Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու է տխուր կատակերգակը

Հոկտեմբեր 17,2000 00:00
boris pepanyan

Լրանում է արդի հայ թատրոնի դերասան Բորիս Պեպանյանի ծննդյան 50 եւ ստեղծագործական գործունեության 30-ամյակը։

– Տարիներ առաջ, Արմեն Էլբակյանի «Ամենափրկիչ ջրհեղեղը» բեմադրության մեջ, վերապրելով դերասան Արամի դառը ճակատագիրը, կարո՞ղ էիք երեւակայել, թե հաջորդ տարիներին ինքներդ՝ ձեր հերոսի նման, ստիպված կլինեք հաղթահարել կենցաղային ճղճիմ հոգսերը։

– Միանգամայն իրավացի եք։ Ես գտնում եմ, որ այս վերջին 10 տարիները փաստորեն չեմ ապրել, ինչպես եւ շատ արվեստագետներ։ Նկատե՞լ եք, ինչպիսի համատարած խենթություն է հայտնվել մարդկանց աչքերում, աղքատության եզրին հասած մարդիկ ապրում են մի հոգեվիճակ, երբ իսկապես կարելի է կորցնել հոգեկան հավասարակշռությունը։ Բոլորս էլ, ասես, մուրացկաններ դարձած լինենք՝ թե՛ ուղիղ, թե՛ անուղղակի իմաստով։ Համոզված չեմ, թե մեր պետությունն այնքան աղքատ է, որ չի կարողանում կերակրել այս հողի վրա մնացած մի բուռ ժողովրդին։ Միջոցներ կան, սակայն դրանք օգտագործվում են ոչ խելամտորեն։ Փոխանակ աղետի գոտում բնակարաններ կառուցելու, եկեղեցիներ են կառուցում։ Բավական չէ՞ եկեղեցիներ կառուցել սոված երկրում։ Բաժանեք այդ գումարը աղքատներին, որ սովից չմեռնեն, դա, կարծում եմ, քրիստոնյային առավել վայել կլինի։ Ի՞նչ է սա, խրախճա՞նք ժանտախտի ժամանակ։

– Հանրահայտ ճշմարտություն է՝ աղքատ երկրում երբեք արվեստը չի ծաղկում։ Անցած 10-12 տարիներին գլուխգործոցներ այդպես էլ չծնվեցին, բաղձալի «անսահմանափակ» ազատությունը չտվեց խոստացված բուռն զարթոնքը։ Սակայն, հակառակ պետության, ըստ էության, հակամշակութային քաղաքականության, հատկապես կենսունակ է թատրոնը…

– Թատրոնը կա եւ միշտ կլինի, մեր թատրոնը հազարամյակների պատմություն ունի, տրադիցիաներ եւ չի կարող մեկ-երկու տասնամյակում իսպառ վերանալ։ Դժբախտաբար թատրոնի ճակատագիրը տնօրինում են կատարյալ տհասներ, մարդիկ, որոնք թատրոն տանող ճանապարհն էլ չգիտեն։

– Այժմ պարարտ հող է ստեղծված համատարած միջակության, գորշության անարգել գոյության համար։ «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»…

– Թատրոնը ունակ է իր ներկա սուղ հնարավորություններով մասամբ կասեցնել մատաղ սերնդի հոգեւոր դեգրադացման պրոցեսը։ Երբեմն, երբ տեսնում եմ, թե ինչպես խորն է երիտասարդ հանդիսատեսը ընկալում բեմական գործողությունը, ազդվում դրանից, հանկարծակիի եմ գալիս ու սրպապնդվում՝ ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ, ուրեմն դեռ կարելի է փրկել մեր երիտասարդների հոգիները վերջնական կործանումից։

– Ասենք, մեր երիտասարդների հոգիները ինչ-որ հրաշքով դեռ կարելի է փրկել վերջնական կործանումից, սակայն թատրո՛նը, ինչպե՞ս կարելի է փրկել թատրոնը իր ներկա խղճուկ գոյությունից, ինչպե՞ս կարելի է թատրոնի նվիրյալներին հանել սոցիալական ծանր կացությունից։

– Զարմանալի մի բան պետք է ասեմ. մեր թատրոնի համար շատ ավելի հեշտ եղավ դիմագրավել 90-ականների սկզբների հովհարային անջատումների օրերի անսովոր ու անմարդկային դժվարությունները, քան այսօր։ Այդ տարիների մեր քիչ թե շատ մարդավայել կեցության համար հիմնականում երախտապարտ ենք Արիստակես (Արես) Մարգարյանին։ Ոչ մի պրեմիերա բաց չէր թողնում, ավելին՝ օգնում էր, որ նոր բեմադրություններ արվեն ու դրանց պրեմիերաները մեզ համար իսկական տոնի վերածվեն։

– Այսօր հատուկենտ մեկենասների, հովանավորների հույսով թատրոն չես պահի եւ ոչ էլ մշակույթ։ Թատրոնին հարկավոր է պետական լուրջ հոգատարություն։ Չի կարող գոյատեւել մի երկիր, որի արվեստը հոգեվարք է ապրում նյութական դժվարությունների, պետական այրերի անտարբերության, դիլետանտության պատճառով։

– Ցավոք, լավատեսության հիմքեր չեն մնում։ Եվ դա սարսափելի է։ Ո՞ւր պիտի հասնենք այս ճանապարհով։ Ես վախենում եմ իմ երեխաների ապագայի համար, ի՞նչ է սպասում նրանց։

– Ի՞նչ հեռանկար եք տեսնում հարազատ թատրոնի համար։

– Կոմեդիայի թատրոնը սկսում է իր կոչումին անհամապատասխան գործեր ձեռնարկել՝ դրամատիկական, ողբերգական նույնիսկ։ Երաժշտական կոմեդիաների սուր պակաս կա։ Այդ ժանրը չպետք է կորցնել, համոզված եմ, ժողովուրդը կարիք ունի օպերետների, ինքս էլ կարոտել եմ, եւ քանի դեռ տարիներն ինձ չեն հաղթել, հույս ունեմ իսկապես երաժշտական կատակերգություններում հանդես գալու։

– Ինչպիսին կցանկանայիք տեսնել դերասաների հաջորդ սերնդին, որո՞նք են դերասանի կայացման հիմնական պայմանները։

– Դերասանը պետք է նրբանկատ լինի, բազմակողմանի զարգացած, կարողանա դուրս գալ նեղ ազգային, կենցաղային շրջանակներից, տիրապետել լեզուների, որպեսզի պիեսները բնագրով կարդա, իսկ մենք ալարկոտ ենք, չենք սիրում սովորել, փոքրանում, մանրանում ենք նույնիսկ ընտանիքում։ Դերասանի ինտելեկտը, ներքին կուլտուրան ակնհայտ է դառնում բեմի վրա, ցանկացած դերակատարման ժամանակ։ Ինձ զայրացնում է, երբ դերասանը բեմ է դուրս գալիս հուշարարի հույսով։ Եթե պատահել է մոռացել եմ տեքստը, ըստ իրավիճակի, ըստ թեմայի իմպրովիզի եմ գնացել…

Բայց ամենակարեւորը՝ դերասանը պետք է քաջություն ունենա ժամանակին հեռանալ բեմից կամ գոնե փոքր դերեր ձեռնարկել։

Զրուցեց թատերագետ

ՆՎԱՐԴ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031