Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 17,2000 00:00

Վարք պատգամավորաց Ըստ ամենայնի, ԱԺ առաջիկա եռօրյան կհասցնի լսել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը։ Մինչ այդ վատ չէր լինի որոշ առաջարկներ կատարել։ Մանրազնին ուսումնասիրելով այսօր գործող կանոնակարգը եւ երկրորդ ընթերցման ներկայացվող օրենքի նախագիծը, ափսոսանքով նկատեցինք, որ ոչ առաջինում, ոչ էլ երկրորդում ոչ մի տող չկա այն մասին, թե պատգամավորները ինչպես պետք է իրենց պահեն ԱԺ մտնելիս, դուրս գալիս, ինչպես նաեւ՝ խորհրդարանի միջանցքներում։ Հաշվի առնելով այսօրվա խորհրդարանի մեծ մասամբ պպզողական, կիսաքրեական, կիսագողական պատկերը, ճիշտ կլինի, որ սեւով սպիտակի վրա ոչ միայն կանոնակարգում, այլեւ խորհրդարանի միջանցքներում գրվեն՝ մի՛ հայհոյեք, մի՛ բղավեք, մի՛ սուլեք, մի՛ կոպտեք, լրագրողների թեւերը մի՛ քաշքշեք եւ այս կարգի այլ պատվիրաններ։ Թեպետ այնքան էլ վստահ չենք, որ այս պատվիրանները որոշ պատգամավորների կարգապահ կդարձնեն, քանի որ հայտնի խոսք է՝ կուզիկին միայն գերեզմանը կուղղի։ Ցավոք, պատգամավորների վարք ու բարքի մասին ոչինչ չի նշված նաեւ երկրի Գլխավոր օրենքում։ Սահմանադրության 64 հոդվածում նշված է միայն, թե ովքեր կարող են դառնալ պատգամավոր՝ 25 տարին լրացած եւ վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Ակնհայտորեն Սահմանադրություն գրողները հաշվի չեն առել հայկական բնավորության որոշ առանձնահատկություններ։ Հակառակ դեպքում անպայման հատուկ կետ կմտցնեն որոշ մականունավոր պատգամավորների վարվեցողության կանոնների մասին։ Առաջարկում ենք՝ կանոնակարգի նախագծի երկրորդ ընթերցմանը հաշվի առնել, որ պետք է արգելել պատգամավորներին գերագնահատել սեփական եսը։ Օրինակ, երբ հերթապահ ոստիկանը ԱԺ տարածք մտնող պատգամավորին խնդրում է ցույց տալ անձը հաստատող փաստաթուղթը, վերջինս, որպես երկրի օրենսդիր ատյանի անդամ, կարգուկանոնը հարգելով, պետք է անի այդ բանը եւ ոչ թե. «Արա, դու ո՞վ ես, որ ինձ չես ճանաչում», կամ՝ «Էդ լիրբն ո՞վ ա, որ ըտենց խոսում ա, կեթաս մարդուդ հետ ըտենց կխոսաս» ժարգոնախառն խոսքերով անհարմար վիճակ ստեղծեն եւ խանգարեն հերթապահների աշխատանքը։ Ցավոք, որոշ «թաղի տղերք» նույնիսկ մեկուկես տարի պատգամավոր աշխատելուց հետո էլ «թաղի տղերք» մնացին։ 1990 թվականի Գերագույն խորհրդում էթիկայի հանձնաժողով կար։ Հանձնաժողովը միտված էր պատգամավորներին կարգի հրավիրելու, պահվածքի որոշ նորմեր սահմանելու եւ այլնի համար։ Թեպետ 90-ի Գերագույն խորհրդի համար սա այնքան էլ պարտադիր չէր, քանի որ կոմունիստական նոմենկլատուրան գերակշռում էր, իսկ նրան սովորեցնել պետք չէր, նա ինքնին «կարգապահ մասսա» էր։ ԱԺ-ի պահապան ոստիկանները հաճախ են իրենց ղեկավարությանը հարցնում՝ եթե պատգամավորը մեզ հայհոյում է կամ կոպտում, ի՞նչ պետք է անենք։ «Ժպտացեք եւ ասեք՝ շնորհակալություն»,- լինում է պատասխանը։ Նույնիսկ ԱԺ-ի ներսում որոշ պատգամավորների հետ ոչ ոք հավես չունի «գլուխ դնելու»։ Նկատի ունենալով շատերի ոչ այնքան կարգապահ անցյալը, ամբողջ կյանքում պատգամավոր աշխատած խորհրդականները փորձում են առանձնապես չշփվել «լավ տղերքի» հետ։ Բա որ իրենց էլ սկսեն հայհոյել։ Ի դեպ, չգիտես ինչու, ոմանց խիստ զայրացնում է իրենց մականունների հիշատակումը, այնպես են վրդովվում, կարծես լրագրողներն են նրանց մականունավոր դարձրել։ Ինչո՞ւ մոռանալ, որ մականունը նրանց աղջկական օժիտն է, որ իրենք իրենց հետ են բերել խորհրդարան։ Մենք, օգտագործելով մականունները, պարզապես ուզում ենք իրերը երբեմն իրենց անուններով կոչել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Եթե վարվեցողության կանոնները հնարավոր չէ խցկել ոչ ԱԺ կանոնակարգի, ոչ էլ Սահմանադրության մեջ, ավելի ճիշտ կլինի առանձին ձեռնարկ հրապարակել վարվեցողության կանոնների մասին, ստիպել, որ որոշ պատգամավորներ այն անգիր անեն եւ քննություն հանձնեն «վարվեցողության կանոնները» առարկայից։ Ո՞ւմ հանձնեն քննությունը՝ թեկուզ Արմեն Խաչատրյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել