Եթե մի քանի տարի առաջ Երեւանի մետրոպոլիտենի մեքենավարները գործադուլ էին արել իրենց աշխատանքը միջազգային չափանիշներով գնահատելու համար, երեկ նրանց եւ, առհասարակ, մետրոպոլիտենի մյուս աշխատակիցների գործադուլի պահանջն ամենեւին այլ էր՝ ստանալ իրենց հասանելիք աշխատավարձերը։ Մետրոպոլիտենի աշխատակիցների տվյալներով, իրենք աշխատավարձի երես չեն տեսել 4 ամիս։
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն, իր «շռայլ» բնավորության համաձայն, խոստացել էր (ըստ «Առավոտին» հասած աղբյուրների) առաջիկա 1-2 օրերին վճարել մետրոպոլիտենի աշխատակիցների օրենքով եւ Սահմանադրությամբ հասանելիք գումարները։ Ըստ մետրոպոլիտենի տնօրինության, սակայն, աշխատակիցների աշխատավարձը չի վճարվել ոչ թե 4, այլ ընդամենը 2 ամիս (հայաստանյան չափանիշներով 2 ամիսը թիվ չէ)։ Կառավարության շարունակական անպտուղ գործունեությունը հավանաբար գործադուլների նոր ալիք կբարձրացնի։
Հայտնի է, որ բյուջետային հիմնարկների (ներառյալ նախարարությունները) աշխատակիցները աշխատավարձեր չեն ստանում ամիսներով։ Իսկ բժիշկներին եւ ուսուցիչներին իրենց աշխատանքի դիմաց լրիվ տարի չվճարելը կառավարության թերեւս հիմնական փեշակն է։ Սակայն կարծես գտնված է վարչապետի սիրտը փափկացնելու ուղիղ եւ ամենակարճ ճանապարհը, եւ դա է գործադուլը։ Միայն այս դեպքում են ռեստորաններում եւ սրճարաններում իրենց բեղմնավոր եւ ազգանպաստ գործունեությունից երեկոները հանգստացող կառավարության անդամները (վարչապետի անմիջական գլխավորությամբ) ընկալում, որ դանակն արդեն ոսկորին է հասել։ Իսկ առհասարակ, ինչ վերաբերում է աշխատավարձն ըստ աշխատանքի արդյունավետության ստանալուն, ապա թերեւս կառավարության անդամներն էլ իրենց «զրո» օգգ-ի համար պարտավոր չեն աշխատավարձ ստանալ։
Լ. Ա.
Կարդացեք նաև
ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ՉՈՒՆԻ՞
Երեկ դատաքննության ժամանակ, երբ նախկին լուսավորության նախարարը մեջբերումներ արեց Հովհաննես Թումանյանից, Իսկուհի Վարդանյանն ընդհատեց նրան, թե՝
– Ավելորդ մեկնաբանություններ, Բլեյա՛ն, մի արեք։
Հասկացանք, որ ամբաստանյալի հետ չուներ, բայց ինչո՞վ էր մեղավոր Թումանյանը։
Սեփ. լր.