Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 17,2000 00:00

ՌՈՒՍՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՎԱՐՈՒՄ Վերջերս կրկին աշխուժացել են ԱՊՀ տարածքում մաքսային խորհրդի վերջնական ձեւավորման եւ Հայաստանի անդամակցության մասին խոսակցությունները։ Խնդրի առնչությամբ ուշագրավ մոտեցում ունի ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը։ – Պրն Խաչատրյան, մեզ կրկին առաջարկվել է անդամակցել ԱՊՀ մաքսային խորհրդին, բայց պրոցեսը կանգ է առել ինչ-ինչ բարդությունների պատճառով։ Արդյո՞ք մեզ նորից Արեւմուտք-Ռուսաստան երկվությունն է խանգարում, թե՞ առկա են ոչ ձեռնտու պայմաններ։ – Կոնկրետ ես հարցի առնչությամբ չեմ բանակցել, բայց քանի որ ԱՊՀ երկրների տնտեսության եւ ֆինանսական հարցերի գծով հանձնաժողովի նախագահն եմ, առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու։ Մենք պրոբլեմ չունենք այդ խորհրդին անդամակցելու հարցում, սակայն չպետք է մոռանալ, որ ՌԴ-ի հետ չունենք ընդհանուր սահման։ – Դուք նկատի ունեք այն, որ մաքսային ազատ գոտին ընդհանուր սահմանի դեպքո՞ւմ է էֆեկտիվ գործում։ – Այո, եթե դա ինչ-որ առումով հեշտ է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի համար, մեր դեպքում լուրջ հետեւանքի կարող է հանգեցնել։ Ի՞նչ է նշանակում ազատ մաքսային գոտի. դա նշանակում է թույլ տալ առանց մաքսատուրքի այդ երկրների միջեւ բեռներ տեղափոխվի։ Բայց մենք միացել ենք ազատ շուկայական գոտուն եւ գուցե Առեւտրի համաշխարհային միությանն անդամակցելու ժամանակ ինչ-ինչ խնդիրներ ծագեն։ – Մաքսային խորհուրդ ստեղծելու միտքը կարծես Ռուսաստանինն էր, սակայն հենց նա էլ խոչընդոտում է խորհրդի ձեւավորմանը՝ եւ նալին, եւ մեխին խփելով։ Այն երկրները, որոնք արդեն համաձայնել են, ազատ մաքսային գոտում չեն հարաբերվում։ Ինչո՞ւ։ – Առաջինը, կարծեմ 93-ին, թե 94-ին, այս միտքը ՌԴ-ն առաջարկեց եւ հենց ինքն էլ չստորագրեց՝ պատճառաբանելով Ուկրաինայի հապաղումը։ Հիմա էլ նորից ՌԴ-ն չի ստորագրում, քանի որ մտածում է, թե լուրջ կորուստներ կկրի գազի, նավթի արտահանման դեպքում։ Ինչ-որ տեղ էլ դա է պատճառը, որ մեր եւ ՌԴ-ի ապրանքաշրջանառությունը կիսով չափ նվազել է եւ թող Ռուսաստան-Բելառուս դաշինքի պաշտպանները լուրջ հույսեր չփայփայեն այդ երկրի հետ կապված։ – Ո՞րն է Ռուսաստանի երկակի ստանդարտ վարելու պատճառը։ Ինչո՞ւ ընդամենը մի փոքր առաջ մաքսային խորհրդի հարց է առաջ բերվում եւ միաժամանակ թանկացվում են գազի եւ նավթի արտահանման համար սահմանված դրույքաչափերը։ – Չեմ կարող հիմա լուրջ դատողություններ անել, դա իրենց խնդիրն է։ Ես կարող եմ խոսել մեր շահերի մասին եւ ասել, որ ոչ մի օգուտ չենք կարող ունենալ այդ անդամակցությունից, ավելին՝ կօգնենք, որ Վրաստանը շահող կողմ դառնա։ – Ինչպե՞ս, չե՞ք մանրամասնի։ – Շատ պարզ։ Մենք ՌԴ-ի հետ, էլի եմ կրկնում, սահման չունենք, ապրանքը միեւնույն է, գալու է Վրաստան, մենք այնտեղ այդ ապրանքի համար վը-ճա-րե-լու ենք։ Էլ ի՞նչ ազատ գոտի եւ ի՞նչ օգուտների մասին կարելի է խոսել։ – Բայց դուք միայն ցամաքային բեռնափոխադրումների մասին եք խոսում, իսկ օդայի՞նը։ – Դա, իրոք, կարող էր լուրջ խթան հանդիսանալ մեր տնտեսության համար, բայց հաշվի առեք, որ ընդհանուր 22% կազմող ապրանքաշրջանառության շատ փոքր մասն է ինքնաթիռով մտնում Հայաստանի Հանրապետություն։ Վերջապես, անգամ այդ դեպքում է պետք զգուշանալ, քանի որ մեզ մոտ մտնող բոլոր ապրանքները կարող են գալ Ռուսաստանից կամ ռուսականի անվան տակ, բնականաբար, չմաքսազերծվել, քանի որ մաքսային ազատ գոտի կլինի եւ արդյունքում՝ ընդհանրապես կփլվի պետբյուջե ասածը։ Իսկ քաղաքական խնդիրներ կամ արեւմտյան ճնշում, ընդգծում եմ՝ չկա։ – Կարո՞ղ ենք հետեւաբար, հաստատել, որ հարցը շահարկում են բոլոր այն պնդումները, թե մեզ չեն ընդունում խորհրդի անդամ, որովհետեւ պատճառն, ասենք՝ լիակատար մաքսային օրենք չունենալն է։ – Մաքուր շահարկում է, քանի որ կոնկրետ այս խնդրում բոլոր մյուս երկրները ավելի են շահագրգռված մեզ ընդունելու հարցում, քան մենք՝ անդամակցելու։ Ի՞նչ է եղել, իրենք օգտվելու են, մենք՝ վնասվելո՞ւ։ ԳՈՀԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել