Խաղատների օրինագծի նկատմամբ ուժեղ լոբբինգի հետեւանքն էր դիտվում նաեւ, թե ինչու ֆինանսավարկային հանձնաժողովն առաջարկեց, որ կազինոները Երեւանից տեղափոխվեն Ջերմուկ եւ Վահագնաձոր։ Առաջինը հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանի ծննդավայրն է, իսկ երկրորդի պարագայում դեր խաղաց այդ հանձնաժողովում լոռեցի պատգամավորների առատությունը։ «Ջերմուկի վերաբերյալ առաջարկն իմը չէր,- իր հակափաստարկն «Առավոտին» ներկայացրեց Վարդան Խաչատրյանը։- Իսկ Վահագնաձորի վերաբերյալ առաջարկն իրոք վանաձորցի պատգամավորներինն էր։ Բայց դրա մեջ ոչ թե լոբբինգ կար, այլ տրամաբանություն, այսինքն, խաղատներ կազմակերպել առողջավայրերում եւ ոչ բնակավայրերում»։
ՀՈՒՅՍԸ, ԱՍՈՒՄ ԵՆ, ՏԱՐԵՎԵՐՋԻՆ Է ՄԵՌՆՈՒՄ
«Առավոտի» հարցին, թե արձանագրե՞նք, որ չի կատարվել թոշակների եւ աշխատավարձերի պարտքերը մինչեւ տարեվերջ փակելու վերաբերյալ կառավարության խոստումը, Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց. «Եթե այս տեմպերով գնանք, այո՛, շատ դժվար կլինի թոշակների պարտքը վճարել։ Բայց ես հույս ունեմ, որ ձեռնարկված միջոցառումները մեզ հնարավորություն կտան կատարել դա»։ Վարչապետը նաեւ հայտնեց, որ ամփոփվում են արդյունքները, թե սեպտեմբերին ինչպես են կատարվել կառավարության ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումները. «Եթե ոչ այս շաբաթ, մյուս շաբաթ ձեզ կտրամադրվեն ամփոփ արդյունքները»։
Կարդացեք նաև
«ԱՎՏԱՐԻՏԵՏԻ ՀԱՐՑ Ա»
ԱԺ-ի անցագրային բաժնում պատգամավոր Նահապետ Գեւորգյանը փորձում էր Նոր Կեսարիայի իր ընտրողներից երեք գյուղացու մտցնել ԱԺ։ Հերթապահ միլիցիոները քաղաքավարի պահանջեց փաստաթուղթ ներկայացնել։ Այս բանը դուր չեկավ Էջմիածնից պատգամավոր Հակոբ Հակոբյանին։ «Դու ո՞վ ես, որ ներս չես թողնում, ուրեմն դու մեզ չե՞ս ճանաչում»։ Իր հերթին Նահապետ Գեւորգյանը խիստ պոպուլիստական ելույթ ունեցավ, դիմելով հերթապահ ոստիկաններին. «Սաղ դուք եք անում, որ ժողովուրդը էս վիճակում ա, մարդիկ հարց ունեն, եկել են, չեք թողնում ներս մտնեն»։