Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 18,2000 00:00

ՀԵՏԱՁԳՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ Նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ Ալեքսան Հարությունյանն այս զրույցում առավել հաճախ կրկնում էր հետեւյալ արտահայտությունը. «Այդ հարցին հիմա չեմ պատասխանի։ Մանրամասնելու ժամանակը կգա»։ Մինչեւ հոկտեմբերի 27-ը – Որքան ծանոթ էիք Նաիրի Հունանյանին՝ լիովին անսպասելի՞ էին նրա գործողությունները հոկտեմբերի 27-ին, թե՞ օրինաչափ։ – Անսպասելի էր, որ նա կարող է դիմել այդպիսի ծայրահեղ քայլի։ Բայց երեւի այդքան լավ չեմ ճանաչել նրան։ Եվ մանավանդ այդ քայլից հետո դժվար է նրան բնութագրելը։ – Բայց երկուսդ էլ 1988-ին ուսանողական շարժման կազմակերպիչներից էիք։ Շփումներ չե՞ն եղել։ – Եղել են։ Բայց ես, այսպես ասած, անկախական ուսանողներից էի, իսկ նա մի քիչ այլ թեւից էր։ Այդ շրջանում ես հիմնականում գործում էի Մովսես Գորգիսյանի հետ։ – Ի դեպ, վերջերս հրապարակայնորեն հայտարարեցիք, թե անգամ այդ տարիներին դեմ էիք զենքով հարցեր լուծելուն՝ ի տարբերություն ուսանողական այլ խմբերի։ Նրանց մե՞ջ էր Նաիրի Հունանյանը։ – Խոսքը որոշակի մարդկանց մասին չէր։ Ընդհանուր մթնոլորտում կար այդ գաղափարը։ – Բազմաթիվ էին լուրերը, թե հետագա տարիներին Նաիրի Հունանյանի հետ Ձեր շփումները որքան սերտ են եղել, ասենք՝ նա քանի անգամ է մտել-դուրս եկել նախագահի նստավայր։ – Շփումներ գրեթե չեն եղել։ Չէի ուզենա շատ մանրամասներ ասել։ Ուսանողական տարիներից ծանոթ մի խմբի հետ, եթե չեմ սխալվում, 1997-ին եկավ հանդիպման, երբ ես վարչապետի աշխատակազմի ղեկավարն էի։ Խոսում էինք ուսանողական ընդհանուր խնդիրների մասին՝ լավ չեմ հիշում։ Մի անգամ էլ հանդիպել ենք 1999-ի ապրիլին, երբ ես նրան պատահաբար տեսա կառավարության շենքի մոտ։ Հետո եկավ նախագահի նստավայր, ինձ մոտ եւ իր հիմնական ցանկությունն այն էր, որ իրեն օգնեի որեւէ տեղ տեղավորվել աշխատանքի։ Որոշակիություն չի եղել։ – Կարծես թե չէիք օգնել նրան։ Ձեր կարծիքով դա դեր խաղա՞ց։ Հայտնի են որոշ ցուցմունքներ, որ նա բազմիցս այդ առնչությամբ վատ էր արտահայտվել Ձեր հասցեին։ – Այո, կան այդպիսի ցուցմունքներ։ Չգիտեմ, գուցե դա ինչ-որ ազդեցություն ունեցել է։ Վերջին առերեսման ընթացքում չարձանագրված խոսքում նա ասաց, որ ոչ։ Բայց երեւի ինչ-որ բան մնացել էր։ – Նաիրի Հունանյանը ցուցմունքներ էր տվել, թե մինչեւ հոկտեմբերի 27-ը հանդիպումներ էիք ունեցել օպերայի մերձակայքում եւ «Առագաստ» սրճարանում։ – Նման հանդիպումներ բացարձակապես չեն եղել։ Ինքը հետո ոչ միայն խոստովանեց, որ սուտ է ասել, այլ նաեւ, թե ինչպես են ծնվել այդ ցուցմունքները։ Այդ մասին հիմա չէի ցանկանա մանրամասն խոսել. դրա ժամանակն էլ կգա։ Այդ չեղած, կեղծ երկու հանդիպումների մասին այժմ միայն հետեւյալը կասեմ. գաղտնի հանդիպումների համար ավելի լավ տեղ գտնել հնարավո՞ր չէր, քան երեկոյան ժամերին մարդաշատ «Պապլավոկն» ու օպերայի հրապարակը։ Հոկտեմբերի 27 – Ինչպե՞ս իմացաք այն մասին, թե ինչ է կատարվում ԱԺ նիստերի դահլիճում։ Ինչպե՞ս եղավ, որ հենց Դուք վարեցիք բանակցությունները։ – Այդ հարցերին հիմա չեմ պատասխանի։ Դրանց պատասխանները տալու համար պիտի բազմաթիվ այլ հարցերի մասին էլ խոսեմ։ Ավելի ուշ ես այդ ամենի մասին կխոսեմ բավական երկար։ – Իսկ հոկտեմբերի 27-ի գիշերը Նաիրի Հունանյանի հետ անձամբ Ձեր բանակցությունների ժամանակ ի՞նչ էր նա պահանջում։ – Սա արդեն գաղտնիք էլ չէ։ Այդ ամենը կա քրեական գործում։ Մանրամասն ծանոթանալու հնարավորություն կունենաք։ – Հոկտեմբերի 27-ին հաջորդեց բավական աղմկալից միջադեպ. խոսքը հոկտեմբերի 31-ին պաշտպանության նախարարությունում Ձեր հայտնվելու մասին է։ Դուք հիշո՞ւմ եք այդ օրվա իրադարձությունները։ – Այո, բայց ինչ-որ բաներ կան, որ չեմ հիշում կամ աղոտ եմ հիշում։ Այդ հարցը շատ շահարկվեց։ Խոստանում եմ, որ առանձին, մանրամասն կխոսեմ, թե ինչ էր իրականում այնտեղ կատարվել։ Կա տեսաերիզը եւ հենց այն ապացուցում է, որ ինձ վերագրվող արտահայտություններից շատերն ուղղակի շանտաժ էին։ Այս պատմությունն ինձ սովետական մի հին անեկդոտ է հիշեցնում։ Բարձրահարկ, շքեղ հյուրանոցներից մեկի վերելակով բարձրանում է մի խումբ, որի մեջ մի արտասահմանցի կա։ Վերելակի ուղեւորներից մեկը հանկարծ իջեցնում է տաբատը եւ տեղում սկսում կեղտոտել։ Մյուսը սկսում է միզել։ Երրորդը մի այլ բան է անում։ Այդ ժամանակ խեղճ արտասահմանցին այլեւս չդիմանալով այդ ամբողջին՝ սիգարետ է հանում ու փորձում է ծխել։ Սակայն մնացածը նրան միասին հրահանգում են. «Քաղաքացի՛, մեզ մոտ՝ Սովետական Միությունում, վերելակում չեն ծխում»։ Ամեն դեպքում, ես ափսոսում եմ, որ գտնվելով ոչ հավասարակշիռ վիճակում՝ գնացել էի ՊՆ։ – Անընդհատ ասում եք, թե այս ամենի մասին խոսելու ժամանակը կգա։ Ինչո՞վ եք պայմանավորում խոսելը։ – Չեմ կարող կիսատ խոսել եւ ինչ-որ բաներ չասել։ Երբ որ զգամ, թե եկել է ժամանակը եւ կարելի է ամեն ինչ բաց, մինչեւ վերջ ասել… կարծում եմ, դա կլինի շուտով, համենայնդեպս, այս տարի։ – Իսկ ի՞նչն է այժմ խոչընդոտում բաց խոսելուն։ – Մի շարք հանգամանքներ։ Բայց սա ավելի շատ իմ որոշումն է։ – Սպասում եք դատավարությա՞նը։ – Ո՛չ։ – Ե՞րբ զգացիք, որ կասկածյալների մեջ եք եւ որ Ձեզ ձերբակալելու մտադրություն կա։ – Նման լուրեր էին պտտվում եւ դա, այսպես ասած, հոգեբանական ճնշման մի ձեւ էր։ Այդ գործով զբաղվողներից որեւէ մեկն իրականում կասկածներ չուներ ո՛չ սկզբում, ո՛չ էլ վերջում։ Դրանք կասկածների իմիտացիա էին ընդամենը։ Իրականում բոլորը գիտեին, որ ես ոչ մի կապ չունեմ այդ ամենի հետ։ – Բավական պատասխանատու հայտարարություն եք անում։ Ուրեմն, վստահ եք, թե նախաքննությունը վարողներն ի սկզբանե կասկածներ չունեի՞ն Ձեր նկատմամբ։ – Ես միայն քննչական խմբի մասին չեմ խոսում։ Ուղղակի ասեմ, թե հիմա էլ հակառակ ծայրահեղությունը չպիտի լինի։ Չէի ցանկանա, որ ո՛չ որեւէ մեկը խուսափեր պատասխանատվությունից, ո՛չ էլ որ որեւէ մեկին դարձնեին քավության նոխազ։ Այդ պատճառով էլ առայժմ չեմ պատասխանի այս հարցին։ – Ակնարկը կարելի՞ է այսպես հասկանալ, թե չարժե քավության նոխազ դարձնել քննչական խմբին, երբ նրանք ինչ-որ ուժերի ազդեցության ներքո էին գործում։ – Պարզ է, որ իմ այնտեղ հայտնվելը եւ այս պատմությանը խառնելն անձամբ իմ դեմ չէր ուղղված։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ինչ-որ մեկն ուղղորդում էր քննչական խմբին՝ չեմ կարող ասել, թե ինչ-որ առանձին մեկը կա՞ր, թե՞ չկար։ Բայց որ ինչ-որ մի խումբ ուղղորդում եւ կոորդինացնում էր կեղծիքը՝ այո՛։ Բայց հիմա չէի ցանկանա ասել ավելին։ – Ներքի՞ն ուժեր էին, թե՞ արտաքին։ – Գուցե արտաքին որոշ օգնությամբ, բայց ներքին ուժեր էին։ Անուններ տալ հարկավոր չէ՝ ես հիմա չեմ որոշակիացնի։ – Պնդում եք, թե սա անձամբ Ձեր դեմ չէր ուղղված եւ քաղաքական հարցեր լուծելու միջոց էր։ Ակնարկում եք, թե այսպիսով փորձ էր արվում պետական հեղաշրջման կազմակերպման մեղադրանք ուղղել Ռոբերտ Քոչարյանին։ Ձեզ համար այդ հարցը պատասխան ունի՞, թե ինչու պիտի սլաքը միանգամից իր կողմը չուղղեին, այլ ինչ-որ միջանկյալ օղակներ պիտի փորձեին գտնել։ – Նորից եմ ասում, որ այդ մասին չէի ցանկանա հիմա խոսել։ Ուղղակի ասեմ, որ այդպիսի հարց արծարծելը, թե նախագահը կարող էր այս ամենին կապ ունենալ՝ ոմանց կողմից արդեն անբարոյականություն եմ համարում եւ սրբապղծություն զոհվածների հիշատակի նկատմամբ։ – Ձեր կարծիքով սակայն, ինչի՞ հետեւանք էր, որ բոլորովին էլ անբարոյական կամ անհեթեթ չթվացին այն կասկածները, թե Ռոբերտ Քոչարյանը կարող էր առնչություն ունենալ այդ ամենին։ Կասկածի սերմերը, թե կատարվածն առնվազն նրա լուռ համաձայնության հետեւանք էր, ինչո՞ւ ընկան այդչափ բարեբեր հողի մեջ։ – Գուցե կգա ժամանակը, երբ այդ մասին էլ պետք կլինի խոսել։ Ուղղակի որոշ մարդիկ անընդհատ աշխատում էին կեղծ տպավորություն ստեղծել, թե իբր հակասություններ կան Ռոբերտ Քոչարյանի եւ Վազգեն Սարգսյանի միջեւ։ Շատ մոտ լինելով երկուսին էլ եւ լավ իմանալով նրանց փոխհարաբերությունները՝ ուզում եմ եւս մեկ անգամ եւ ընդմիշտ ասել. այդ ամենը սո՛ւտ էր եւ ինչ-ինչ քաղաքական նպատակներ հետապնդող անձանց կողմից էր անընդհատ թեժացվում ու փորձ արվում թունավորել մթնոլորտը։ – Այսինքն, Դուք ժխտո՞ւմ եք ներքաղաքական կյանքում մինչեւ հոկտեմբերի 27-ն առկա այն իրողությունը, որ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի դիրքերը խիստ հզորացել էին՝ ի հակակշիռ Ռոբերտ Քոչարյանի դիրքերի։ – Այո՛, ժխտում եմ։ Մինչեւ հոկտեմբերի 27-ը Հայաստանում իդեալական պատկեր էր ստեղծվել, երբ կային երեք խոշոր անհատականություններ։ Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի միջեւ կար փոխըմբռնում բոլոր գլխավոր՝ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին հարցերում։ Իսկ աշխատանքային խնդիրներ կարող էին լինել ոչ միայն նախագահի եւ վարչապետի միջեւ, այլ նաեւ վարչապետի եւ ԱԺ նախագահի ու մնացած բոլոր պաշտոնյաների միջեւ։ Ռոբերտ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանն ընկերներ էին եւ խրամատի ընկերներ։ Չի կարելի նման ընկերությունը թունավորել սրբապիղծ խոսակցություններով։ Հոկտեմբերի 27-ից հետո – Արդյոք ԱԱՆ մեկուսարանի աշխատակիցները բարդույթներ չունեի՞ն Ռոբերտ Քոչարյանի բարձրաստիճան մերձավորներից մեկի նկատմամբ սովորական կալանավորի պես վարվելու համար։ – Այնտեղ երեւի վարժվել են բարձրաստիճան պաշտոնյաներ տեսնել։ – Առերես հարցաքննությունների ընթացքում Նաիրի Հունանյանը պնդո՞ւմ էր Ձեր վերաբերյալ ցուցմունքները։ – Առաջին առերեսումը չի կարելի լուրջ ընդունել, երբ նա իմ դեմ կեղծ ցուցմունքներ տվեց։ Նույնիսկ քրեական գործը կարդալով շատ բան հասկանալի կդառնա, թե ինչ է կատարվել իրականում։ Նաեւ չեմ մոռանում, թե ինչ վիճակում էր գտնվում նա։ Միայն ասեմ, որ այդ առաջին առերեսման ժամանակ նա ոչ մի անգամ ոչ միայն աչքերիս, այլ ընդհանրապես իմ կողմն էլ չի նայել։ Եվ վստահ ձայնով էլ ոչինչ չի ասել։ Ուղղակի կարդում էին նրա մինչ այդ տված ցուցմունքները եւ հարցնում, թե պնդո՞ւմ է դրանք։ Նա գետնին նայելով ասում էր «այո՛»։ Ընդ որում, հարցը մի քանի անգամ կրկնում էին՝ նոր էր պատասխանում։ Քննիչը, որ մինչ այդ բավական ագրեսիվ էր իրեն պահում իմ նկատմամբ, առերեսումից հետո անսպասելիորեն փոխվեց։ Ռուսերեն ասաց. «ճՑՏ-ՑՏ վպ ՍսպՌՑր255»։ Նա ներկա չէր եղել, երբ Նաիրի Հունանյանը ցուցմունքներ էր տվել իմ դեմ, միայն կարդացել էր եւ առերեսումից ստացած իր տպավորությունն էր, թե ամեն ինչ կեղծ է։ Նրա նկատմամբ նման մի զրպարտության փորձ էր եղել եւ այդ առերեսումը նմանեցրեց իր հետ կատարվածին. «Ինձ համար ամեն ինչ պարզ է, պրն Հարությունյան, եւ գտնում եմ, որ Ձեր մասով անիմաստ է շարունակել քննությունը»։ Սա մինչեւ դեկտեմբերի 15-ը՝ իմ կալանավորվելն էր։ Այդ զրույցից հետո անսպասելիորեն տեղափոխեցին այդ քննիչին եւ նա այլեւս չաշխատեց ինձ հետ։ – Իսկ հետագա առերեսումների կամ քննչական փորձարարության ժամանակ, երբ դեմ առ դեմ կամ կողք կողքի էիք հայտնվում, ինչպե՞ս էր իրեն պահում Նաիրի Հունանյանը։ – Նա շատ վախեցած էր. քննչական փորձարարության ժամանակ ուղղակի ասաց, թե իրեն ստիպել են կեղծ ցուցմունք տալ իմ եւ նախագահի դեմ։ Չասաց, թե կոնկրետ ով էր ստիպում։ Երբ նրան ասացի, որ ինձ չի հետաքրքրում, թե իրեն ստիպել են կամ ոչ, ես ինչո՞ւ պիտի իր կեղծ ցուցմունքների պատճառով հայտնվեմ այդտեղ՝ պատասխանեց. «Եկել՝ ինձնի՞ց ես արդարություն պահանջում»: – Մեկուսարանում համոզվա՞ծ էիք, թե երբեւէ կարող եք ապացուցել սեփական անմեղությունը։ – Իմ անմեղությունն ապացուցելու կարիք չկար։ Իմ պաշտպան Ռուբեն Սահակյանն ինձ ասել էր, որ եթե ինչ-որ կասկած ունենար, թե ես իսկապես ինչ-որ կերպ խառնված եմ այդ ամենին՝ չէր համաձայնի ինձ պաշտպանել։ Ռուբեն Սահակյանը շատ կարճ ժամանակ անց ոչ միայն հասկացավ, թե ինչ է կատարվել, այլ նաեւ ասաց, թե որեւէ խնդիր չունեմ ապացուցելու իմ անմեղությունը։ Բարեբախտաբար շատ լավ պաշտպան ունեի։ – Ի դեպ, երբ Պարույր Հայրիկյանի հանձնաժողովը Ձեզ հանդիպել էր մեկուսարանում, հետո մի տվյալ փոխանցեց, որ հարցադրումների տեղիք տվեց։ Ասել էիք, թե Ձեր նկատմամբ բռնություն գործադրողները դիմակավորված անձինք էին, բայց եւ համոզմունք էիք արտահայտել, թե նրանք ԱԱՆ-ի աշխատակիցներ չէին։ Թերթերից մեկը գրեց՝ մի՞թե Ալեքսան Հարությունյանը ճանաչում է ԱԱՆ-ի բոլոր աշխատակիցներին, անգամ եթե նրանք դիմակավորված են։ – Նախ, ես երբեք նման հայտարարություն չեմ արել։ Խոսքը երեւի թե իմ պաշտպանի ասածի մասին է։ Նա էլ ոչ թե ասել էր, թե ԱԱՆ-ի աշխատակիցներ չեն, այլ, որ ԱԱՆ-ի