Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 12,2000 00:00

«ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՎԵՐՋԻՆ ՁՈՒՆ» Գյուղացիներն ասում են՝ «Ջիպդ» ծախի՝ տուր» Ժողովուրդը կրկին եկել էր «իշխանության ոտը»։ Ցավալիորեն հաստատվեց այն ճշմարտությունը, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է այն իշխանությանը, որին ինքն է ընտրել։ Հիմա ումի՞ց է բողոքում ժողովուրդը եւ ո՞ւմ է բողոքում։ Ժողովրդի ընտրյալների համար մահացու վիրավորանք է, երբ ԱԺ մտնելու համար իրենցից փաստաթուղթ են պահանջում։ Եթե ասենք, որ ընտրությունների ժամանակ այս նույն մարդիկ վիզները ծռել էին ժողովրդի քվեն ստանալու համար, միայն կիսով չափ ճիշտ կլինենք։ Իրականում՝ դեմքներին աշխատել էին անմեղ արտահայտություն տալ, ձայնի տոնայնությունը մեղմացնել, երբեք չէին ասի. «Արա դու ո՞վ ես, ռադ ըլի ըստեղից, չափդ ճանաչի»։ Ընդհակառակը, ասում էին՝ «խնդրեմ, իհարկե կօգնեմ, էս երեք հազար դրամը վերցրու, հետո հենց որ ոտքս պառլամենտ ընկավ, էլ պրոբլեմ չես ունենա»։ Ընկել են, հետո՞։ Հետո այն, որ այլեւս իրական դեմքը քողարկելու հարկ չկա։ Հետո այն, որ ժողովուրդը եթե մի անգամ խայծը կուլ է տվել եւ ընտրակաշառք է վերցրել, ուրեմն պետք է լուռումունջ տանի իր խաչը։ Կոնկրետ փաստերի սիրահարներին առաջարկում եմ այս առաջաբանը չկարդալ։ Կարելի է սկսել այստեղից։ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի բնակիչները (մեծ մասը) արդեն ամիսներ շարունակ գալիս են մեկ նախագահի նստավայր, մեկ՝ Ազգային ժողով, գալիս են, բողոքում, որ իրենք իրենց ընտրյալ գյուղապետին են ուզում։ Գյուղացիները վստահ են, որ իրենց դժբախտությունների պատճառը մարզպետ Վ. Հերոյանն է, որը, ըստ գյուղացիների, կողմնակալություն է հանդես բերել Նոր Կեսարիայի գյուղապետի հարցում. «Գյուղապետը գյուղի կողմից ընտրված է, իսկ մարզպետը՝ նշանակովի, ուրեմն թող կառավարությունը մարզպետի հարցը լուծի»։ Նոր Կեսարիայի խնդիրներին մենք անդրադարձել ենք, ավելի մանրամասն չներկայացնենք, պարզապես ասենք, որ գյուղացիները կողմնակից են Վաչիկ Հարությունյանին։ Գյուղացիները պնդում են, որ մարզպետի բոլոր մեղադրանքները՝ ուղղված գյուղապետ Վաչիկին, անարդար են. «Մարզպետը պահանջել է վերջին ձուն ու կաշին։ Ասել է՝ պետության բյուջեն սնանկացած է, դու որպես պետության լիազորված գյուղապետ, վերջին ձուն ու կաշին պըտի բերես172մուծես բյուջե։ Վաչիկն էլ ասել է՝ գյուղացին էդ հնարավորությունը չունի, եթե բյուջեի մասին մտածում ես, ջիպերիցդ մեկը տուր բյուջեին, ճեղքվածքն էլ թող փակվի»։ Բա սա մարզպետին ասվելիք խո՞սք է, իհարկե, մի փութ մեղրով չի ուտվի։ Ինչպե՞ս մարզպետը ների աններելին։ Գյուղացի կանայք եւ տղամարդիկ միաձայն պնդում էին, թե մարզպետը Նոր Կեսարիայից պահանջում է բոլոր նախկին պարտքերը. «Էդ տղեն 0172ի վրա եկած երիտասարդ է, թողեք՝ թող աշխատի։ Ինքը՝ մարզպետը, սխալ է»։ Այսպես են կարծում գյուղացիները, իսկ ինքը՝ Արմավիրի մարզպետ Վ. Հերոյանը, հոկտեմբերի 10172ին ելույթ ունենալով մարզային «Ալտ» հեռուստատեսությամբ ասել է, որ Վաչիկ Հարությունյանի կողմնակիցների պահանջը ճիշտ չէ։ Երեկ նորկեսարցիք ուզում էին հանդիպել իրենց պատգամավոր Նահապետ Գեւորգյանին։ ԱԺ172ից մեզ հայտնեցին, որ պրն Գեւորգյանը նիստից բացակայում է, սակայն օրվա երկրորդ կեսին պրն Գեւորգյանը ԱԺ դարպասների մոտ հանդիպեց գյուղացիներին եւ շատ պատրաստակամ նրանցից երեքին հրավիրեց խորհրդարան։ Պրն Գեւորգյանի ասելով, խնդիրը բավականին բարդ է եւ ինքը իր ընտրողների հետ կհանդիպի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանին եւ կփորձեն միասնաբար հարցի լուծումը գտնել։ Վերջաբանի սիրահարները կարող են աչքի պոչով կարդալ նախաբանը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել