Հոկտեմբերի 27-ի գործին ծանոթացողներից մեկն «Առավոտին» մի փաստ հաղորդեց, որ բավական դիպուկ բնութագրում է, թե ինչ մակարդակով էր գործում օպերատիվ հետախուզական խումբը, որ ղեկավարում էր ՀՀ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հրաչյա Հարությունյանը։ Քննչական խումբը հարցում էր արել, թե ինչ կապ կա Ալեքսան Հարությունյանի եւ Վանո Սիրադեղյանի միջեւ (ըստ այն վարկածի, որ նրանք երկուսով են կազմակերպել հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջման փորձը) եւ ստացել ցանկալի պատասխանը, թե Վանոն Ալիկի քավորն է։ Որ դա, մեղմ ասած, ճիշտ չէ՝ ՆԳՆ-ում շատերը գիտեին ու թերեւս նաեւ ինքը՝ Կրակեմ Հրաչը։
Ի դեպ, նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաեւ մի հայտնի լրագրող։
ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն կոմիսարի գրասենյակը Հայաստանում, ի պատասխան փախստականների ցույցերի, հանդես է եկել հայտարարությամբ։ Այդ փաստաթղթում ասվում է, որ չի կարող նպաստել Հայաստանում գտնվող փախստականների տեղափոխմանը այլ երկրներ, քանի որ այստեղ փախստականների կյանքին եւ անվտանգությանը անմիջական վտանգ չի սպառնում, եւ նրանց խնդիրները, ինչպես եւ Հայաստանի ամբողջ բնակչության, զուտ սոցիալական բնույթ ունեն։
ԿԱՄՐՋԻ ՎՐԱՅՈՎ ԱՆՑՆՈՂԸ
ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Սեմյոն Բաղդասարյանը նաեւ Դավիթաշենի կամրջի համահեղինակն է։ Կամրջի վրայով պարոն Բաղդասարյանն արդեն անցել է եւ, կարելի է ասել, որ հին Գյումրվա սովորության համեմատ՝ կամուրջը փորձարկվել է։ Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ պարոն Բաղդասարյանը կանգներ կամրջի տակ։