Մերգելյանի ինստիտուտում երեկ կայացած հանդիպման ժամանակ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարել է. «Ներկայիս իշխանություններն անհարմար էլ չեն զգում՝ խոսում են ՀՀՇ-ական վարչակազմի մասին։ Ես խոսեմ՝ հասկանալի է, ես էն գլխից էլ քննադատել եմ։ Բայց դրանք նույն մարդիկ են, ովքեր ՀՀՇ-ի ցուցակներում էին 1995-ին կազմելով «Հանրապետություն» դաշինքը։ Վերցրե՛ք, նայեք՝ վարչապետից սկսած։ Լա՛վ, գոնե նամուս ունենան։ Երբ իշխանության էր ՀՀՇ-ն, շատ ներողություն, մանկլավիկություն էին նրանց անում»։
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱԶԳԱՆՈՒՆ
Աշոտ Բլեյանի հեռավոր ազգականուհիներից մեկը տեղեկանալով, որ մի գիշերօթիկ դպրոցում դաստիարակի պահանջ կա՝ դիմում է աշխատանքի համար։ Բլեյան ազգանունը տեսնելով՝ տնօրենը հայտնում է, թե միայն կրթության եւ գիտության նախարարության համաձայնությամբ է կարող նրան գործի ընդունել։ Նախադպրոցական կրթության վարչության պետից համապատասխան փաստաթուղթ բերելուց հետո էլ անգամ այդ զգուշավոր տնօրենը պահանջում է նաեւ մեկ այլ վարչության համաձայնություն։
Կարդացեք նաև
ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՎՏԱՐԵԼ, ԲԱՅՑ ՉԻ ԱՆԻ
Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլլերը վերջերս հայտարարեց, որ Թուրքիայում գտնվող 30 հազար հայերին պետք է վտարել երկրից։ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական դիվանի անդամ Կարո Արմենյանի կարծիքն այս մասին. «Այդ ընտանիքները բոլորովին օրինավոր պայմաններով չէ, որ կգտնվին Թուրքիա, կրնա ըլլալ, որ այնտեղ աշխատանքի իրավունք չունին եւ կաշխատին։ Եվ Թուրքիա իրավունք ունի սկզբունքով, այդ հարցին մեջ իր օրենքը կիրարկելու»։ Բայց քանի որ Թուրքիան ուզում է Եվրախորհրդի անդամ դառնալ, այդ բանը չի անի՝ եզրակացրեց պարոն Արմենյանը։