Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 11,2000 00:00

ՉԿԱ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ՈՐԻ ՊԱՀԱՆՋԸ ՔՆՆԻՉԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՈՒ ՉԻ ՍՏԱՑԵԼ Ամբաստանվող Աշոտ Բլեյանի ճառը դատական վիճաբանությունների փուլում Սկսենք ներկա-բացակայից։ Իմ գործով դատական վիճաբանություններից հեռացված էր պաշտպանության կողմը (ամբաստանյալն ու իր պաշտպանը)։ Բարեխիղճ ու գիտակ պաշտպանից (Ռոբերտ Գրիգորյան) իմ հրաժարումը մեծամտություն չէր։ Պաշտպանն արդեն ապրիլ-մայիս ամսից բարձրաձայն տրտնջում էր, որ պարապ է, անելիք չկա։ Աղմուկը, շանտաժն ու ահաբեկումը դեռ մեղադրանք չեն։ Մեղադրանքը քրեական դատաիրավական օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացված հիմնավորումն է, որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով արգելված կոնկրետ արարքի մասին (քր. դատ. օր., հոդվ. 6, կետ 20)։ Որոշակի անձը՝ ՀՀ լուսավորության նախարար ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, «Նոր ուղի» կուսակցության ղեկավար եւ ՀՀ նախագահի 1998թ. արտահերթ ընտրությունների թեկնածու Աշոտ Բլեյանը, այս 20 հատորանոց գործի թիրախն է՝ նպատակը։ Երեւան քաղաքի դատախազությունը, առանց գործի նախաքննության, ի սկզբանե ունենալով հայտնի մեղադրյալ ինձ, մոգոնել է ու դատավոր Ի. Վարդանյանի հաստատմանը հանձնել տգիտությամբ, ապօրինությամբ ու ցինիզմով բացառիկ մեղադրական եզրակացություն՝ համոզված, որ. 1. Աշոտ Բլեյան նախարարի ու տնօրենի 1995-99թթ. ողջ գործունեությունը քրեական է, հարկ չկա կոնկրետ արարք առանձնացնելու: 2. Աշոտ Բլեյանի յուրաքանչյուր գործունեություն քրեական օրենսգրքով արգելված արարք է ու այնքան ակնհայտ, որ հիմնավորման կարիք չունի: 3. Նպատակն այնքան ազգային է ու հաճո իշխանությանն ու լայն հասարակությանը, որ միջոցների ընտրության մեջ հարկ չկա օրինականությամբ ու կարգով նեղվելու… Մեղադրանքի կողմը, հայտնի բան է, կրում է մեղադրյալի մեղքի ապացուցման պարտականությունը՝ որպես կողմ մասնակցելով մրցակցային սկզբունքով ընթացող դատավարությանը. քրեական հետապնդման մարմնից (Երեւան քաղաքի դատախազություն) բացի, մեղադրանքի կողմում են գործով տուժող ճանաչվածները, քաղաքացիական հայցվորները (սրանց ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչները)։ Վիճաբանությունների փուլին ոչ մի տուժող ու քաղհայցվոր չի մասնակցում, որովհետեւ այդպիսիք իրականում չկան։ Ողջ դատական քննության ընթացքում ես փորձում էի պարզել, թե քրեական օրենսգրքով արգելված իմ ո՞ր արարքով, ո՞ւմ (տուժող քաղաքացի, տուժող իրավաբանական անձ, տուժող Հայաստանի Հանրապետություն), որքա՞ն (դրամական չափմամբ) եւ ինչպիսի՞ (բարոյական, ֆիզիկական կամ նյութական) վնաս եմ պատճառել։ Դատական վիճաբանություններին, չնայած իմ համառ գրավոր պահանջներին, ներկա չի գտնվել ոչ մի տուժող կամ նրա ներկայացուցիչ, ոչ մի քաղաքացիական հայցվոր կամ նրա ներկայացուցիչ։ Վիճաբանությունների փուլին, ինչպես նաեւ դատական քննության ընթացքում չի ներկայացված որեւէ քաղաքացիական հայց, գույքային որեւէ պահանջ ո՛չ քաղաքացու, ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ էլ իրավաբանական անձի կողմից։ Չկա իմ հնարավոր քրեական արարքով անմիջականորեն վնաս կրած անձը (քր. դատ. օր., հոդվ. 58), չկա իմ ենթադրվող արարքով պատճառված վնասը (քր. դատ. օր., հոդվ. 6, կետ 45)։ Ասում եք՝ վիճաբանեմ։ Այո, բայց ո՞ւմ հետ, ինչի՞ մասին։ Դատական քննության ընթացքում ինը քաղաքացի՝ կրթահամալիրի ուսուցիչներ, եզակի հաղթանակ տարան՝ ճանաչել տվեցին իրենց տուժող չլինելը։ Իմ 1,5 տարվա դատական պրակտիկայում այսպիսի երկրորդ դեպք չի եղել։ Լեւոն Դռնոյան Տուժողից (քրեական գործի հարուցման իբր առիթից) մեղադրողը հրաժարվեց։ Երեք քաղաքացի մեղադրանքում կոչվում են տուժող (իրենք այդ մասին չգիտեն), գործով անհայտ են, գործում բացակայում են նրանց տուժող ճանաչելու որոշումները։ Եվս մեկ քաղաքացի-տուժող ո՛չ նախաքննությամբ, ո՛չ դատական քննությամբ հայտնաբերված չէ ու տեղեկացված չէ։ Կրթահամալիրի արհեստագործական ուսումնարանի 1995-96 ուստարվա հինգ նախկին սովորողներ, ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ, իմ որեւէ արարքով իրենց որեւէ վնաս կրած անձ չեն համարել ու չեն համարում, դատարանում հրապարակված գրավոր հայտարարությամբ հայտնել են իրենց շնորհակալությունը կթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին (տե՛ս «Բլեյանի գործ» գիրքը, էջ 120)։ Իմ՝ որպես լուսնախարարի, ապօրինի գործողությունների (անգործության) հետեւանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները, ըստ ՀՀ օրենքի (քաղ.դատ.օր., հոդվ. 18) հարուցում է Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի կառավարությունն անհանգստանալու հիմք չունի՝ դատավարության ընթացքում որեւէ քաղաքացի կամ իրավաբանական անձ որեւէ պահանջ չի ներկայացրել։ Քրեական գործի նյութերով հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության «Նոր դպրոց» կազմակերպությունը ճանաչված քաղաքացիական հայցվոր Ռուսաստանի Դաշնությունում ընթացող մի քրեական գործով՝ ընդդեմ ՌԴ «Պրիզմա» կազմակերպության, իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը նախապահանջ է ներկայացրել (գույքային պահանջ) «Կոբրա» ՍՊԸ-ին։ Ես՝ որպես ՀՀ լուսավորության նախկին նախարար ու կրթահամալիրի տնօրեն, եթե կողմ եմ հանդես գալու այս քաղաքացիական-իրավական (գույքային) վեճին, ապա՝ որպես պարտատեր։ Այսպիսով, դատական քննությամբ արձանագրված է, որ մեղադրական եզրակացությամբ ինձ մեղսագրվող արարքներով չկա անմիջականորեն վնաս կրած անձը (քր. դատ. օր., հոդվ. 58, 59, 60), չկա պատճառված վնասը (քր. դատ. օր., հոդվ. 6, կետ 45)։ Ուզում եմ վիճաբանել, բայց՝ իմ արարքից տուժած անձի հետ ու նրա կրած վնասի շուրջ։ Վերադառնանք ինձ մեղսագրվող կոնկրետ արարքին, քանի որ մեղքն առաջանում է այդ հանցավոր արարքի ուժով եւ կատարման պահին։ Արարքը հանցավոր է քրեական օրենսդրությամբ որոշված հատկանիշների (արարքի իրավաբանական որակում) առկայությամբ։ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասը (ՀՀ օրենքով հանցագործություններ համարվող արարքները) կառուցված է հանցագործության հատկանիշների ճշգրիտ կազմության սկզբունքով եւ մեղադրողի, դատավորի ներքին համոզմունքից անկախ։ Այսպիսով անձի մեղավորության մասին եզրակացությունը (մեղքը), հանցագործությունն ու հանցակազմը անանջատ են, չեն կարող միմյանցից անջատ գոյություն ունենալ։ Ինձ մեղադրանքի առաջադրման պահից (1999թ. մարտի 23), սկզբում՝ քննիչը (Հ. Պետրոսյան), հետո՝ դատախազը (Ա. Թամազյան), իսկ 2000թ. հունվարի 10-ից (դատական քննության սկիզբը)՝ մեղադրողները (Ղուկասյան, Ստեփանյան եւ Տիգրանյան) հայտարարում են (համոզում են, ներշնչում են, ահաբեկում են, հաշտեցնում են), որ ես պատասխանատվության եմ կանչվում (պատժվում եմ) ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ, 90 հոդվածի 4-րդ, 17-90 հոդվածի 4-րդ, 185 հոդվածի 2-րդ, 89 հոդվածի 4-րդ եւ 2-րդ մասերով, 187 հոդվածով։ Տասը ամիս շարունակ, 130 դատական նիստում, իմ ազատությունների ու իրավունքների հաշվին, կրելով էական բարոյական, առողջական ու նյութական վնաս, ես օրենքով չարգելված բոլոր միջոցներով (ՀՀ Սահմանադրություն, հոդված 38), հրապարակային դատական քննությամբ պաշտպանության իմ՝ օրենքով օժտված իրավունքի փաստացի իրականացմամբ ուզում եմ պատմել ինձ ներկայացված մեղադրանքի էությունը, իմանալ ինչում եմ մեղադրվում, կոնկրետ արարքը (դեպքը), իմ առնչությունը դեպքին, հանցագործության քրեական օրենքով նախատեսված հատկանիշներին ու իմ մեղավորությանը քրեական օրենքով արգելված արարքի հաստատման ապացույցներ եմ պահանջում։ ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովե՛ք (քր. դատ. օր., հոդվ. 65, կետ …, 107, 124, 134 կետ 1, 17, 18, 19), որ ես հերքեմ կամ ընդունեմ մեղադրանքը, վիճաբանեմ։ – Ցույց տվեք ըստ մեղադրանքի 2-րդ, 3-րդ, 6-րդ եւ 7-րդ դրվագի, կրթահամալիրի տնօրենի իրավասությամբ իբր իմ կազմած ակնհայտ սուտ տեղեկություններով, կեղծումներով փաստաթղթերը, իբր իմ կազմած ակնհայտ կեղծ փաստաթղթերն ու իմ վարած ակնհայտ կեղծ գրանցումներով մատյանները (քր. դատ. օր., հոդվ. 187՝ պաշտոնեական կեղծիք). միջնորդում եմ (տե՛ս «Բլեյանի գործ», էջ 53-55)։ – Մեղադրական եզրակացության 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ դրվագներով ինձ «կպցված» է քրեական օրենսգրքի նորմ՝ հոդված 182-ի 2-րդ մասը։ Հարգե՛ք դատավարական օրենքը՝ օրինականության սկզբունքը (քր. դատ. օր., հոդվ. 7, կետ 1), ներկայացրե՛ք, թե լուսնախարարի կամ կրթահամալիրի տնօրենի ո՞ր անօրինական ճանաչված գործողությամբ, օրենսդրությամբ որոշված իմ ո՞ր իրավասությունն եմ գերազանցել կամ խախտել, իմ այդ արարքով անմիջականորեն ո՞ր անձին դրամային արտահայտությամբ որքա՞ն վնաս եմ պատճառել։ Միջնորդում եմ (տե՛ս «Բլեյանի գործ», էջ 171, 41-43, 35-39)։ – Քննիչ Հովիկ Պետրոսյանը կատարել է քր. օրենքով (հոդվ. 190, մաս 2) նախատեսված հանցագործություն՝ ինձ՝ ակնհայտ անմեղ անձին, ենթարկել է քրեական պատասխանատվության՝ մեղադրելով ծանր հանցագործության՝ առավել խոշոր չափերով գումար հափշտակելու մեջ (քր. դատ. օր., հոդվ. 90, 4-րդ մաս)։ Դատաքննությամբ ես հիմնավորել եմ սա ու արել միջնորդություն դատարանին՝ օրենքով որոշված կարգով քր. գործ հարուցելու միջնորդության որոշում կայացնելու մասին (տե՛ս «Բլեյանի գործ», էջ 170, 13-15, 30-32)։ Դատարանը հրաժարվում է իմ գործով արդարադատություն իրականացնելուց՝ չունենալով այդպիսի իրավունք, իմ միջնորդությունը լուծում չի ստացել կամ պատճառաբանված որոշմամբ չի մերժվել։ Ոչ էլ մեղադրողը, դատավորը բավարարել են իմ օրինական պահանջը՝ ներկայացնել ապացույց, թե բյուջեով կրթահամալիրին հատկացված շինարարական հոդվածով գումարներից (1996-98թթ.) քանի՞ լումա, դրամ գումար եմ ես գրպանել (հափշտակել)։ – Եթե «Հայոց աշխարհում» տպված հոդված լիներ, կարելի էր չտեսնելու, չլսելու տալ կաշառակերության մասին մեղադրանքը՝ որպես այդ թերթին բնորոշ փողոցային խոսակցություն։ Բայց մեղադրող կողմը վիճաբանության փուլ է հասցրել կաշառքի մեղադրանքը (ՀՀ քր. օր., հոդվ. 185, 2-րդ մաս)։ Վիճաբանելուց առաջ չհարցնե՞նք, թե գործով ովքե՛ր են կաշառատուները ՀՀ օրենքով որոշված հիմքով (քր. օր., հոդվ. 186, կաշառք տալը) եւ դատավարական օրենքով (հոդվ. 202-204) որոշված կարգով ո՞ւր են նրանց առաջադրված մեղադրանքները։ Իմ քր. գործում դրանք չկան, երբ գործող քրեական օրենսդրությամբ կաշառքի ստացումն անխզելի կապված է կաշառք տալու հետ (տե՛ս «Բլեյանի գործ», էջ 39-40, 22-25)։ Երեւանի թիվ 2 դպրոցի նախկին տնօրեն Ս. Հովսեփյանը գործով անցնում է որպես դատական քննությանը չներկայացած վկա։ Իսկ ո՞ւր է միջնորդը (քր. օր.1831 հոդվածով կա միջնորդություն կաշառքի համար հանցագործությունը)։ Գործով չեղած ո՞ր կաշառատուի օգտին ինչպիսի՞ գործողություն եմ կատարել, ինչպե՞ս եմ օգտագործել իմ պաշտոնական դիրքը. չէ՞ որ կեղծ անվանվող միջնակարգ կրթության 3 վկայականի պատճեններից (բնագրերը գործում չկան) եւ ոչ մեկը ես չեմ լրացրել, ստորագրել կամ հանձնել։ Դատավորը, լքելով իրավունքի կողմը, աջակցում է մեղադրողներին՝ դատական վիճաբանություններ անվան ներքո ինձ դարձնել իմ նկատմամբ հաշվեհարդարի մասնակիցը՝ ներքաշելով արհեստականորեն մեղադրանքի ապացույցներ ստեղծելու իր «սովորական», բայց արդարադատության իրականացմանը չառնչվող աշխատանքի մեջ։ – Հանցակցության մեղադրանք, որպես հափշտակության կատարմանը մասնակից, որպես 2 եւ ավելի անձանց հանցավոր համաձայնության մասնակից՝ ինձ գործով մեղադրական եզրակացությամբ չի առաջադրված (տե՛ս «Բլեյանի գործ», էջ 172-173, 32-34)։ Սա վրիպակ է մեղադրական եզրակացության մեջ (էջ 84, 85). ինչպե՞ս ուղղեք, ամոթ է Երեւան քաղաքի դատախազության համար այսպիսի տգիտության խոստովանումը։ Անկեղծ ասած, դատավարության այսօրվա վիճակն ինձ հուսահատեցնում է։ Ուղղե՛ք։ Մեղադրանքի կողմի՝ գործով տուժող ճանաչվածների նախադեպը չունեցող ճնշման ու հարձակման տակ մեղադրողները ստիպված եղան հրաժարվել իբր խարդախության, իբր իմ կատարած հանցագործության մեղադրանքից։ Ահա նույն խայտառակվելու վտանգը դատավորին հրեց դեպի արդարադատությունից հրաժարվելու ճանապարհը՝ հրաժարվել իմ օրինական պահանջների բավարարումից, շուտափույթ փակել-ավարտել գործի վարույթը, օր առաջ, ժամ առաջ մտնել խորհրդակցական սենյակ, մնալ գործի պատվիրատուի հետ մեն-մենակ, իր «ներքին համոզմունքը ծառայեցնել երկրի կայունությանը»)։ Ես ոչ միայն պատրաստ եմ, այլեւ պարտադիր եմ համարում իմ գործով վիճաբանությունների փուլի հրապարակային ՀՀ օրենքով (քր. դատ. օր., հոդվ. 354) որոշված կարգով անցկացումը։ Դատավորն իր ապօրինի որոշումով սահմանափակեց որեւէ մեկի մուտքը դատական նիստին, մնացին յուրայիններով, իրենք իրենց՝ մեղադրողներով։ Այնպիսի՜ կամայականություն, որ ես խցում, քսիֆներով իմանամ, որ իմ գործով հանցավոր-անհիմն-մոգոնած մեղադրանքից հրաժարվելու փոխարեն, իմ անմեղությունը հաստատող միջնորդություններին պատասխանում են՝ պահանջելով 8 տարի ազատազրկում։ Իմ գործով գործարք ընդդեմ արդարադատության լինել չի կարող. օրենքի ողջ խստությամբ պիտի պատասխանատվության կանչվեն Երեւան քաղաքի դատախազ, ՀՀ գլխավոր դատախազական կոլեգիայի ու Արդարադատության խորհրդի անդամ Արամ Թամազյանը, քննչական խմբի ղեկավար Հ. Պետրոսյանը, քննիչներ Մարկոսյանը, Պետրոսյանը եւ Թամազյանը, մեղադրանքը պաշտպանող դատախազները, բազում մեծ ու պստիկ օպերներ… Հետո՝ կերեւա։ Շուտափույթ պիտի վերականգնվի իմ գործի հրապարակային քննությունը։ Ես ոչ միայն չեմ հրաժարվում իմ վիճաբանական ճառից, ռեպլիկներից ու վերջին խոսքից։ Ինձ մեղադրել են ու անարգել, հրապարակավ, պետական ու ոչ պետական ԶԼՄ-ներով։ Այդպիսին էլ պիտի լինի իմ պատասխանը՝ հակադարձ։ Վերադառնանք ներկայացված մեղադրանքին, որն ըստ ՀՀ օրենքի պիտի լինի «դատավարական օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացված հիմնավորում» (քր. դատ. օր., հոդվ. 6, կետ 20)։ Քրեական դատավարության ընթացքում թույլատրվում է օգտագործել միայն այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել դատավարական օրենքների պահանջների պահպանմամբ (քր. դատ. օր., հոդվ. 106, կետ 3)։ Դատաքննությամբ պատշաճ իրավական ընթացակարգով հետազոտվեցին գործի նյութերը։ Դրանք մենք ենթարկել ենք գնահատման իրենց վերաբերելիության ու թույլատրելիության տեսանկյունից, ՀՀ օրենքի (քր. դատ. օր., հոդվ. 104, 105, 106) պահանջների կիրառմամբ, արել ենք հայտարարություններ, հիմնավորված ամբողջական միջնորդություններ ու բողոքներ (տե՛ս «Բլեյանի գործ», էջ 68-122)։ Քրեական վարույթն իրականացնող մարմինն անպատասխան է թողել մեր պահանջները։ ՀՀ Սահմանադրությունն արգելում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը (Սահմանադրություն, հոդվ. 42)։ Որքանո՞վ են քր. գործի 19 հատորում հավաքված նյութերն ապացույցներ. ստորեւ առանձին կանդրադառնանք։ Դատական քննության ընթացքում որպես կողմ միջնորդել էինք դատարանին ՀՀ օրենքով (քր. դատ. օր., հոդվ. 106, կետ 1) որոշված կարգով նախաքննության ձեռք բերած բոլոր նյութերը ճանաչել ապացուցողական նշանակությունը կորցրած։ Կրկնում եմ այդ միջնորդությունները գործի բոլոր 7 դրվագներով (տե՛ս «Բլեյանի գործ», էջ 76-111)։ Դատական քննությամբ օրենքի խախտումով են իմ բացակայությամբ, առանց իմ մասնակցության հետազոտած նյութերը դատական 15.08 եւ 16.08.2000թ. նիստերում, դատարան չներկայացած անձանց նախաքննական ցուցմունքների օգտագործումը որեւէ ձեւով որպես ապացույց, դատապարտյալ Ա. Բաղդասարյանի նախաքննական ու դատաքննական ցուցմունքները։ Մենք չենք թույլատրում նշված նյութերն օգտագործել որպես ապացույցներ՝ անկախ նրանից՝ կո՞ղմ, թե՞ դեմ վկայած ցուցմունքներ են, արդարացնո՞ղ, թե՞ մեղադրող նյութեր։ Դրանք թույլատրել-չթույլատրելու իրավունքով մենք օժտված ենք ՀՀ օրենքով (քր. դատ. օր., հոդվ. 105, կետ 3)։ 5-7-րդ դրվագներով բոլոր կարեւոր վկաներին նախաքննության մարմինը չէր հարցաքննել։ Դատական քննությամբ լրացվեց այդ բացը։ Հիմա, ղեկավարվելով օրենքով, գործի փաստական տվյալները գնահատենք դրանց համակցության մեջ՝ ապացույցների լրիվ եւ օբյեկտիվ քննությամբ, հետո կհանձնենք այն մեղադրողների ու դատավորի ներքին համոզմունքին… Քրեական դատավարությունում որպես ապացույցներ թույլատրվում են (քր. դատ. օր., հոդվ. 104, կետ 2)՝ 1. կասկածյալի ցուցմունքները, 2. մեղադրյալի ցուցմունքները, 3. տուժողի ցուցմունքները, 4. վկայի ցուցմունքները, 5. դատապարտյալի ցուցմունքները, 6. փորձագետի եզրակացությունը, 7. իրեղեն ապացույցները, 8. քննչական ու դատական գործողությունների արձանագրությունները, 9. այլ փաստաթղթեր։ Իմ գործով ու դատական քննությամբ, ըստ մեղադրական եզրակացության, արձանագրված է։ 1. Կասկածյալի ցուցմունքներ չկան։ 2. Մեղադրյալներ Ա. Բլեյանի, Ռ. Պողոսյանի, Ա. Ավագովայի նախաքննական ու դատաքննական բոլոր ցուցմունքներում, հայտարարություններում, արտահայտություններում ու միջնորդություններում եղած փաստական տվյալներն ինձ արդարացնող են, իմ մեղավորությունը որեւէ դրվագով հերքող, հանցավոր որեւէ արարքի իմ առնչությունը բացառող։ Մեղադրյալների բոլոր ցուցմունքներն իմ մասով հակասություններ, անորոշություններ ու անհստակություններ չեն պարունակում, գործով ձեռք բերված ու պատշաճ իրավական ընթացակարգով հետազոտված ապացույցներին չեն հակասում, դրանք հավաստի են ու փոխկապակցված (քր. դատ. օր., հոդվ. 18, 124-127)։ Մեղադրանք առաջադրելու պահից (13.02.1999թ.) ես մեկուսացված եմ եղել Ա. Ավագովայից ու Ռ. Պողոսյանից։ 3. Գործով տուժող ճանաչված որեւէ անձ իմ դեմ նախաքննությամբ թե դատաքննությամբ չի վկայել, դատավարության ողջ ընթացքում իմ որեւէ արարքով բարոյական, ֆիզիկական կամ նյութական վնաս կրելու մասին նշում, հայտարարություն կամ բողոք չի արվել, որեւէ պահանջ չի ներկայացվել։ Անձինք հայտարարել են, որ իմ գործով տուժող են ճանաչվել իրենցից անկախ, քննիչի խաբեությամբ կամ կամայականությամբ, ՀՀ օրենքի (քր. դատ. օր., հոդվ. 58, կետ 1) պահանջների անտեսմամբ։ Ընդդեմ ինձ դատական քննությամբ քաղհայց չի ներկայացված։ Քրեական գործով որեւէ իրավաբանական անձ, Հայաստանի Հանրապետությունը տուժող չեն ճանաչվել ու հայցային պահանջ չեն ներկայացրել (տե՛ս «Բլեյանի գործ», էջ 10-43)։ Իմ գործողություններով ես բարեգործ եմ ըստ գործում եղած փաստական տվյալների (տե՛ս «Բլեյանի գործ», էջ 134-152)։ 4. Դատարանում հարցաքննված (100-ից ավելի վկաներ) ոչ մեկն իմ դեմ չի վկայել, իմ մեղավորությունը, իմ առնչությունը հանցավոր արարքին ապացուցող որեւէ փաստական տվյալ չի ներկայացրել։ Վկաների նախաքննական ցուցմունքների արձանագրությունները (քր. դատ. օր., հոդվ. 104, կետ 2, 121, կետ 2) որպես ապացույց չեն կարող օգտագործվել, ՀՀ օրենքը չի ճանաչում վկաների հարցաքննությունների արձանագրությունները որպես ապացույց (քր. դատ. օր., հոդվ. 104, կետ 2, 121, կետ 2)։ Դատարանը, կատարելով ՀՀ օրենքի (քր. դատ. օր., հոդվ. 353, կետ 1) պահանջները, զգուշացրել է կողմերին, որ վիճաբանության փուլում իրավունք ունեն հիմնվելու միայն այն ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատաքննության ժամանակ։ Իսկ դատարանը՝ «ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում դատաքննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի հոդվ. 160-ի 1-ին մասի 1-4-րդ կետերում եղած հարցերին տալիս է հաստատող պատասխաններ» (քր. դատ. օր., հոդվ. 365, կետ 2)։ Դատարան չներկայացած եւ դատավարական օրենքներով դատարանում չհարցաքննված վկաների նախաքննական ցուցմունքներն անհնար է հետազոտել (տե՛ս «Բլեյանի գործ», էջ 91-101), ՀՀ օրենքով որոշված կարգով (քր. դատ. օր., հոդվ. 124-127, 205-227)։ Գործով վկա կանչված անձանց մեծ մասն իմ գործով վկաներ չեն, նրանց ցուցմունքներն ինձ չեն վերաբերում։ 5. Գործով մի դատապարտյալի ցուցմունք կա։ «Նոր դպրոց» հրատարակչության նախկին տնօրեն, դատապարտյալ Արտակ Բաղդասարյանը ՀՀ օրենքով (քր. դատ. օր., հոդվ. 215, կետ 1, 338) կարող էր հարցաքննվել իր նկատմամբ կայացված եւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքների շուրջ։ Ա. Բաղդասարյանը, չնայած մեր բողոքին ու միջնորդությանը, հարցաքննվել է իր դատավճռից դուրս հանգամանքների շուրջ։ Ա. Բաղդասարյանի քր. գործի վարույթին ես դատավարական որեւէ կարգավիճակով չեմ մասնակցել։ Կրկնում եմ դատաքննությամբ եւ նախաքննությամբ Ա. Բաղդասարյանի հարցաքննությամբ ձեռք բերված նյութերը որպես ապացուցողական նշանակությունը կորցրած ճանաչելու մասին միջնորդությունը։ 6. Փորձագետի համալիր փորձաքննության եզրակացությանը, անկախ հետեւությունների արդարացնող թե մեղադրող լինելու հանգամանքից, փորձագետը իմ մասով հանգել է՝ արտագրելով քննիչի մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը ու այդ որոշման հիմքում դրված գործով «միջանկյալ» կոչված ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ստուգող խմբի 18.12.99թ. եւ 20.12.99թ. ակտերի մեղադրող հետեւությունները նույնությամբ։ Այդ «միջանկյալ» կոչված ակտերի հետազոտման ընթացքում մենք ցույց ենք տվել ՀՀ նախագահի 01.08.94թ. հրամանագրի եւ ստուգումների կանոնակարգի էական խախտումները, «միջանկյալ» կոչված ակտերի ակնհայտ հակասությունները քր. գործում եղած փաստական տվյալներին ու հավաստի-փոխկապակցված ու բավարար ամբողջություն կազմող ապացույցներին։ Շինարարության դրվագով միջանկյալ ակտը կազմված է գործով վկա ճանաչված, դատարան չներկայացած վկա Արմեն Մկրտչյանի մի ցուցմունքի հիման վրա, ցուցմունք, որը հակասում է գործով Արմեն Մկրտչյանի բացատրություններին, հայտարարություններին, որպես պաշտոնատար անձ՝ նրա կազմած փաստաթղթերին։ Այդ փաստաթղթերից (շինարարական նախահաշիվներ, կատարողական ակտեր, հաշիվ-ֆակտուրաներ) բոլորը կազմված են քաղ. օր.-ի պահանջներին համապատասխան, օրենքին անհամապատասխան չեն ճանաչված (տե՛ս «Բլեյանի գործ», էջ 13-15)։ Գլխավորը՝ փորձագետի իբր մեղադրող հետեւությունները 1-ին, 2-րդ, 3-րդ դրվագներով հակասում են իրականությանը (տե՛ս «Բլեյանի գործ», էջ 10-18, 54-55, 41-43), դատական քննությամբ չհերքված կամ անվավեր ճանաչված փաստական տվյալներին ու պատշաճ կազմած փաստաթղթերին, գործող քաղ. օր.-ին, իրավական մյուս ակտերին։ 3-րդ դրվագով մեղադրող համարվող հետեւություններն ինձ չեն վերաբերում, իմ մասնակցությանն արարքին չեն առնչվում։ Եզրակացությանը փորձագետը հանգել է առանց ՀՀ օրենքով որոշված անհրաժեշտ հետազոտություններ կատարելու, առանց պատշաճ, հատուկ մեթոդների օգտագործման։ Սրանով անտեսվել են քր. դատ. օր., հոդվ. 114 կետ 1-ինի, հոդված 250-ի բոլոր 4 կետերի պահանջները։ Ո՛չ թե փորձագետի եզրակացությունն է որպես ինքնուրույն ապացույց դրվել իմ մեղադրանքի հիմքում, այլ քննիչի ենթադրությունները ներկայացվել են որպես փորձագետի եզրակացություն։ Կատարվել է հանցագործություն, որ նախատեսված է ՀՀ քր. օր.-ի 190, 196 հոդվածներով։ Որքան էլ դատարանում, հարցաքննության ժամանակ փորձագետն ինքնարդարացման փորձեր էր անում, շտկում իր ակնհայտ կեղծ հետեւությունները, դատաքննությամբ բացահայտվեց, որ փորձագետի մեղադրական բնույթի հետեւությունները՝ բոլոր 1-3-րդ դրվագներով հակասում են պատշաճ իրավական ընթացակարգով հետազոտված ապացույցներին ու փաստաթղթերում եղած հավաստի փաստական տվյալներին։ Փորձագետի հետեւությունները ծանր հանցագործության մեջ ակնհայտ անմեղ անձին 1-3-րդ դրվագներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար արհեստականորեն ապացույցներ ստեղծելուն են ուղղված։ Այս հիմքով ես դատաքննության ընթացքում արել եմ քր. գործ հարուցելու եւ ակնհայտ կեղծ եզրակացության հանգելու համար մեղավորներին պատժելու միջնորդություններ։ Կրկնում եմ դրանք։ Համալիր փորձաքննությունը քննիչն օգտագործել է անհիմն ու ապօրինի մեղադրանքին «լրջություն» հաղորդելու, իմ կալանքի երկարացումն արդարացնելու համար։ Փորձագիտական եզրակացությունն անհիմն է ու կեղծ, ոչ հավաստի։ 7. Գործի դատական քննությամբ քր.դատ. օր., հոդվ. 348-ի որոշած կարգով իրեղեն ապացույցներ զննության համար մեղադրանքի կողմը չի ներկայացրել, ես այդպիսի հետազոտության մասնակից չեմ դարձել։ Իրեղեն ապացույցներին առնչվող ես դատական քննությամբ արել եմ միջնորդություն (տե՛ս «Բլեյանի գործ», էջ 89-90), որը մնացել է անպատասխան։ Կրկնում եմ։ 8. ՀՀ օրենքը (քր. դատ. օր., հոդվ. 121, կետ 2) ճանաչում է զննության, քննման, ճանաչման ներկայացնելու արտաշիրմման, առգրավման, խուզարկության, գույքի վրա կալանք դնելու, նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդակցությունը հսկելու, հեռախոսային խոսակցությունը լսելու, նմուշներ ստանալու, քննչական փորձաքննության արձանագրությունները որպես ապացույցներ, եթե համապատասխան դատավարական գործողությունները կատարվել են ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ (քր. դատ. օր., հոդվ. 121, կետ 1)։ Շեշտում եմ՝ վկաների, տուժողների նախաքննական ցուցմունքների արձանագրությունները որպես ապացույց օրենքը չի ճանաչում։ Գործում զննության մի արձանագրություն կա՝ մասնագետ ճանաչված Ալլա Մկրտչյանի մասնակցությամբ։ Այս քննչական գործողությամբ անտեսվել են քր. դատ. օր., հոդվ. 84 կետ 1, 2, 4-ի պահանջները։ «Ապացույց» ճանաչվածն անօրինական է, նաեւ իմ մեղադրանքին չի վերաբերում. ես մատենավարությամբ չեմ զբաղվել, զննումը հաստատում է այս հանգամանքը, նաեւ այն, որ ես մատյաններում որեւէ ճշտում-անճշտություն չեմ կատարել։ Իմ գործով քննում, անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելու գործողություն նախաքննությամբ չեն կատարվել (քր. դատ. օր., հոդվ. 220, 221, 222, 224)։ Գործում այդպիսի որոշումներ չկան։ Դատական քննությամբ դատավորի կատարած զննման, վկայականների ու մատյանների ճանաչման գործողությունները ոչ հավաստի դարձրին իբր անօրինական կամ կեղծ վկայականների ցուցակի ստորագրությունը։ Իմ գործով արտաշիրմում, դիակի ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններ չեն կատարվել. այդպիսի արձանագրություններ գործում չկան (քր. դատ. օր., հոդվ. 219, 223)։ Գործով առգրավվել են նախաքննությանն անհրաժեշտ բոլոր նյութերը։ Չկա փաստաթուղթ, որի պահանջը քննիչը ներկայացրել ու չի ստացել։ Որեւէ փաստաթուղթ գործով անվավեր կամ օրենքին հակասող չի ճանաչվել, չի վերացվել։ Խուզարկություն կատարվել է իմ բնակարանում ու աշխատավայրում, իմ մեղավորությունն ապացուցող որեւէ իր կամ առարկա չի հայտնաբերվել։ Սեփական գույք, որքան գիտեմ, չունեմ։ Չեղած գույքի վրա կալանք չի դրվել։ Գործից պարզ դարձավ, որ իմ նամակագրությունը կալանքի ողջ ընթացքում հսկվել է, փոստային, հեռագրային եւ այլ հաղորդակցությունից մեկ ու կես տարի զրկված եմ եղել։ Ապօրինի, իմ իրավունքների ոտնահարմամբ վերահսկվել են իմ 1995-98թթ. բոլոր հեռախոսազրույցները տանը եւ աշխատավայրում։ Մեղադրանք ապացուցող որեւէ փաստ կամ հանցավոր կապ չի հայտնաբերվել։ Օպերատիվ-փաստական տվյալներ մեղադրանքին հավաքելուն ներգրավված են եղել ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարությունների համապատասխան ծառայությունները, հնարավոր բոլոր պետական մարմինները։ Մեղադրանքը հաստատող տեղեկանք այդ մարմիններից չի ստացվել։ Ազատության մեջ իմ հեռախոսային խոսակցությունները հսկվել են։ Այսպիսով գործում եղած քննչական գործողությունների արձանագրությունները որպես ապացույց կա՛մ հերքում են մեղադրանքը, կա՛մ գործին վերաբերող փաստական տվյալ չեն պարունակում։ 9. Գործում եղած կամ դատական քննությամբ ներկայացված այլ փաստաթղթերը, որոնցով կարող են հաստատվել քր. գործի համար նշանակություն ունեցող տվյալները, բոլորը հետազոտված են ու հրապարակված, հաստատում են իմ անմեղությունը, քրեական հետապնդման իմ ոչ ենթակա լինելը։ 19 հատորանոց քր. գործում չկա իմ ձեռքով արված որեւէ գրառում, իմ ստորագրությամբ որեւէ հրաման, նամակ, ցուցում, որոշում, նորմատիվ բնույթի որեւէ փաստաթուղթ, որոնցով ես գերազանցել եմ լուսնախարարի կամ կրթահամալիրի տնօրենի լիազորությունները, զբաղվել եմ ինքնիրավչությամբ կամ անգործությամբ, կատարել որեւէ խախտում, մասնակցել որեւէ հանցագործության։ Վերադասության կամ դատական կարգով գործի որեւէ փաստաթուղթ չի վերացվել կամ անվավեր չի ճանաչվել։ Ապացուցումը՝ գործի օրինական, հիմնավորված եւ արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելը, ստուգելը եւ գնահատելն է (քր. դատ. օր., հոդվ. 124, կետ 1)։ Քրեական հետապնդման մարմինն ունենալով ՀՀ օրենքով (քր. դատ. օր., հոդվ. 124, կետ 2) իմ մեղավորության ապացուցման պարտականություն, անտեսել է դատավարական օրենսգրքի «Ապացույցները» բաժինը (հոդվ. 104-127)։ Ապացույցների հասկացության, նշանակության եւ օգտագործման մասին դատավարական բոլոր օրենքները (քր. դատ. օր., հոդվ. 104-127) իմ գործով քննիչի, դատախազի, մեղադրողի կողմից մնացել են անօգտագործելի դատավարության ողջ ընթացքում։ Այսպես է, քանի որ բացակայել է իմ նկատմամբ քրեական հետապնդումն իրականացնելու քրեական օրենսդրությամբ որոշված հիմքերը։ «Ապացուցման» դատավարական օրենքները (ապացույցներ հավաքելը՝ հոդվ. 125, ապացույցների ստուգումը՝ հոդվ. 126, ապացույցների գնահատումը՝ հոդվ. 127) մեղադրողներին այդպես էլ պետք չեկան, քանի որ քրեական հետապնդման մարմինը մեղադրանք էր ներկայացրել ակնհայտ անմեղ անձին՝ ինձ, գործի բոլոր 7 դրվագներով։ Մեղադրողները, ունենալով մեղադրանքը համարյա նույնությամբ դատավորին պարտադրելու եւ ինձ պատժելու անքննելի պարտավորություն, եթե ղեկավարվեին ՀՀ օրենքներով, դատավարական օրենսգրքով, պիտի հաստատեին իմ անպարտությունը։ Դատավարական օրենքով որոշված, պատշաճ իրավական ընթացակարգով դատաքննությամբ հետազոտված ապացույցների հավաքումը, ստուգումը եւ դրանց գնահատումը հենց իմ անմեղությանը պիտի հանգեցնեին մեղադրողներին։ Մեղադրանքից հրաժարվել նրանք չէին կարող։ Ահա ինչու գործի պատվիրատուի կողմից դատավորին պարտադրվեց գործի ֆինալի ուժային լուծում, ակնհայտ ապօրինությունների շքերթ՝ հրաժարում արդարադատության իրականացումից, «սեւ արկղում» դատական վարույթ եւ նախնական դատավճիռ։ Ա. Բլեյան, 02.10.2000թ. Աշոտ Բլեյանի վերջին խոսքը Ես այն ասել եմ «Բլեյանի գործ։ Մեծ աղմուկ ոչնչից» գիրք-արձանագրության (բոլոր նյութերը դատաքննության ընթացքում ՀՀ օրենքով որոշված կարգով կցված են գործի քննություն-արձանագրությանը) վերջաբանում (էջ 174-175)։ Կարդացե՛ք այն, իսկ ես հավելեմ։ Իմ անելիքը հետապնդման ողջ ընթացքում մեկն էր. արքայազն Համլետի խորհրդին պիտի հետեւեի, որ սիրտն իմ չպայթեր վնասարար մեղադրանքի կողմի, քաղաքական խաղերին տրված իբր իրավունքի կողմ դատավորի ու խեղճուկրակությունից հանդիսատես դարձած հասարակություն կազմած թշվառ երրորդության կիզակետում, որ դատավարություն է կոչվում։ Ես ուզում էի ու առավելագույնն արեցի, որ մեղադրանքի կողմն այսքա՜ն անամոթ չլիներ ու մի տեղ կանգներ, որ հարգելի դատավորը մի պահի ուժ գտներ ու կանգնեցներ թշվառության այս շքերթը, որ հասարակություն կոչվածը ցնցվեր վերջապես ու չհանդուրժեր… Խոստովանում եմ, որ Բլեյանի զենք կոչվածում եղած երեք փամփուշտից երկուսը կրակել եմ… Ինձ համար դիակ են այս գործի պատվիրատուն էլ, պատվերը կատարած քրեական հետապնդումն իրականացրած մարմինն էլ՝ իր մինչդատական ու դատական թեւերով։ Երրորդը կրակել՝ կնշանակեր ինքնասպանություն գործել, կրակել սիրելի կնոջ, հավատարիմ քրոջ ու եղբոր, երեխայի վրա։ Խոստովանում եմ, որ ես սարսափում եմ այս հասարակությանը գրկած երկյուղից, հասարակության այս ոչ մարդկային, անարժանապատիվ այս դիմացկունությունից… Մեղադրողների, ովքեր տասը ամիս շարունակ քարշ տվեցին այս պիղծ գործը… Դատավորի, որ ափի մեջ 10 ամիս պահում էր ինձ՝ որպես ակնհայտ անմեղ անձի, աչքի առջեւ հալվող կնոջս, քրոջս, իմ կարոտը մոտը պահած Շուշանիկի… Սա խղճուկ, ոչ մարդկային, կներեք, անասնական գոյություն է։ Դատապարտված գոյություն. այսօր՝ ես, վաղը՝ դու, մյուս օրը՝ նա… Այնքան անուժ ենք, որ չենք հաղթահարում այս վախը, այս համատարած խեղճությունն ու փախչում ենք իրականությունից։ Չի՛ կարելի։ Ոչնչից մի՛ վախեցեք, բացի մի բանից՝ սարսափից։ Միշտ ձեր Աշոտ Բլեյան, 38 խուց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել