Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ «ՊԱՅԹԵՑ»

Հոկտեմբեր 17,2000 00:00
Ekm

Եթե չբացահայտվեն հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները, երկրապահները արյունոտ այդ իրադարձությունից հետո համարյա թե սպառնում էին հրապարակներում ինքնահրկիզվել, խարակիրի անել։ Նույնիսկ մի անեկդոտ են պատմում, թե երբ երկրապահները մի ինքնահրկիզվողի էլ ՀԺԿ-ի իրենց դաշնակիցներից են պահանջել, վերջիններս առաջարկել են… Արմեն Խաչատրյանին։

Ինքնասպանության քաջություն չունեցող երկրապահներն էլ կուլիսներում խոստանում էին անձնական հաշվեհարդար տեսնել հոկտեմբերի 27-ի պոտենցիալ կազմակերպիչների հետ։ Այլեւայլ սպառնալիքների շարքում նաեւ ինչ-ինչ հրաժարականներ պահանջվեցին։ Եվ ո՞ւր են այսօր այդ երկրապահները, երբ հոկտեմբերի 27-ի նախաքննությունը համարյա տապալված է, իրենց առաջնորդի՝ Վազգեն Սարգսյանի համարյա բոլոր զինակիցները պաշտոնանկ են արված։

Իհարկե, հետո պաշտոնների արժանացան այլ «արժանավորներ»։ Չտեսությունից եւ իրենց անձի կարեւորության գիտակցումից նրանք անմիջապես ստանձնեցին «իրենց համար լացող» պաշտոնական աթոռները։ Իսկ հոկտեմբերի 27-ից հետո եւ գեներալ Մանվելի պաշտպանության փոխնախարար նշանակվելուց առաջ միակ կազմակերպությունը, որը բարոյական լուրջ հավակնություն ուներ քաղաքական ուժ եւ գործոն դառնալու, թերեւս «Երկրապահ» կամավորականների միությունն էր։ Թվում էր, թե կիսառազմականացած, զինված այս կազմակերպությունը իր մեջ քաջություն կգտներ՝ դառնալ իրադրության տերը, փորձել որպես պահանջատեր ներկայանալ հոկտեմբերի 27-ի գործին։

Սկզբում ամեն ինչ այդպես էլ թվում էր. երկրապահների կողմից հնչում էին հոկտեմբերի 27-ի պոտենցիալ մեղավորների անուններ. դրանց մեջ էին անգամ նախագահ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անունները։ Թշնամանքն ու վրեժի ծարավը իր գագաթնակետին հասավ անցած տարվա դեկտեմբերի 3-ին կայացած ԵԿՄ 4-րդ համագումարում, ուր մասնավորապես Ալբերտ Բազեյանն այն կարծիքն էր հայտնել, թե «Դեռեւս վաղ է խոսել այն մասին, թե վերացված են հեղաշրջման փորձի հետեւանքները կամ որ երկրում ստեղծվել են պայմաններ՝ նոր դեպքերից խուսափելու համար»։ Ամպագորգոռ էին երկրապահների ելույթները. ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը համոզում էր, թե իրենք չեն հանդուրժի որեւէ անհետեւողականություն հոկտեմբերի 27-ի բացահայտման գործում. «Հակառակ դեպքում, հանցագործության չբացահայտմամբ շահագրգիռ կողմն ինքը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից։ Եվ այդ դեպքում մեր պոռթկումը կարող է դուրս գալ կազմակերպված հունից (՞), քանի որ Վազգեն Սարգսյանը հենց ինքն էր հանդիսանում գերլարված քաղաքական իրավիճակներում մեզ զսպող գործոնը»։ Իրականում քաջ ու համարձակ այդ ելույթները ինքնալուծարման վախից եւ մտավոր ոչ շատ բարձր կարողություն ունենալու գիտակցությունից էին։ Վազգեն Սարգսյանից հետո ԵԿՄ-ն, ինչպես Դեմիրճյանից եւ Սարգսյանից հետո՝ «Միասնությունը», դատապարտված էին։

Հետաքրքիր էր ԵԿՄ 4-րդ համագումարում արդեն վարչապետ դարձած Անդրանիկ Մարգարյանի արտահայտած այն միտքը, թե «Տարբեր ուժերի կողմից հարձակումներ են սկսվել քննությունը ղեկավարող դատախազի եւ քննչական խմբի դեմ՝ գործի սկզբում արդեն իսկ ստեղծելով անվստահության մթնոլորտ»։ Նման մթնոլորտն այսօր չնկատելու համար պրն Մարգարյանին պարզապես պետք էր հավատացնել, թե իր արժանիքները ո՛չ հանրապետականները, ո՛չ ՀԺԿ-ն, ո՛չ էլ երկրապահները ի զորու չեն ընկալել. նա ծնվել է վարչապետ դառնալու համար։ Դա նրա ականջին շշնջաց նախագահ Քոչարյանը եւ Արամ Սարգսյանին փոխարինեց Անդրանիկ Մարգարյանով։

Ի դեպ, երկրապահները Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանին սատարելու, նրան պաշտպանելու, նրա շուրջը համախմբվելու համարյա երդում էին տվել ԵԿՄ չորրորդ համագումարի բանաձեւում. «ԵԿՄ-ն նեցուկ է լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Արամ Սարգսյանին եւ «Միասնություն» դաշինքին՝ իրականացնելու Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի գաղափարներն ու Դաշինքի ծրագրերը»։ Չհիմնավորված լավատեսական եւ հավակնոտ էր հատկապես բանաձեւի վերջաբանը. «Աշխատելու ենք եւ գործելու ենք Վազգեն Սպարապետի պես, հետեւաբար, հաստատակամ եւ խրոխտ հայտարարում ենք. այո՛, 21-րդ դարը մերն է լինելու»։ Պատմության հետագա ընթացքը ցույց տվեց, որ նրանք չպաշտպանեցին ո՛չ Արամ Սարգսյանին, ո՛չ, առավել եւս, «Միասնություն» դաշինքի ծրագրերը։ Իսկ 21-րդ դարի մասին ասվածը միայն գլուխգովություն էր. ԵԿՄ գրասենյակը պայթեց նրանց այդպես էլ չկայացած հայտարարությունից հետո։ Դա 20-րդ դարի վերջն էր։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031