Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ

Հոկտեմբեր 18,2000 00:00

ՊՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Դեռեւս մի քանի տարի առաջ գեներալ Մանվել Գրիգորյանը սեփականաշնորհել էր Գորիսի «Տաթեւ» առողջարանային համալիրը։ Այստեղ է նախընտրել գեներալը վերականգնել իր առողջությունը նաեւ այս օրերին (ըստ մեր ինֆորմացիայի՝ այսօր նա պատրաստվում է վերադառնալ)։ Մանվել Գրիգորյանի անվտանգությունն ապահովելու նպատակով դեպի Տաթեւ գնացող ճանապարհին պետավտոտեսուչները պոստ են դրել եւ այդտեղով անցնող բոլոր ավտոմեքենաների վարորդներից հետաքրքրվում են, թե ուր են գնում եւ ինչ նպատակով։ Ստուգվում են անգամ նախրապանները։ «Սատանի կամուրջի» մոտ առողջարար տաք ջրի աղբյուր կա եւ լողավազան, ուր լողում (կամ լողանում) է գեներալ Մանվե՛լը միայն եւ ոչ այլ ոք. նրա՝ ջրային պրոցեդուրաներ ընդունելու ընթացքում այլ ներկաներ չկան՝ արգելված է։ Հետաքրքիր է, որ «Տաթեւ» առողջարանում այս օրերին իրենց վաստակած հանգիստն են անցկացնում նաեւ Վազգեն Սարգսյանի մայր տիկին Գրետան եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մայրը։ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27172ԻՆ ԸՆԴԱՌԱՋ Հայաստանի ազգային ռադիոն այլեւս պահպանվում է «Էլ դու սուս» մակարդակով։ Անմիջապես մուտքի մոտ հարմարեցրել են մի մետաղորսիչ սարք, որով ստուգում են յուրաքանչյուր «ռադիոականի» հագուկապի եւ մարմնի մեջ մետաղի առկայությունը։ Տիկնանց եւ օրիորդների պայուսակներն առանձին ստուգման են ենթարկվում։ Գրպանները ստուգելու կամ անձնական խուզարկության դեպքեր առայժմ չեն գրանցվել։ Տեսնես ի՞նչ են փորձում հայտնաբերել հարգարժան ոստիկանները խեղճուկրակ ռադիոականների մոտ՝ հունիս ամսվա աշխատավարձի մնացորդնե՞րը, թե՞ Նաիրի Հունանյանից վաղուց առգրավված զենք172զինամթերքը։ 27-Ի ՆՅՈՒԹԵՐԻՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԴԵՌ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ Հոկտեմբերի 27-ի գործով տուժածների կամ, որ ավելի ճիշտ է ասել, նրանց իրավահաջորդների փաստաբանները դեռեւս չեն հասցրել գործի նյութերին ողջ ծավալով ծանոթանալ։ Փաստաբան Արամ Կարախանյանը, որ պաշտպանում է ԱԺ նախկին փոխխոսնակ Ռուբեն Միրոյանի շահերը, ասաց, թե իրենց կպահանջվի եւս մի քանի օր եւ, հավանաբար, հոկտեմբերի վերջին գործը կարող է դատարան մտնել։ Ա.Կարախանյանը հարկ համարեց նշել նաեւ, որ մամուլում հայտնված տեղեկությունները՝ 27-ի գործի դատաքննությունը լսող դատավորների հավանական ցանկի մասին, անհեթեթ են, քանի դեռ միջնորդություններն արված չեն եւ մեղադրական եզրակացությունը հրապարակված չէ։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նախկին մեղադրյալներ Ալեքսան Հարությունյանի, Հարություն Հարությունյանի, Նաիրի Բադալյանի եւ Մուշեղ Մովսիսյանի տված եւ նրանց վերաբերող ցուցմունքները ներառվա՞ծ են գործի նյութերում, պարոն Կարախանյանն ասաց՝ «մասամբ»։ ՉԳԻՏԵՍ՝ ԼԱ՞Ս, ԹԵ՞ ԽՆԴԱՍ Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից հետո «սպարապետ» բառը, որով, ըստ էության, բնութագրվում է հայոց բանակի հիմնադիրներից մեկը՝ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը, այսօր շատ է շրջանառվում տեղին կամ, որ ցավալի է, անտեղի։ Եվ այս բառի տակ են ոմանք հաճախ թաքցնում իրենց չեղած պատիվն ու արժանապատվությունը, թերեւս, նաեւ ցույց տալու համար, թե ինչպե՜ս էին նվիրված ու ինչպե՜ս էին սիրում Վ.Սարգսյանին։ Բայց ավելի քան զավեշտական է, երբ «սպարապետ» բառն անգիտակցաբար դառնում է ԵԿՄ-ի մայր ռադիոկապի ազդականչ։ «Սպարապետ այսինչին»։ «Սպարապե՛տ, արա՛, սպարապե՛տ…»։ Ռադիոկապի մյուս կողմից լսվում է գինովցած կամ դյուրագրգիռ ձայն՝ «Սպարապետն ա, ի՞նչ ա էղել, արա՛»։ Այս երկխոսությունից, թերեւս, չես հասկանա՝ տվյալ դեպքում սա հարգանքի՞ նշան է, թե՞… Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել