոսք գնաց եռօրյա նիստի օրակարգի հաստատման կարգի, քննարկվելիք հարցերի նախապատվության մասին։ Վ. Գասպարյանի կարծիքով, ԱԺ նախագահի հրաժարականի վերաբերյալ հարցը չէր կարող առանց նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու մտնել օրակարգ, քանի որ հիշյալ հարցը նախատեսված չէր Սահմանադրությամբ եւ կանոնակարգով։ Ընդհանրապես այն տպավորությունն էր, որ թե դիմող կողմի, թե պատասխանողի կարծիքները համընկնում են, մանավանդ շարունակ հնչում էին կանոնակարգ եւ կանոնակարգի խախտումներ բառակապակցությունները, երկուստեք հնչեց այն, որ քվեարկությունը եղել է հակաօրինական, մանավանդ փակ, էլեկտրոնային համակարգով արվածը։ ԱԺ նախագահի հրաժարականի հայտարարությունը եղել է ոչ այն է՝ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման պահանջ, ետկանչում, ոչ այն է՝ խնդրանք, հորդոր կամ ցանկություն։ Երբ ՍԴ-ում հնչեց այդ օրվա նիստի սղագրությունից մի հատված, այնքան էլ հստակ չէր վերոնշյալ հայտարարությունը, որին հետեւել է քվեարկությունը։ «Կանոնկարգային քանի՞ խախտում էր պետք,- հարցրեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Վիկտոր Դալլաքյանին,- որ Ձեր այդ որոշումը հակասահմանադրական համարվեր»։ Վ. Դալլաքյանը հերթական անգամ ցիտեց այս անգամ Սահմանադրության 102 հոդվածը, ըստ որի «ՍԴ-ն ընդունում է որոշումներ եւ եզրակացություններ» եւ «եթե ՍԴ-ն կընդունի նման որոշում, ապա ԱԺ-ն կընդունի, որ ԱԺ որոշումը հակասահմանադրական է»։

ՍԴ անդամ Ռ. Պապայանի այն հարցին էլ, թե «ինչո՞ւ չմիջամտեցիք, երբ խախտումներն առկա էին», պրն Դալլաքյանը պատասխանեց, որ կանոնակարգով նման բան իրենց վերապահված չէր եւ հիշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի ժամանակ է միայն եղել, երբ Պարույր Հայրիկյանը ասել էր, որ պետաիրավական հանձնաժողովի որոշումը պարտադիր է։ Եվ այն եղել էր։ Ընդհանրապես, ըստ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի, ԱԺ նախագահը կանոնակարգը կարող էր խախտել երեք հնարավոր դեպքերում. 1) դիտավորյալ է այդ նիստը վարել այդ կերպ, 2) ԱԺ նախագահը լավ ծանոթ չէր կանոնակարգին (կոմպետենտ չէր), 3) նրա վրա ազդել է սուբյեկտիվ գործոնը («հայտնի ուժե՞ր»- Ռ. Մ.)։

Դիմող կողմը հրաժարվեց «վերջին»՝ եզրափակիչ խոսքից, Վ. Դալլաքյանը այն ավարտեց ՍԴ-ին ուղղված մաղթանքով։ Ի վերջո պարզվեց, որ Արմեն Խաչատրյանի հրաժարականի մասին որոշումը իրավաբանական ուժ չունի։ Փաստորեն, Արմեն Խաչատրյանը մնաց տանը՝ ԱԺ-ում։ ԱԺ պատգամավորները ինչպես կընդունեն նրան. չէ՞ որ հանցավոր համաձայնության գալով Արմեն Խաչատրյանի հետ իրենք էլ են կանոնակարգ խախտել։ Վարկաբեկել ԱԺ «արժանապատիվ ապագան», չարաշահել պաշտոնական-օրենսդիր դիրքը։ «Կանոնակարգային չխախտումների» մասին տեղեկանալով՝ ԱԺ-ն կդնի՞ վերստին Ա. Խաչատրյանի հրաժարականի հարցը, թե՞ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ աղուհացով կդիմավորի իր մոլորյալ խոսնակին։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031