մեկուսարանի այդ օրվա հերթապահության աշխատակիցներ չեն։ Ինչ վերաբերում է նրան, թե այնտեղ ինչ էր կատարվել՝ սա նորից այն հարցերի մեջ է, որոնց մասին կխոսեմ հետո։ Առայժմ միայն կասեմ, որ դա ոչ այնքան բռնություն էր, որքան վախեցնելու, հոգեբանական ճնշում գործադրելու, շանտաժի փորձ։ Բայց չարժե թուլեքի մասին այդքան խոսել։ – Ապրիլի վերջին, թե մայիսի սկզբին առերես հարցաքննության ժամանակ Նաիրի Հունանյանը հրաժարվեց Ձեր վերաբերյալ տված ցուցմունքներից։ Ինչպե՞ս եղավ դա։ – Կարճ ասեմ՝ եւ իմ, եւ բոլորի համար դա մի քիչ անսպասելի էր։ Սովորական առերեսում էր՝ մի քանի հարցերի շուրջ իբր եղած հակասությունների մասին։ Նա հանկարծ կանգնեց եւ ասաց, թե հայտարարություն ունի անելու… Մեկ տարի անց – Ձեր կարծիքով, եթե ներիշխանական ուժերի հարաբերակցությունը չփոխվեր եւ Ռոբերտ Քոչարյանը դարձյալ չուժեղացներ իր դիրքերը, Ձեր հետագա ճակատագրում լավ փաստաբան ունենալը որեւէ դեր կխաղա՞ր։ – Չեմ կարծում, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքերով էր պայմանավորված այս գործընթացը։ Մի անգամ հունվարին, թե փետրվարին իմ պաշտպանն ինձ ասաց. «Եթե հեղաշրջում լինի եւ Հայաստանի նախագահը նույնիսկ Բուդոն դառնա՝ միեւնույն է՝ չեն կարող քո վրա գործ սարքել։ Այնքան ակնհայտ է ամեն ինչ»։ – Այդ դեպքում շրջադարձն ինչի՞ հետ էր կապված։ – Սա գրպանահատություն կամ նման մի գործ չէր, որ հնարավոր լիներ պլանավորել եւ անմեղ մարդկանց վրա գործ սարքել։ Դա ոչ միայն հասարակությունը չէր ընդունի, այլ նաեւ զոհվածների հոգիներն ու Աստված թույլ չէին տա։ Հակառակի վերաբերյալ շատ մեծ ցանկության պարագայում անգամ ստիպված եղան բարձրաձայն խոստովանել, որ ես կատարվածին որեւէ առնչություն չունեմ։ – Հանրահայտ է, որ քաղաքական հնչեղություն ունեցող քննությունները երբեւէ չեն ընթանում առանց իշխանական օղակների ներգործության։ Ըստ այդմ, արդյոք միայն քննչական խմբի նախաձեռնությո՞ւնն էր, թե՞ վերեւների հրահանգի արդյունք, որ նաեւ Ձեր մասով քրեական գործը կարճվեց մինչեւ նախաքննության ավարտը։ – Այսինքն, նաեւ իմ մասով գործը պիտի հասներ դատարա՞ն։ Մի քանի անգամ կարդացել եմ մամուլում, որ ճիշտ կլիներ, եթե մեր անմեղությունն ապացուցվեր դատարանում։ Նման բան ասողներին խորհուրդ կտայի՝ իրենց էլ որպես մեղադրյալ թող տանեն դատարան եւ այնտեղ ապացուցեն իրենց անմեղությունը։ Ես ճիշտ այնքան կապ ունեի այդ ամենի հետ, ինչքան այդպես ասողները։ …Ես, իհարկե, այդ մասին երբեք չեմ խոսում, բայց այդ վիճակում հայտնված մարդը կարիք է զգում, որ իրենից այդ ամենի համար ներողություն խնդրեն ոչ միայն նրանք, ում պատճառով է դա եղել, այլեւ հասարակության ավելի լայն շերտերը։ Ասածս բառացի չհասկանաք, բայց բոլորի մոտ այդ ներքին պահանջը եւ ցանկությունը մնում ու չեն արտահայտվում։ Պատկերացրեք, հանկարծ փողոցից մի մարդու բռնեն-տանեն, ինչ է թե կյանքում մեկ-երկու անգամ հանդիպել է մեկ ուրիշին, որը սպանություններ է կատարել։ Եվ մեղադրեն դրդելու մեջ ու ասեն, թե պիտի դատարանում արդարանաս, որ կապ չունես։ Մոտավորապես նման բան է կատարվել։ – Ձեր կարծիքով, հասարակությունն այժմ կասկածներ չունի՞ Ձեր անմեղության վերաբերյալ, ուստի կարելի է եւ ներողությո՞ւն ակնկալել։ – Դեռ երբ մեկուսարանում էի, նաեւ մամուլից ստացած տեղեկատվությունն ապացույց էր, որ հասարակությունը գիտե, թե իրականում ինչ է կատարվում։ Իհարկե, եթե արդեն անունդ կեղտոտել են՝ ինչ-որ մարդկանց մոտ կասկածներ միշտ էլ կմնան, մանավանդ, եթե դրանք թեժացվում են։ Իմ կարծիքով, դատավարության ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա։ Բայց հույսս միայն դրա հետ չեմ կապում՝ ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը։ Ամենավատն, իհարկե, այդպես ապրելն է։ Ես շատ վախենում էի հենց դրանից, որ ամբողջ կյանքում այդ կասկածներն ուղեկցելու են ինձ, բայց հիմա համոզվում եմ, որ այդպես չի լինելու։ Դրա համար էլ այս հարցում լավատես եմ։ – Ի դեպ, ոչ միայն ներողամտություն հայցել, այլ նաեւ շատ դժվար էլ է բացասական վերաբերմունք չունենալ (մինչ այդ բավական չեզոք տրամադրվածության պայմաններում), հոկտեմբերի 27-ի գործով այն նախկին մեղադրյալների նկատմամբ, ովքեր ազդարարում են, թե Նաիրի Հունանյանն ընդամենը մի գիշեր է լարվածության մեջ պահել երկիրը, կամ որ զոհվածների հարազատները հետապնդում են քաղաքական նպատակներ։ Արդյոք անբարոյական չե՞ն նման հայտարարությունները։ – Շատ դժվար է հասկանալ այդ նախկին մեղադրյալներին։ Բայց պետք է փորձել հասկանալ։ Պետք է հասկանալ նաեւ զոհվածների հարազատների վիճակը։ Ուղղակի պետք է պարզվեն բոլոր հանգամանքները, որ անմեղ մարդիկ եւ զոհվածների հարազատները կարողանան պարզ նայել իրար աչքերի մեջ։ Այդ պարագայում այլեւս չեն լինի նման երկկողմանի հայտարարություններ։ – Իսկ ազատ արձակվելուց հետո առիթ ունեցե՞լ եք դեմ առ դեմ հանդիպել զոհվածների հարազատներից որեւէ մեկին։ Եթե այո, ինչպե՞ս են նրանք վերաբերվում Ձեզ։ – Չեմ հանդիպել։ Գրեթե չեմ հանդիպել։ Ինձ համար ամենադժվարն այս պատմության մեջ այն էր, որ հոկտեմբերի 27-ին սպանվեց նաեւ Վազգեն Սարգսյանը։ Շատ վաղուց էինք իրար ճանաչում եւ ես ինձ շատ մոտ մարդ եմ համարել նրան։ Եվ առաջին հերթին սա նկատի ունեի, երբ խոսում էի կասկածների եւ նման բաների մասին։ Նման սրբապիղծ կասկածները ողջ կյանքում ինձ հանգիստ չեն տալու։ – Ինչպես եւ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, Դուք է՞լ եք կարծում, որ մի խումբ ռոմանտիկներ էին Նաիրի Հունանյանի հանցախմբում։ Ձեր կարծիքով, այդ հնգյակը լիովին ինքնուրո՞ւյն էր գործում, թե՞ նրանց գործողություններն ուղղորդված ու ծրագրավորված էին։ – Չեմ կարող ասել, թե այդ մասին իմ կարծիքը վերջնական ձեւավորված է։ Ուղղակի, եթե նույնիսկ այդպես է, նախ պետք է խոսել ոչ թե ռոմանտիկների, այլ ֆանատիկ ծայրահեղականների մասին։ Բայց թե այդ հնգյակի ետեւում ուժ կա՞ր, թե՞ ոչ՝ երեւի պետք էր մի քիչ այլ մթնոլորտ եւ այլ տեսակի վերաբերմունք այս ամենին, որպեսզի կարողանայի այժմ պատասխանել այդ հարցին։ Հիմա ինչ էլ պատասխանեմ՝ սուբյեկտիվ կընկալվի։ – Այժմ առավել արծարծվում է այն վարկածը, թե գուցե կատարվածը արտաքին հետախուզական ծառայությունների կողմից ծրագրված գործողություն էր։ Լո՞ւրջ եք համարում այս տարբերակը։ – Այն, ինչ ասում են որոշ գործիչներ տարբեր երկրների հետախուզությունների առնչությամբ՝ լուրջ չեմ համարում։ Բայց նաեւ չեմ բացառում, որ եթե ոչ մինչեւ հոկտեմբերի 27-ը, ապա գոնե դրանից հետո այս ամբողջ պատմության հետ ինչ-ինչ արտաքին ուժեր առնչություններ ունեցել են։ – Հատկապես ո՞ր արտաքին ուժերը՝ արեւելքի, արեւմուտքի… – Ես ինձ չեմ դասում այն մարդկանց, առավել եւս գործիչների շարքը, ովքեր կարող են սենյակում հանգիստ նստած կամ փողոցով քայլելիս չապացուցված ու չպատճառաբանված հայտարարություններ օդ կրակել։ Ի վերջո, մանավանդ, եթե քաղաքականությամբ ես զբաղվում, պիտի պատասխանատու լինես քո ասածների համար։ – Բացառո՞ւմ եք տեղական ուժերի շահագրգռվածությունը կատարվածով։ – Չեմ կարող ասել, թե շահագրգիռներ եղե՞լ են։ Կրկնեմ, որ չեմ ցանկանում ձեռքը գլխիս տակ դրած կարծիքներ ու եզրակացություններ հայտնել։ Դա անհեթեթ ու վտանգավոր զբաղմունք եմ համարում։ – Բայց ի տարբերություն շատ շատերի, Դուք ծանոթ եք գործի նյութերին եւ պիտի որ որոշակի կարծիք ունենայիք այդ հարցի վերաբերյալ։ – Այն մասով, որ ծանոթ եմ գործին, չի կարելի նման եզրակացություններ անել։ – Հայտնի է, որ Նաիրի Բադալյանը մտադիր է քրեական պատասխանատվության կանչել իրեն ապօրինի կալանավորելու եւ զրպարտելու համար։ Դուք նման մտադրություն ունե՞ք։ – Նախ, դեռ վերջնական կարծիք չունեմ, թե ովքե՞ր են դրանք եւ մինչեւ ո՞ւր է հասնում։ Իսկ ինձ զրպարտել է միայն մի հոգի՝ նրան պատասխանատվության կանչելու խնդիրը, բնականաբար, անհեթեթ է։ Նաիրի Հունանյանից բացի՝ ինձ որեւէ մեկը չի զրպարտել, եթե չհաշվենք գործի հետ քիչ կապ ունեցող մի քանի փոքր զրպարտություններ։ Փոփոխությունների ժամանակը – Ի՞նչ փոխեց կատարվածը Ձեզ համար մարդկային փոխհարաբերությունների իմաստով։ – Ես հասկացա, որ ամենադժվար վիճակում էլ լինում են մարդիկ, որ մենակ չեն թողնում։ Բայց այսքան շատ նախկին ընկերներ ես երբեք չեմ ունեցել։ – Երբ դեռ նախագահի աշխատակազմի ղեկավարն ու անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատարն էիք՝ Ձեզ հսկայական ազդեցություն էր վերագրվում կադրային քաղաքականության մեջ։ Իսկ ինչպե՞ս պահեցին իրենց Ձեր առաջ մղած կադրերը, երբ հայտնվեցիք նեղության մեջ։ – Ի տարբերություն տարածված տեսակետի՝ ես շատ քիչ ազդեցություն ունեի կադրային քաղաքականության վրա։ Իսկ այն հարցերում, որտեղ իմ կարծիքը հարցրել են, գրեթե բոլոր այդ մարդիկ իմ կողքին էին։ – Բայց պատմում էին, թե որոշ նախարարներ Ձեր որպիսությամբ հետաքրքրվել են միայն այն օրը, երբ պիտի հրապարակվեր Անդրանիկ Մարգարյանի կառավարության կազմը։ Մինչ այդ պահը զգուշանում էին։ – Նման եւ ավելի վատ բաներ էլ են եղել։ Չեմ որոշակիացնի, քանի որ այդ մարդկանց մեծ մասի նկարագիրը հայտնի է անկախ նրանից, թե ես ինչ կասեմ։ – ՀՀԿ-ն, որի խորհրդի անդամն եք, հայտարարում էր, թե չի միջամտելու Ձեր ճակատագրին եւ դա նախաքննության մարմնի գործն է։ – Բնականաբար, այդպիսին պիտի լիներ հայտարարությունը։ Նախաքննության գործերին որեւէ կուսակցություն ի՞նչ իրավունքով պիտի խառնվեր։ ՀՀԿ-ն նաեւ հարգել է իմ անմեղության կանխավարկածը։ Եվ այդ պատճառով է, որ մնացի ՀՀԿ խորհրդի անդամ։ Կուսակցության եւ նրա ղեկավարության մեջ կային մարդիկ, որոնց աջակցությունը ես միշտ զգացել եմ։ – Գարնանը դեռեւս միայն ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանին նյարդայնացնում էր, երբ հեռուստատեսությամբ անգամ Սպիվակովի՝ ի պաշտպանություն Ձեզ հայտարարությունն էին հաղորդում։ Այժմ, եթե աշխատանքի բնույթով շփումներ եք ունենում վարչապետի հետ՝ բարդույթներ չե՞ն առաջանում։ – Նախ, «Միասնության» հայտարարության շրջանը շատ ծանր էր։ Եվ այդ ժամանակ ասված շատ խոսքերի պետք է մի քիչ ներողամտությամբ վերաբերվել։ Ես գրեթե շփումներ չեմ ունենում վարչապետի հետ՝ աշխատանքի բնույթն է այդպիսին։ Իսկ հանդիպելուց էլ որեւէ լարվածություն չկա։ – Իսկ զինդատախազի հետ նո՞ւյնպես չեք շփվում։ – Պատահում է, որ հանդիպում ենք։ – Արդյոք փոփոխություններ չե՞ն կրել Ռոբերտ Քոչարյանի հետ Ձեր հարաբերությունները։ Մասնավորապես, ՊՆ-ի միջադեպը որեւէ անդրադարձ ունեցա՞վ փոխհարաբերությունների վրա։ – Եթե նախագահի հետ հարաբերությունները փոխվում են՝ այդ մարդիկ ուղղակի այլեւս չեն աշխատում այստեղ։ – Ռոբերտ Քոչարյանը փաստորեն չընդունեց արտաքին քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնից Ձեր հրաժարականը։ Բայց գոնե հեռուստախցիկների առջեւ Դուք չեք երեւում որեւէ հանդիպման կամ ընդունելության ժամանակ, որտեղ ի պաշտոնե Ձեր ներկայությունը պիտի որ ենթադրելի լիներ։ Դո՞ւք եք խուսափում, գերադասում եք չգրգռե՞լ, թե՞… – Այս պաշտոնում ես կատարում եմ այն հանձնարարությունները, որ տալիս է նախագահը եւ իրականացնում այն խնդիրները, որ պաշտոնի բերումով պարտավոր եմ։ Իսկ եթե ինչ-որ տեղեր չեմ երեւում… իմ նախկին պաշտոնում էլ, երբ ստիպված էի անընդհատ երեւալ հեռուստախցիկի առջեւ, այդ ժամանակ էլ էի շատ քիչ երեւում։ Եվ պարտադիր չէ, որ հանկարծ հիմա սկսեմ շատ երեւալ։ Գրգռելու խնդիր չկա՝ այսպես ավելի ճիշտ եմ գտնում։ – Առաջիկայում կսկսվի հոկտեմբերի 27-ի գործի դատաքննությունը։ Դուք որեւէ կերպ, ասենք, պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցով, մտադիր չե՞ք հանդես գալ։ – Այս պահին՝ ոչ։ Եթե ես սպասում եմ էլ հոկտեմբերի 27-ի դատավարությանը, ապա այնքան, ինչքան մեր հասարակության յուրաքանչյուր անդամ։ – Ի վերջո, ամենակարեւոր հարցերից մեկն է, թե ինչպե՞ս հնարավոր դարձավ հոկտեմբերի 27-ը։ Արդյոք այս կարգի հանցագործության պարագայում, չե՞ք կարծում, թե պատասխանատու պիտի համարվեն երկրի նախագահը, ԱԱՆ եւ ՆԳՆ նախարարները, գուցե նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ թեկուզ այն չկանխելու համար։ – Քանի որ Հայաստանում հնարավոր եղավ նման բան ՝ ցանկացած քաղաքացի պիտի պատասխանատվություն զգա, որ իր երկրում հնարավոր են նման բաներ։ Ինչ վերաբերում է որոշակի պաշտոնյաներին՝ չի կարելի խնդիրներն այդպես դիտարկել։ Նման հարցեր արծարծում են նաեւ այն մարդիկ, ովքեր հետապնդում են բոլորովին այլ նպատակներ։ Ես մտածում եմ, թե երեւի պիտի բոլորս մի քիչ այլ կերպ ապրենք, որ մեր երկրում այլեւս հնարավոր չլինեն նման ողբերգություններ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել