Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 14,2000 00:00

27-Ի ԴԱՏԸ ՍԿՍՎԱԾ ՊՐՈՑԵՍԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ Վերջերս Աշոտ Մանուչարյանը Ղարաբաղում ընթացող «Սամվել Բաբայան եւ մյուսներ» գործի դատաքննության ժամանակ իբրեւ վկա հանդես գալով պնդել էր, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հատուկ ծառայությունները քայքայիչ գործունեություն են ծավալել։ Ավելին, նա վստահեցրել էր, թե բավարար փաստեր կան պնդելու, որ ե՛ւ հոկտեմբերի 27-ի, ե՛ւ մարտի 22-ի ահաբեկչական գործողությունները հենց հատուկ ծառայությունների ձեռքի գործն են եղել։ Պարոն Մանուչարյանի այս հայտարարությունն, անկեղծ ասած, այնքան էլ սենսացիոն չէր, քանի որ 27-ից հետո քաղաքական ուժերից ոմանք կասկած էին հայտնել, թե կատարված ոճրագործության թիկունքին արտաքին ուժեր են կանգնած։ Ի դեպ, այս համատեքստում մատնանշվում էին ինչպես Ռուսաստանի, Իրանի, այնպես էլ արեւմտյան հատուկ ծառայությունները։ Սակայն այն, որ Ա.Մանուչարյանը հատուկ ծառայություններ ասելով կոնկրետացրել էր հատկապես ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, ինքնին ինտրիգային էր։ Բանն այն է, որ հոկտեմբերի 27-ից հետո տարբեր աղբյուրներ տեղեկացնում էին, թե ոճրագործությունից օր առաջ հանրապետությունում է եղել Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան տիկին Դը Արտինգը՝ ամուսնու ուղեկցությամբ եւ ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել նախագահ Քոչարյանի հետ։ Ողբերգության հաջորդ օրը, ըստ որոշ տեղեկությունների, նրանք վերադարձել էին Ֆրանսիա։ Հայտնի է նաեւ, որ նույն օրը Հայաստանում է եղել նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղարի տեղակալ պարոն Թելբոթը եւ նույնպես հանդիպում է ունեցել ինչպես նախագահի, այնպես էլ վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ։ Մեր այն հարցը, թե որքանո՞վ է իր հայտարարությունն առնչվում այս տեղեկությունների հետ եւ դրանցո՞վ է արդյոք պայմանավորված, պարոն Մանուչարյանը դիվանագիտորեն շրջանցեց՝ ասելով, թե հիմա չէր ցանկանա կոնկրետ հարցեր քննարկել։ Նա միաժամանակ ասաց, թե Ֆրանսիայի իշխանությունների կողմից վերջին տարիների ընթացքում Հայաստանի նկատմամբ ձեռնարկված գործողություններն իրեն մեծ ցավ են պատճառում, մինչդեռ Հայաստանը Ֆրանսիան ընկալել է իբրեւ բարեկամ երկիր։ Պարոն Մանուչարյանն իր ասելիքը չմանրամասնեց՝ հավաստիացնելով, թե առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրի եւ այս մասին ավելի մանրամասն տեղեկություններ կտա։ Հանդիպելով պարոն Մանուչարյանին՝ մենք ակնկալում էինք ճշտել, թե կա՞ն արդյոք կոնկրետ փաստեր, որոնք կարող են հաստատել իր հայտարարության ճշմարտացիությունը եւ որո՞նք են դրանք։ Ցավոք, պարոն Մանուչարյանը որեւէ նոր բան, քան ասել էր Ղարաբաղում՝ չասաց։ Նա միայն դժգոհեց. «27-ի եւ 22-ի դեպքերի առնչությամբ ես մի քանի անգամ հայտարարություն եմ արել եւ նշել այն մի շարք հանգամանքները, որոնց շուրջ անհրաժեշտ է հանգամանորեն խոսել։ Ոչ ոք առայժմ դրան չի արձագանքել։ Հոկտեմբերի 27-ից հետո արդեն տվյալներ կային եւ պարզ էր, որ կատարվածը համակարգային հարված էր։ Ակնհայտ էր նաեւ, որ դրա թիկունքում կանգնած են օտար ուժեր։ Ո՛չ 27-ի, եւ ո՛չ էլ 22-ի ահաբեկչությունների գործի նախաքննությունը ստանձնած քննչական խմբերը լրջորեն չզբաղվեցին այս հարցով»,- նշեց Ա.Մանուչարյանը։ Միաժամանակ նա ճշտեց, թե քննչական խումբն անգամ խիստ բարեխիղճ եւ ոստիկանական մեթոդներով աշխատելու դեպքում չի կարող գալ որեւէ էական եզրակացության, քանի որ այս դեպքում պահանջվում են միանգամայն այլ հմտություններ եւ այլ հարթություններում իրականացվող քննչական գործողություններ։ Ա.Մանուչարյանը վստահեցրեց, թե հիշյալ ուժերը, որոնք ամփոփվում են «հատուկ ծառայություններ» անվան տակ, եւ որոնք ծրագրել են հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, այս գործով նախաքննությունն ու դատաքննությունը եւս փորձելու են օգտագործել իրենց ծրագրերը մինչեւ վերջ իրականացնելու համար։ «Չկա 27-ի գործով դատ։ Դա լինելու է 27-ին սկիզբ դրած պրոցեսի շարունակությունը»,- վստահեցրեց պարոն Մանուչարյանը։ Թե ինչո՞ւ է նա այսպես կարծում, եւ կա՞ն արդյոք բավարար փաստարկներ նման տեսակետ հայտնելու համար, պարոն Մանուչարյանը չպատասխանեց։ Նա միայն ասաց, թե բոլոր հարցերի պատասխանները կլինեն իր ասուլիսում։ Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ քաղաքական ուժերը, ոչ էլ պետական պաշտոնյաները ոչ միայն ջանք չեն գործադրում առկա կասկածները քննարկել-փարատելու համար, այլեւ անլուրջ են վերաբերվում դրանց եւ հեգնում են 27-ի ոճրագործությունն արտաքին ուժերի հետ կապելու որեւէ, առավել եւս՝ կոնկրետ, վարկած։ Մնում է ենթադրել, թե արդյո՞ք սրա պատճառն այն չէ, որ 27-ի ահաբեկչության հետ ինչ-ինչ առնչություններ ունենալու մեջ կասկածվող պետական պաշտոնյաներն այսօր էլ իշխանության ղեկի մոտ են, եւ արդյո՞ք այս վարկածը լրջորեն քննարկելու դեպքում բացառվելու էր 27-ի, արեւմտյան երկրների հատուկ ծառայությունների եւ այդ իշխանավորների միջեւ կապերի հայտնաբերումը։ Եվ ընդհանրապես ինչո՞վ է պայմանավորված, որ իշխանություններն ու քննչական մարմինը հակված չեն այս վարկածը լրջորեն քննարկելու, առավել եւս, որ հատկապես ԱՄՆ-ի հայտնի պաշտոնյայի անվան արծարծումն այս համատեքստում գրգռում է ոչ միայն իշխանություններին, այլեւ իշխանամետ մամուլին։ «Ո՞ւմ հետ քննարկենք այս հարցը՝ հանրապետության նախագահի՞, քննչական խմբի՞, ո՞ւմ։ Քաղաքական ուժերն ու պետական այրերը երեւի շատ կարեւոր գործով են զբաղված՝ ո՞վ պետք է զբաղեցնի այս կամ այն պաշտոնը։ Այլ հարցեր նրանք ոչ մի կերպ չեն ցանկանում քննարկել։ Ես փորձելու եմ առաջիկայում եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրել այս հարցի վրա»,- ասաց պարոն Մանուչարյանը։ Վերջինիս կարծիքով՝ այն, որ այսօր դեռեւս պետական համակարգն ի վիճակի չէ արձագանքել այսօրինակ խնդրին՝ փաստ է։ «Մյուս կողմից որոշ փաստերի հրապարակումից հետո պետական եւ քաղաքական համակարգը նոր վիճակում կհայտնվի, որի պայմաններում հնարավոր կլինի այս հարցին անդրադառնալ»,- նկատեց Ա.Մանուչարյանը։ Արդյո՞ք այս վերջին նախադասությամբ պարոն Մանուչարյանն ակնարկում էր, որ ներկա իշխանությունների օրոք 27-ի գործն ըստ էության եւ ամբողջ ծավալով չի բացահայտվի՝ հավանաբար, պարզ կլինի նրա առաջիկա ասուլիսում, որ կկայանա մինչեւ հոկտեմբերի 27-ը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել