Նոր 500-դրամանոցի վրա պատկերվածը թեեւ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է, սակայն նկարը, ճիշտն ասած, ոչ այնքան Թամանյանին է նման, որքան… Սամվել Բաբայանի փաստաբան Ժուդեքս Շաքարյանին։ Իհարկե, Մավրիկ Ղուկասյանը մեծ ցանկության դեպքում հանգիստ կարող է նոր 500-դրամանոցների տողատակում նոր դիվերսիայի սցենար տեսնել։ Սակայն դժվար թե նրա ձեռքի տակ այսքան մանր դրամներ ընկնեն…
ՈՒՄ ՀԱՇՎԻՆ Է ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՄ
Ըստ «Առավոտին» մոտ կանգնած աղբյուրի՝ Գյումրի կատարած իր վերջին այցելության ժամանակ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես իր կողմից նյութական օժանդակություն է տարել ՀՀ ներքին գործերի, դատախազության եւ արդարադատության նախարարության աշխատակիցների՝ հունիսից չվճարած աշխատավարձերը։
Կարդացեք նաև
ՔՍՈՒՔ՝ ԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ
Ազգային գրադարանին Գերմանիայի կառավարությունը գրքերի համար հատուկ նախատեսված փոշեծծիչ եւ կաշեկազմ գրքերի վերամշակման համար հատուկ քսուք է նվիրել։ Ըստ գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի, նվիրատվությունը Գերմանիային մեր վերադարձրած գրքերի պատասխանը չէ։
ԵՐԿՈՒ ՕՐԻՑ ԿՈԼԵՍՆԻԿՈՎԸ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երբ պարզվեց, որ սպիդից մեր «Արմենիկում» կլինիկական կենտրոնում բուժվող Կոլյա Կոլեսնիկովը ամենեւին էլ չի մահացել, այլ, ճիշտ ընդհակառակը, կենտրոնից հավաստիացրին, որ որպես իր կենդանության ամենախոսուն երաշխիք՝ Կոլյան սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին դարձյալ կայցելի Հայաստան՝ շարունակելու բուժումը։ Քանի որ մինչեւ օրս Կոլեսնիկովից որեւէ տեղեկություն չունեինք, նրա գալ-չգալու մասին փորձեցինք ճշտել «Արմենիկում» կլինիկայի գլխավոր տնօրեն Լեւոն Գեւորգյանից։ «Նա չէր գալիս, որովհետեւ գալու փող չուներ։ Երեկ ես փող եմ ուղարկել, եւ մի երկու-երեք օրից նա այստեղ կլինի։ Խնդրեմ, եկեք, որքան ուզում եք՝ հարցեր տվեք»։ Ահա պրն Գեւորգյանի սպառիչ պատասխանը։ Կոլյա Կոլեսնիկովը հավանաբար կժամանի իր տիկնոջ հետ։
Սեփ. լր.