Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 11,2000 00:00

Ձախ ուժերը միավորելո՞ւ են ջանքերը Հանուն Քոչարյանի հեռացման «Առավոտի» ունեցած տեղեկություններով, հնարավոր է, որ ձախամետ ուժերն էլ սերտացնեն իրենց համագործակցությունը։ Մեզ հասած լուրերի համաձայն, բանակցություններ են ընթանում Հայկոմկուսի, «Ազգային միաբանության», Աշոտ Մանուչարյանի «Սոցիալիստական ուժերի» եւ Արկադի Վարդանյանի «21-րդ դար» ասոցիացիայի միջեւ։ Այս լուրը նախ փորձեցինք ճշտել կոմկուսի ներկայացուցչից (չնայած ԱԺ փոխխոսնակի պաշտոնի վերաբերյալ ՀԿԿ չբավարարված հավակնությունների պատմությունն ապացույց էր, թե կուսակցության վերնախավը իրենց բոլոր նախաձեռնություններին չէ, որ հասու է դարձնում անգամ պատգամավոր կոմունիստներին)։ Խորեն Սարգսյանը հաստատեց, թե իրենք հանդիպումներ են ունեցել վերոթվարկյալ ուժերից երկուսի հետ։ Միայն նշեց Արտաշես Գեղամյանի անունը եւ ասաց, թե Արկադի Վարդանյանի մասին առաջին անգամ է լսում։ «Միտում կա, որ ձախ ուժերի միություն ստեղծվի։ Աշխատում ենք կենսագործել այդ գաղափարը,- ասաց Խորեն Սարգսյանը։- Թե ինչքանով դա կարդարացնի իրեն… Բայց ես հույս ունեմ, որ կարդարացնի։ Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ուզում են, որ հանրապետությունը դուրս գա այս վիճակից»։ Ի՞նչ նպատակի շուրջ են համախմբվելու ձախերը։ Քանի որ վերոթվարկյալ ուժերից մի քանիսն իրենց առջեւ նախագահ Քոչարյանի հրաժարականի խնդիր են դրել, կարելի՞ է ասել, որ նրանց միավորում է նաեւ դա։ Մեր այս հարցադրումներին ի պատասխան, Խորեն Սարգսյանը հիշեցրեց, որ Հայկոմկուսի մինչմայիսյան հանրահավաքներում արդեն հնչում էր նախագահի հրաժարականի հարցը. «Եվ բնական է, այդ հարցը մենք նորից ենք բարձրացնելու։ Քանի որ այսպես սպասելը կբերի նրան, որ, բառիս բուն իմաստով, կդատարկվի Հայաստանը»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել