Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 12,2000 00:00

ԽԱՂԱՏՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԿՄՆԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Երեկ երկրորդ ընթերցմամբ չընդունվեց «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքը՝ արժանանալով 42 «կողմ», 12 «դեմ» եւ 23 «ձեռնպահ» ձայների։ Պատճառն ակնհայտորեն այն էր, որ նախատեսվում էր Երեւանում արգելել կազինոները։ Ավելի ստույգ, օրինագծում այդ դրույթը ձեւակերպված էր այսպես, թե «խաղատներ եւ շահումով խաղեր չեն կարող կազմակերպվել Երեւանի վարչական սահմաններից 50 կմ եւ մարզկենտրոններից՝ 10 կմ հեռավորության վրա»։ Գործընկերուհիս նկատեց, թե այսպիսով, փաստորեն, արգելվում է միայն, ասենք, 50 կմ հեռավորության վրա կազինո բացել, իսկ ավելի մոտ եւ ավելի հեռու՝ կարելի է։ Պատգամավորները, սակայն, այսչափ նուրբ լեզվազգացողություն չունեն եւ առանձնապես նրանց փողատեր հատվածը թերեւս, որպես իրենց նկատմամբ ահաբեկչություն էր ընկալել, որ կազինոյում ժամանակ անցկացնելու համար ստիպված պիտի լինեն հասնել, ասենք, Վահագնաձոր կամ Ջերմուկ։ Եվ սա, իհարկե, պատճառներից միակը չէ։ Ամենակարեւորը լոբբինգն էր։ «Իսկապես, ես գտնում եմ, որ լոբբինգ է,- «Առավոտին» ասաց ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը։- Եվ ցավալի է, որ այդ լոբբինգը կոմունիստների կողմից է հիմնականում»։ Պարզաբանենք, որ պարոն Խաչատրյանի նման անսպասելի պնդման պատճառն այն էր, որ ՀԿԿ 8 հոգիանոց խմբակցությունից Խորեն Սարգսյանը եւ Պերճ Բոշնաղյանը «դեմ» էին օրենքին, իսկ Նորիկ Պետրոսյանն ու Գագիկ Մանուկյանն էլ չէին քվեարկել։ Խորեն Սարգսյանը հետո մեզ հայտնեց, որ իրենք կողմնակից են խաղատների ընդհանրապես արգելմանը։ Թերեւս օրինաչափ է, որ կոմունիստների երկրորդ քայլը պիտի լինի այդ բովանդակությամբ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելը։ Բայց մինչ ա՞յդ։ «Եթե կոմունիստները դեմ են խաղատներին, ինչպե՞ս կարող են դեմ լինել դրանց գործունեությունը կանոնակարգող եւ խստացնող օրենքին,- այսուհանդերձ չէր ըմբռնում Վարդան Խաչատրյանը։- Դա նշանակում է, որ նրանք գոհ կլինեն, եթե ամեն ինչ մնա նույն վիճակում»։ Իհարկե, 4 կոմունիստներն, ինչպես նաեւ «դեմ» քվեարկած դաշնակցականներ Ռուբիկ Հովսեփյանն ու Մուշեղ Միքայելյանն ընդամենը մասնիկն էին այն ուժերի, որոնց առայժմ հաջողվեց ձախողել օրենքը։ «Ձեռնպահ» ու «դեմ» քվեարկելու, ընդհանրապես չքվեարկելու միջոցով այդ արդյունքին հասան առավելապես անկախ եւ «Կայունության» փողատեր պատգամավորները, որոնցից մեկի «ղումարբազ» մականունը որեւէ տարակույսի տեղիք չէր թողնում, թե ինչ դիրքորոշում պիտի ունենար այս օրենքի նկատմամբ։ Որոշակի եզրահանգումների տեղիք է տալիս, որ նրանց այս անգամ միացան նաեւ «Օրինաց երկիրը» (որի գրեթե ամբողջ կազմը քվեարկեց «ձեռնպահ») եւ ԱԺՄ-ն։ Վերջինիս կազմից Շավարշ Քոչարյանն ու Սեմյոն Բաղդասարյանը մնացել էին «ձեռնպահ», «կողմ» էր միայն Սեյրան Ավագյանը (գուցե, ի տարբերություն իր կուսակից որոշ ընկերների՝ նա պոկեր չի՞ խաղում), մնացածը բացակա էին։ Աչքի էր զարնում հատկապես Արշակ Սադոյանի տվյալ պահի բացակայությունը. չէ որ հենց նա էր հունիսին, երբ առաջին ընթերցմամբ ընդունվեց այս օրենքը, ամբիոնից բացականչում. «Այսօրվանից ուզում եմ կոչ անել մեր գործարարներին՝ ձե՛ռք քաշեք։ Մե՛կ է, արգելվելու է, թույլ չի տալու ԱԺ-ն, որ այս Հայաստան երկիրը դառնա խաղատուն։ Դեմն առնենք այս չարիքի, որը կոչվում է վիճակախաղ, լոտո, բինգո»։ Արձանագրե՞նք, որ ԱԺ-ն կարծես բոլորովին էլ դեմ չէ, որ Հայաստանը դառնա խաղատուն։ Ի դեպ, «ձեռնպահ» էր քվեարկել նաեւ Վարդան Բոստանջյանը, որն առաջին ընթերցման ժամանակ ասում էր, թե հարկավոր է Երեւանից հանել խաղատները եւ դրանք հանգստյան գոտիներ ուղղել։ «Ձեռնպահ» էին նաեւ «ժողովրդական տրիբուն թիվ 2-ի» դափնիների եւ ԱԺ-ի աթոռի համապատասխանաբար հավակնորդ Մանուկ Գասպարյանն ու Աշոտ Գալոյանը։ «Իհարկե, կան պատգամավորներ, որոնք ունեին խաղատներ եւ պարզ էր, թե ինչպես պիտի քվեարկեն»,- Վարդան Խաչատրյանը հրաժարվեց անուններ նշել ու միայն հաստատեց, թե ինքն էլ է լսել մամուլում հրապարակված այն փաստի մասին, որ «Օրինաց երկրի» ղեկավարի եղբայրը կազինո ունի։ «Առաջին ընթերցման քննարկման ժամանակ բոլորը բոցաշունչ ելույթներ էին ունենում եւ Երեւանից խաղատները հանելու առաջարկն այդ ելույթներից էր ծնվել,- ասաց պրն Խաչատրյանը։- Իսկ այժմ այդ բոցաշունչ ելույթ ունեցողների որոշ մասը «դեմ» քվեարկեց։ Ես այն ժամանակ էլ էի ասում, որ եթե այս օրենքն արագ չանցնի, ապա ժամանակի ընթացքում շատ բաներ կփոխվեն։ Իմ կարծիքով, իհարկե, այդ բիզնեսով զբաղվողները պարապ եւ անարդյունավետ չանցկացրին այս ժամանակը։ Երեւի հասել են իրենց նպատակին»։ Այսքանով այս պատմությունը, սակայն, չի ավարտվում։ Եթե օրենքը երկրորդ ընթերցմամբ չի ընդունվում՝ առաջարկները պիտի առանձին-առանձին քննարկվեն եւ նոր դրվեն վերջնական քվեարկության։ Այ, երբ խաղատները Երեւանից հանելու առաջարկն առանձին քվեարկվի՝ արժե այդ ցուցակը հրապարակել ամբողջությամբ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել