Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 14,2000 00:00

Վարչապետն օգոստոսի՛ց աշխատավարձ չի ստացել Ամիսներով աշխատավարձի երես չտեսնող մեր բյուջետային հիմնարկի աշխատողները դժգոհելու տեղ առհասարակ չունեն։ Նրանք չգիտեն երկար ժամանակ գումար չունենալու, սակայն բարձր տրամադրություն, կայտառ տեսք եւ կտրուկ խոսք ունենալու միջոցը։ Իսկ դա ամենեւին էլ դժվար չէ։ Ուշադիր նայեք մեր հանրապետության վարչապետին։ Ըստ կառավարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանի՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը իր վերջին աշխատավարձը ստացել է օգոստոսին։ Իսկ հիմա հոկտեմբերն է։ Այսինքն՝ պրն Մարգարյանը տուն վերջին անգամ փող է տարել ոչ ուշ, քան օգոստոսին։ Սակայն մարդը ամենեւին իր նեղվածությունը մեջտեղ չի հանում, չի փնթփնթում, չի նվնվում, չի դժգոհում ո՛չ կառավարությունից, ո՛չ նախագահից։ Ի դեպ, նախագահի մասին։ Եթե հանրապետության նախագահի աշխատակազմը պակաս բարեկիրթ եւ նրբանկատ վարքագիծ դրսեւորեր, մեզ կհաջողվեր ճշտել, թե նա՛ երբ է վերջին անգամ աշխատավարձ ստացել։ Սակայն մեր հարցին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Նախագահի աշխատակազմում ընդունված չէ նախագահից հետաքրքրվել, թե երբ է աշխատավարձ ստանում»։ Բիշքեկում մեր նախագահի չոր եւ սառը հայացքը, որն անընդհատ որսում էին OPT-ի, PTP-ի եւ HTB-ի տեսախցիկները, անիմաստ է վերագրել իր աշխատավարձի ուշացումներին։ ԱԺ կարծես թե նախագահ Արմեն Խաչատրյանի մասին էլ չենք խոսում։ Ա՛յ, ԱԺ նախագահ կդառնա Տիգրան Թորոսյանը, ամիսներով աշխատավարձ չի ստանա, կչաղանա, ու մենք բոլորս կհասկանանք՝ անսահմանափակ են մարդկային հնարավորությունները։ Մանավանդ, եթե խոսքը վերոնշյալ մարդկանց մասին է։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել