Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 17,2000 00:00

Տեղական արտադրությունը մեր խելքի բանը չէ «Մեզ էլ աճուրդի հանեն, պարտքը չի փակվի»,-ասում են «Պոմպեր» ԲԲԸ-ի բանվորները, որոնք աշխատավարձ չեն ստացել 1997 թվի մայիս ամսից։ Այդ ընթացքում ԲԲԸ-ի երեք նախագահ է փոխվել, որոնք գոնե աշխատավարձ վճարել խոստացել են։ 1998-ին աշխատողների բողոքից հետո ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայությունից եկել, ստուգել են եւ դրա արդյունքում «Պոմպերը»… նոր նախագահի է արժանացել։ Դրանից ե՛ւ առաջ, ե՛ւ հետո գործարանն աշխատել է ընդհատումներով։ Այդ ընթացքում ինչ որ հաջողվել է արտադրել եւ իրացնել, գնացել է «պետության գրպանը»՝ հարկերի տեսքով։ Ի դեպ, հայտնի չէ՝ թե ինչ տեսքով եւ ում, բայց հաստատ ոչ պետության, գրպանն են գնացել 1995-ին գործարանի սեփականաշնորհումից հետո բազմաթիվ հաստոցների, սարքավորումների, մետաղի ջարդոնի եւ տրանսպորտային միջոցների վաճառքից ստացված գումարները։ Գործիքային արտադրամասի խառատ Հենրիկ Զաքյանը պատմում է, որ այդ վաճառված հաստոցները ծրագրավորման են եղել։ Այժմ այդ հաստոցների աշխատանքը կատարում են հատային հաստոցները, որոնց արտադրանքը, բանվորների պնդմամբ, որակյալ չի ստացվում։ Այդուհանդերձ, հիմա բավական քանակությամբ պատրաստի արտադրանք կա, բայց «Պոմպերի» նախագահ Գագիկ Առաքելյանն ասաց, որ հարմար չեն գտնում այն այժմ իրացնել. գումարները միեւնույն է, գնալու են պետությանը։ Սա էլ այն պատճառով, որ գործարանի հաշվի վրա կալանք է դրված եւ ստացվող ցանկացած գումար գործարանին չի հասնելու։ Ժամանակին 580 մլն դրամով սեփականաշնորհված գործարանն այժմ ունի 500 մլն դրամից ավելի պարտք՝ թե պետությանը, թե իր աշխատողներին՝ հարկերի եւ աշխատավարձի տեսքով։ Թե ինչպես պետք է լուծվի այս ռեբուսը, այնքան էլ պարզ չէ։ Պրն Առաքելյանն ասաց, որ հարցը կառավարության հետ քննարկվում է։ Բայց այս հանգամանքը առանձնապես լավատեսություն չի ներշնչում. պրն Առաքելյանը հայտնեց, որ կառավարությունից գործարանի սեփականատիրոջը առաջարկում են գումարներ ներդնել եւ հիմնարկն աշխատեցնել։ «Ես միլիոնատեր չեմ, բայց եթե ունենայի էլ, չէի ներդնի,- ասաց Գ.Առաքելյանը,- չէի ներդնի, որովհետեւ գործարանի ապագան չեմ տեսնում»։ Ուրեմն ինչպե՞ս կվարվի կառավարությունը։ «Ինչպե՞ս։ Կամ այսպես կթողնեն, կամ կվաճառեն ուրիշին»։-ասաց պրն Առաքելյանը։ Հետաքրքիր է, թե ում կարող է գայթակղել պարտքերի մեջ խրված ձեռնարկությունը, եթե անգամ սեփականատերը նպատակահարմար չի գտնում այնտեղ ներդրումներ կատարել։ Մի ելք գործարանի աշխատողներն առաջարկում են. ժամանակավորապես սառեցնել հին պարտքերը, գործարանին թույլ տալ աշխատել եւ արտադրանք տալ, որով այն կկարողանա վճարել ե՛ւ աշխատավարձը, ե՛ւ հարկերը։ Բայց դե մեր կառավարությունը շատ արդար եւ ազնիվ է, այնքան, որ չի կարող հարկային արտոնություններ տալ մի՝ այն էլ ոչ պետական ձեռնարկության։ Ինչ խոսք, արդար լինելը շատ լավ բան է, անպայման պետք է տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմաններ ստեղծել, այդպես պայծառ ապագան էլ սարերի հետեւում չի թվում։ Բայց, ասենք թե, տեղական մի արտադրողի հախից էլ եկան, վաղը հավե՞ս են ունենալու Արշակ Սադոյանից լսելու, որ մազութը պոմպերով են «զակուսկա» անում։ Գոնե իրենց ականջների մասին մտածեն։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել