ՀՀ ազգային անվտանգության նախարարության ստորաբաժանումների փոխգործակցությամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ս/թ հոկտեմբերի 4-ին կանխվել է հանրապետության «Սլավգրուպ» եւ «Դերժավա» ընկերությունների նախագահի նկատմամբ պատվիրված սպանությունը եւ հանցավոր մտահղացումը նախապատրաստելիս ձերբակալվել են Երեւանի բնակիչներ՝ «Հատուկ գնդի» վետերանների խորհրդի համանախագահ, փոխգնդապետ Գեւորգ Տեր-Գեւորգյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության գումարտակի հրամանատարի տեղակալ, միլիցիայի մայոր Մարտիկ Բուդաղյանը, ՀՀ պետական եկամուտների նախարարության օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակից Ստեփան Նիկողոսյանը եւ ուրիշներ։
Ս/թ հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԱՆ եւ ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության համատեղ գործունեությամբ ձերբակալվել է նաեւ Ռուսաստանում գտնվող հանցավոր խմբի անդամներից մեկը՝ ՀՀ պետական եկամուտների նախարարության Երեւանի Էրեբունու հարկային տարածքային տեսչության օպերատիվ բաժնի նախկին պետ Կորյուն Մելիքջանյանը։ Սպանությունն իրագործելու նպատակով վերոհիշյալ հանցավոր խմբի անդամները նախապես ուսումնասիրել են գործարարի հնարավոր երթուղիները, նախապատրաստել հեռակառավարվող պայթուցիկ սարք՝ վերջինիս ավտոմեքենայում տեղադրելու համար։
Ձերբակալության եւ դրան հաջորդած խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են հեռակառավարվող պայթուցիկ սարքը, «ԱԿՄ» տեսակի երկու ինքնաձիգ, ամերիկյան արտադրության «Լյուգեր» տեսակի մեկ ինքնաձիգ, «Մակարով» տեսակի երկու եւ «Բերետտա» տեսակի մեկ ատրճանակ, 1 աղեղնազեն, տարբեր տրամաչափի շուրջ 700 փամփուշտներ՝ իրենց փամփշտակալներով եւ այլ ռազմական պարագաներ։
ՀՀ դատախազությունը ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ կատարելու փաստի առիթով հարուցել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
ՀՀ ԱԱՆ հասարակայնության եւ մամուլի հետ կապի ծառայություն