Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 07,2000 00:00

Պարզվում է, ամեն ինչ օ քեյ է Հայտնվել է «Հայկական ավիաուղիների» տերը դառնալու հավակնորդը։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության մշտական պետական քարտուղար պրն Ջոն Քերրին երեկ հայտարարեց, որ եթե «Հայկական ավիաուղիները» սեփականաշնորհվի, ապա մրցույթին կմասնակցեն բրիտանական շատ ընկերություններ։ Պրն Քերրին միայն սա չասաց։ Նա հայտնեց նաեւ, որ բրիտանական կառավարությունը չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեղամիջոցը, նրա կարծիքով, հարցերը պետք է կողմերը լուծեն, իսկ խաղաղ լուծումը շատ կարեւոր է ոչ թե Ղարաբաղի կամ Ադրբեջանի համար, այլեւ՝ տարածաշրջանի, տարածաշրջանային ներդրումների համար։ Հերթական պաշտոնական հյուրը եկավ եւ հարկ համարեց մեզ հիշեցնել, որ մենք աշխարհից կտրված չենք կարող մեր հարցերը լուծել, որ մենք տարածաշրջանային երկիր ենք եւ պետք չէ գերագնահատել հաղթողի մեր դիրքերը։ Պրն Քերրին իր խոսքում շեշտեց, որ հանրապետության առաջին դեմքերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, որ ինքը ուրախ կլիներ, եթե Մեծ Բրիտանիան ավելի շատ ներդրումներ կատարի Հայաստանում։ «Առավոտը» խնդրեց ավելի կոնկրետացնել, թե տնտեսական ինչպիսի հարցեր են քննարկվել եւ ինչո՞ւ է պրն Քերրին շահագրգռված, որ ավելի շատ լինեն ներդրումները Հայաստանում։ Պատասխանելով մեր հարցին պրն Ջոն Քերրին ասաց. «Մենք կոնկրետ խոսել ենք սեփականաշնորհման ծրագրի մասին, այն ներդրումների մասին, որոնք Բրիտանիան արդեն կատարել է Հայաստանում, կոնկրետ ֆինանսական ծառայությունների եւ HSBC172ի գործունեությանը Հայաստանում»։ Պրն Քերրին հանդիպել է նաեւ Պն փոխնախարարի հետ։ Վերջինիս հետ տնտեսական հարցեր դժվար թե քննարկված լինեն, այդ դեպքում ի՞նչ է քննարկվել, որ չասվեց։ Դրա փոխարեն Ջոն Քերրին ասաց, որ բրիտանական կառավարության ներդրումները Հայաստանում 0 են, թեպետ խրախուսում է Հայաստանի տնտեսական, մարդու իրավունքների պաշտպանության, անգլերեն լեզվի զարգացման ծրագրերին։ Պրն Քերրին վերջին անգամ Հայաստանում եղել էր 30 տարի առաջ եւ այս այցելությանը ուրախությամբ նկատեց, որ Հայաստանում շատ բան է փոխվել։ Զարմանալի կլիներ, եթե փոխված չլիներ։ Եվ ընդհանրապես պրն Քերրին այնպես սիրուն եւ լավատեսական նոտաներով ներկայացրեց մեր երկիրը, մեր պետական այրերին, նրանց ձգտումը՝ տնտեսությունը զարգացնելու, որ մնացինք զարմացած՝ այսքան լավ երկրում ենք ապրել ու չենք իմացել։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել