Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 17,2000 00:00

OՐԵՆՔԸ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է, ԲԱՅՑ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՉԿԱՆ Կրթության համակարգին մոտ մարդիկ լավ են հիշում 1993 թվականը, երբ հախուռն փակվեցին հանրապետության բոլոր ռուսական դպրոցները։ Անխտիր՝ բոլորը, որովհետեւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջն էր։ Իսկ թե հետագայում այդ ամենը ինչի էր հանգեցնելու՝ ոչ ոքի չէր հետաքրքրում։ Որպես սրտի մխիթարանք, այդ դպրոցներում թողեցին միայն ռուսերեն ուսուցմամբ դասարաններ՝ ազգային փոքրամասնությունների երեխաների համար։ Թափով էր արշավը։ Փոփոխության ենթարկվեցին ծրագրերը, պակասեցցին դասաժամերը։ Եվ այդ ամենը ծայրահեղ ձեւով։ Այդ է պատճառը, որ այսօր նախկին ռուսական դպրոցներում բավականին շատ են հոգսերը, որոնք էլ խանգարում են ուսումնադաստիարակչական աշխատանքների համակողմանի իրականացմանը։ Մինչեւ ռուսական դպրոցների նկատմամբ հայտնի վերաբերմունքի ձեւավորումը՝ Վանաձորում գործել է նման երկու դպրոց՝ թիվ 8 եւ 11։ Այսօր մեկն է՝ թիվ 8-ը, որի տնօրեն Ռազմիկ Չարչյանը զրույցի հենց սկզբում խոսեց ավելի մեծ չափեր ընդունող տարագրությունից։ Եվ դրական արտահայտվեց 1997թ. Մոսկվայում բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին ստորագրված միջպետական պայմանագրի վերաբերյալ, որի արդյունքում արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում գործում է ռուսերենով խորացված ուսուցմամբ 16 դպրոց (8-ը՝ Երեւանում եւ 8-ը՝ մարզերում)։ Իրենցը միակն է Լոռու մարզում։ Եթե նախկինում յուրաքանչյուրից ունեին 4-5 դասարան, այժմ՝ ընդամենը մեկական։ – Առաջին պրոբլեմը ծրագրերի եւ դասագրքերի հարցն է,- ասաց նա,- իսկ դրանցով զբաղվող չկա։ Ստացվել է այնպես, որ ամբողջ ծանրությունը մնացել է ծնողների վրա։ Նրանք Ռուսաստանի ծանոթ-բարեկամների միջոցով փորձում են հայթայթել դասագրքերը, որը ոչ բոլորին է հաջողվում։ < Սակայն դա հարցի լուծում չէ։ Ի դեպ, ՌԴ-ում բոլոր առարկաներից դասագրքերը այլընտրանքային են։ Մոսկվայում միայն չորրորդ դասարանի մաթեմատիկայի 4-5 տարբեր հեղինակների դասագիրք կա։ Ամեն հեղինակ իր մեթոդն ու մոտեցումն ունի։ Ասենք թե դպրոցում ուսուցիչը կազմել է Մակարիչեւի դասագրքին համապատասխան ծրագիր, բայց աշակերտները դասագրքեր են ձեռք բերել Կրասնոդարի, Սանկտ Պետերբուրգի իրենց ծանոթ-բարեկամներից։ Եվ հեղինակներն էլ ուրիշ են։ Կա թեմաների, դրանց տրամադրված ժամերի տարբերություն։ Ուսուցչի համար ստեղծվում է անելանելի վիճակ։ Կան խիստ անհրաժեշտ թեմաներ, որ բացակայում են ընդհանրապես։ Ի՞նչ անի ուսուցիչը։ Այդ դեպքում նա ամբողջ դասաժամի ընթացքում աշակերտներին թելադրում է նոր նյութը։ Այլ միջոց եւ ելք չունի։ Իսկ այդ դեպքում նախորդ նյութի յուրացումը ստուգելու, գնահատելու մասին խոսք լինել չի կարող։ Այսօր գործող օրենքով դրսից եկած երեխան մեկ տարի պարտադիր կարգով պետք է նստի ռուսական դասարանում եւ սովորի հայկական տառերը։ Ասենք՝ սովորեց։ Մեկ տարի հետո նա, էլի ըստ օրենքի, դառնում է հայկական դասարանի աշակերտ։ Միայն հայերեն տառերը սովորելով՝ հնարավոր չէ հայոց լեզուն, գրականությունը, կենսաբանությունը, աշխարհագրությունը եւ մյուս առարկաները լիարժեք յուրացնել։ Դա ժամանակի վատնում է։ Եվ այդ պարագայում անիմաստ է խոր ու կայուն գիտելիքներ ակնկալել։ Սրանք հարցեր են, որոնք շուտափույթ ուղղելու, կարգավորելու կարիք են զգում։ Զրուցակցիս կարծիքով, «Եվրոպական լեզուներ- 2001» ծրագրի պահանջը հաշվի առնելով, չպետք է սահմանափակում դրվի ծնողների միջեւ. երկո՞ւսն են այլազգի, թե՞ մեկը։ Ինչի համար։ Չպետք է անընդհատ մատնացույց անել օրենքը, այն վերանայման կարիք ունի։ Նա նաեւ նշեց, որ այս տարի իրենց դպրոցի 32 շրջանավարտ ընդունվել է բուհ։ Նրանցից 3-ը՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան։ Իսկ Երեւանի բժշկական համալսարան ընդունված 5-ից 3-ը, ժողտնտեսության ինստիտուտ ընդունված 2-ը եւ ԵՊՀ ընդունված 2-ը՝ եղել են ռուսական դասարաններից։ Հաճախ թվերը ավելի խոսուն են։ Ավելացնենք նաեւ, որ «Դպրոցը երեխաների համար սիրելի օջախ դարձնելու» նոմինացիայի դափնին ԿԳ նախարարությունն այս տարի շնորհել է Ռ. Չարչյանին։ Դա պարտավորեցնող է եւ տնօրենն ուզում է, որ ուսուցիչն ու աշակերտը ոչ մի հոգս չունենան եւ լիարժեք պայմաններ ստեղծվեն դպրոցում։ Ժամանակին ռուսամետությունը բավականին մեծ էր եւ ոչ ոք դա չի կարող ժխտել։ Այդ կարծիքին է Երեւանի թիվ 176 միջնակարգ դպրոցի տնօրեն Ե. Ազարյանը։ Ժամանակին աշխատելով ԿԳ նախարարությունում, ապա Շահումյանի ժողկրթբաժնում՝ ռուսաց լեզվի ուսուցման դրվածքին մեծ ուշադրություն են դարձրել եւ ուսումնասիրությունների զգալի մասը նվիրված է եղել հենց այդ հարցին։ Սակայն որոշում կայացվեց այդ դպրոցների փակման մասին, եւ մենք մեկ ծայրահեղությունից ընկանք մյուսի մեջ։ Թող չթվա, թե հայերենի ուսուցման որակի շեշտակի աճ է նկատվում։ Չնչին է այդ տեղաշարժը։ Ռուսերենի նկատմամբ բացասական վերաբերմունքը հասցրեց նրան, որ բուհ ընդունվածների զգալի մասը «կաղում» է ռուսաց լեզվից, որովհետեւ գիտական գրականության զգալի մասը ռուսերենով է։ Այս ուսումնական տարում այդ դպրոցն ունի 54 դասարան։ Դրանցից 18-ը ռուսերենի խորացված ուսուցմամբ են։ Այսօր ծնողներն առավելություն են տալիս անգլերենին։ Դա էլ մեկ այլ հոգս ու ցավ է։ Նրանք ավելի հեռու են գնում՝ Ամերիկա, օվկիանոսից այն կողմ, հիմնականում՝ ընդմիշտ։ - Ազգայինը պետք է,- ասաց տիկին Ե. Ազարյանը,- իսկ ինչո՞ւ ռուսերենը պետք չէ։ Ի՞նչ է պատահել՝ պարսկականը, թուրքականը, վրացականը, իսպանականը խիստ կարեւոր են, ռուսականը՝ ոչ։ Չպետք է ժխտել, որ ռուսական թեքումով դպրոցներում մակարդակը միշտ էլ բարձր է եղել։ Տնօրենն ավելացրեց, որ ՌԴ-ի հայկական դպրոցները Հայաստանից ճիշտ ժամանակին ստանում են անհրաժեշտ բոլոր դասագրքերը, իսկ մենք՝ ոչ։ - Համաձայն եմ վանաձորցի իմ գործընկերոջ հետ,- ավելացրեց Ե. Ազարյանը,- մենք էլ ենք հայթայթում, բայց դա հարցի լուծում չէ։ Այս դպրոցում խորացված դասարաններում օտար լեզուն, մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան, կենսաբանություն պարապող ուսուցիչները դասերն անցկացնում են երկու լեզվով։ Գուցե մտածեն նրանց համար առանձին դրույք սահմանելու մասին, որովհետեւ դա շատ դժվար աշխատանք է։ Երկու տնօրեններն էլ այն կարծիքին են, որ նման դպրոցների այսօրվա եւ գալիքի հոգսերը կարող են լուծել Հայաստանում ՌԴ դեսպանությունը, ՀՀ կառավարությունը եւ ԿԳ նախարարությունը։ Գործին հավանական է կօգնի նաեւ ԱՊՀ երկրների միասնական կրթական տարածքի ձեւավորման պայմանագիրը։ ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել