Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 06,2000 00:00

«ԿԱՄԱԿՈՐ ԾԵՐՈՒԿԻ» ՍԱՆՁԱՀԱՐՈՒՄԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ «Սամվել Բաբայան+14» գործով նահագահող դատավոր Սուրեն Ալեքսանյանի «շնորհիվ»՝ ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի պատվիրակության այցը ԼՂՀ նախատեսված մեկ օրվա փոխարեն տեւեց 3 օր։ Ստեփանակերտ էին մեկնել նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը, փոխնախագահ Վարդան Հարությունյանը, հանձնաժողովի անդամ Հովհաննես Ասրյանը եւ առաջատար մասնագետ Սիլվա Մարկոսյանը։ Այցի նպատակն այդ դատավարությանը ներկա գտնվելն ու Սամվել Բաբայանի հետ հանդիպելն էր։ Հանձնաժողովի անդամները ցանկանում էին ճշտել Սամվել Բաբայանի նկատմամբ կիրառված բռնարարքների մասին լրատվամիջոցներով սերմանված կասկածների իսկությունը։ Թե ինչպես իրենց հաջողվեց իրականացնել այդ նպատակը՝ «Առավոտին» պատմեց Վարդան Հարությունյանը։ Ըստ այդմ, նրանք դատարանի դահլիճում էին մնացել շատ կարճ, ներկա էին գտնվել վկաների հարցաքննությանը. «Արտառոց որեւէ բան չնկատեցինք»։ Դատաքննության ընդմիջմանը մոտեցել էին դատավոր Սուրեն Ալեքսանյանին եւ փորձել ամբաստանյալներին հանդիպելու թույլտվություն խնդրել։ Ընդմիջենք, ներկայացնելու համար, թե այս եւ հետագա շփումներից ինչ տպավորություն էր ստացել Վարդան Հարությունյանը 70172ամյա դատավոր Սուրեն Ալեքսանյանից. «Ճիշտն ասած, նրա հետ հանդիպելուց հետո եկա մի հստակ եզրահանգման, որ մարդկությունն իրոք երկա՜ր ճանապարհ է անցել հասկանալու համար, թե որոշակի տարիքից հետո մարդիկ անպայման պետք է գնան թոշակի։ Նա ինձ մի կամակոր ծերուկ էր հիշեցնում. ինչ172որ տարիքում նրանք իրենց են միանշանակ ճիշտ համարում եւ որեւէ առարկություն չեն ընդունում։ Առավել եւս՝ եթե իշխանություն ունեն»։ Սուրեն Ալեքսանյանը ուշադիր լսել է նրանց եւ տեղեկացրել, որ արդեն իսկ «Կարմիր խաչի» նույն խնդրանքը մերժել է։ Բնականաբար, կոլոբոկյան տրամաբանությամբ («ես տատիկից հեռացել եմ, ես պապիկից հեռացել եմ՝ քեզանից էլ կհեռանամ»), դատավորի ուղեղում պիտի հարց ծնվեր, որը եւ նա ուղղել է Հայաստանի նախագահին առընթեր հանձնաժողովի ներկայացուցիչներին. «Իսկ ձե՞զ ինչու պիտի չմերժեմ որ»։ Իրավապաշտպաններն առանձնապես չեն ազդվել այս մերժումից, քանի որ պիտի հանդիպեին ԼՂՀ ղեկավարներին ու թերեւս դեռ հույս են ունեցել կարգավորել այս հարցը։ Հանդիպել են ԼՂՀ վարչապետին եւ գլխավոր դատախազին. «Երկուսն էլ մեզ ասացին, թե շատ ուրախ կլինեն, եթե հանդիպումը տեղի ունենա եւ խոստացան անպայման աջակցել»։ Մավրիկ Ղուկասյանի հետ հանդիպելուց հետո նրանք գնացել էին մեկուսարան։ Այստեղ նրանց տեղեկացրել էին, թե ամբաստանյալների հետ ոչ մի տեսակցություն էլ չի լինի, քանի դեռ չեն հանդիպել դատավորին եւ ստացել նրա թույլտվությունը։ Թերեւս կամ ԼՂՀ ղեկավարներն են երկակի խաղ խաղացել, կամ էլ սա այնքան ժողովրդավարական երկիր է, որ դատական իշխանությունն իրոք անկախ է իրեն պահում մյուս ճյուղերից։ «Դատավորն արդեն տեղեկացել էր այս ամենի մասին եւ համարում էր, որ իր իրավունքների նկատմամբ ոտնձգություն ենք արել»,- պատմեց պրն Հարությունյանը։ Իրեն շրջանցելու փորձերին ի պատասխան, պրն Ալեքսանյանն ահա թե ինչ էր ձեռնարկել։ Երբ հանձնաժողովականները նորից էին գնացել նրա դուռը, որ էլի խնդրեն՝ Սուրեն Ալեքսանյանն ավտոմեքենայից իջնելով, առանց նրանց անգամ իր հայացքին արժանացնելու՝ ներս էր մտել եւ նրա ետեւից դուռը ծածկել էին։ Խնդրել էին, որ նրան հաղորդեն, թե իրենք եկել են. «Փոխանցեցին, թե ասում է, որ սպասեք»։ Կանգնում են, մի քիչ սպասում, չհավատալով, թե դատավորն իրենց սպասեցնել կտա։ Նրանց խնդրանքով, դատավորի թիկնապահը եւս մեկ անգամ է ներս մտնում եւ ասում, թե ովքեր են սպասողները։ «Ես գիտեմ,- պատասխանում է Սուրեն Ալեքսանյանը։- Թող սպասեն»։ Բնականաբար, նրանք հեռանում են։ Հաջորդ առավոտյան իրավապաշտպաններին զանգահարել եւ տեղեկացրել էին. «Վարչապետն ամեն ինչ պայմանավորվել է եւ հանդիպումը տեղի կունենա։ Գնացեք ու հանդիպեք»։ Վերադարձել են եւ… հանդիպումը նորից չի կայացել։ Միայն երեկոյան, երբ նրանք գործադիր եւ անգամ օրենսդիր իշխանության ղեկավարներին խառնել էին իրար, ահագին չարչարվելուց հետո կարողացել են դատարանի դահլիճում, ոստիկանների եւ դատախազության աշխատակիցների ներկայությամբ զրուցել Սամվել Բաբայանի եւ մյուս ամբաստանյալների հետ։ Ընդսմին, այս զրույցից նրանց եզրակացություններն են անգամ խեղաթյուրվել։ Ստեփանակերտից վերադարձած գործընկերուհուս՝ Ռուզան Մինասյանի վկայությամբ, Արցախի հեռուստատեսությամբ տեղեկատվություն էր տարածվել, թե իբր Պարույր Հայրիկյանն «Ամեն ինչ լավ է, հիասքանչ մարքիզուհի» երգի հանգույն տպավորություններ է ստացել այդ անմոռանալի հանդիպումից։ Թե քանի մղոն է սա հեռու ճշմարտության սահմաններից՝ վկա են այն լրագրողները, որ երեկ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում լսել են Պարույր Հայրիկյանին։ Մեջբերենք Սամվել Բաբայանի եղբոր հետ հանդիպումից պարոն Հայրիկյանի տպավորությունը. «Ես Կարեն Բաբայանին ճանաչել եմ քաղաքապետ եղած ժամանակից։ Առաջին պահին նույնիսկ տատանվեցի՝ ի՞նքն է, թե՞ ինքը չէ իմ դիմաց նստած ու այնպես հյուծված էր… հոգեբանորեն, թե այլ պատճառներով՝ չեմ խորանում»։ Վարդան Հարությունյանը պատմել էր, որ Կարեն Բաբայանը 7 ամիս է անցկացրել մենախցում, տնից որեւէ ծանրոց չէր ստացել եւ խնդրում էր, որ գոնե մեկ ամսվա վաղեմության թերթեր տրամադրվեն իրեն. «Կարենի չափ հուսահատված եւ ընկճված մարդ չէի տեսել»։ Դե, իսկ Սամվել Բաբայանը հաստատել էր իր նկատմամբ կիրառված բռնությունների, խոշտանգումների եւ, ընդհանրապես, լրատվամիջոցներում այս առնչությամբ հրապարակված բոլոր փաստերը։ …Այստեղ ի՞նչն է գլխավորը, որ հայաստանցիների այս էլ երկրորդ պատվիրակությունը ԼՂՀ-ում նման վերաբերմունքի է արժանանում։ Եվ ճիշտ են անում՝ ի՞նչ կարիք կա խառնվել «դե ֆակտո կայացած անկախ պետության» ներքին գործերին։ Թող խոշտանգեն իրենց կալանավորներին որքան սրտները ցանկանում եւ ուժները պատում է: Հայաստանում էլ բռնարարքների ենթարկվածների պակաս չկա։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել