Թվում էր, թե Ռոբերտ Քոչարյանի առաջադրման օրինականության վերաբերյալ չմարող բանավեճերից հետո այլեւս որեւէ մեկը, որ Հայաստանի քաղաքացի չէ եւ 10 տարի հաստատ այստեղ չի բնակվել՝ ձեռնպահ կմնար իր նախագահական հավակնությունների մասին ազդարարելուց։ Բայց ոչ։
Արկադի Վարդանյանը երեկ անթաքույց եւ ուղղակի ազդարարել է իր այդ մտադրությունները։ «Իհարկե կա, ես չեմ էլ թաքցնում,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է նա։- Իսկ դուք ինչպե՞ս եք կարծում, պատրաստենք, ամեն ինչ անենք, սիրուն փաթաթենք եւ ո՞ւմ տանք՝ Արշակ Սադոյանին տա՞նք։ Տա՛նք։ Պարույրին տա՞նք։ Տա՛նք»։ Արկադի Վարդանյանն իր քաղաքացիության խնդիրն այսպես է մեկնաբանել. «Ուրեմն, եթե ես հիմա դիմեմ քաղաքացիության հարցով, պարզ է, չէ՞, որ պետք է մերժվեմ, որովհետեւ մեր Սահմանադրությամբ միայն նախագահն է շնորհում քաղաքացիությունը։ Այնպես որ, նպատակահարմար չէ եւ ընդհանրապես անիմաստ է հիմա դիմելը։ Բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվի պարոն նախագահին համոզել, որ ինքն այդ պաշտոնից հրաժարվի՝ այդ դեպքում արդեն պաշտոնակատարին դիմելով, կարծում եմ, որ կստանամ Հայաստանի քաղաքացիություն»։
Ինչ վերաբերում է վերջին 10 տարվա ընթացքում մշտապես Հայաստանում բնակված լինելու վերաբերյալ նախագահի թեկնածուին ներկայացվող սահմանադրական պահանջին, պրն Վարդանյանը հուսով է. «Կարծում եմ, որ նաեւ պարոն Արշակ Սադոյանի եւ նրա համակիրների օգնությամբ կարելի էր Սահմանադրությունը շտկել։ Եվ անպայման պետք է շտկվի»։
Ա. Ի.