Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 05,2000 00:00

Ծանր է եւ համառորեն կայուն Այն, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ամսի 2172ին ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ, նախեւառաջ պայմանավորված էր հայկական լոբբիով եւ ԱՄՆ172ում սպասվող նախագահական ընտրություններով։ Թուրքիան արդեն կիսասպառնալիքային հայտարարություններ է արել, սակայն ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ իր ասուլիսում կարծիք հայտնեց, որ Անկարայի հետ Հայաստանի հարաբերությունները զրոյական մակարդակի վրա են, եւ Թուրքիայի լրացուցիչ որեւէ սանկցիա Հայաստանի հանդեպ կլինի անհեռանկար եւ կխոչընդոտի հնարավոր հարաբերությունների հաստատմանը։ Թե Հայոց ցեղասպանության ճանաչումը բացի պատմական ճշմարտության հաստատումից եւ նոր բարոյական հաղթանակից ինչ կտա Հայաստանին, պրն Օսկանյանը չնյութականացրեց։ Նա անգամ հավատում է, թե. «Այդ ճանաչումը հանրային կարծիք է ստեղծում», իսկ Թուրքիայի հասարակ ժողովուրդն էլ կսկսի իրեն հարց տալ. «Մի՞թե իրականությունն այսքան ժամանակ մեզնից թաքցվել է»։ Դժվար է չհիանալ մեր արտգործնախարարի այսչափ միամտությամբ։ Մնում էր ավելացնել միայն, որ այդ հարցը իրար տալուց հետո թուրքերը կընդվզեն սեփական իշխանությունների դեմ՝ պահանջելով ոչ միայն ընդունել Ցեղասպանության փաստը, այլեւ մեր հողերը վերադարձնել։ Հարցին, թե ինչո՞ւ Հայոց ցեղասպանության բանաձեւն ընդունվեց հենց այս շրջանում, պրն Օսկանյանը նախ խնդրեց հայկական լոբբի եւ Հայաստան հասկացությունները չշփոթել, իսկ ավելի կոնկրետ. «Ես չեմ ուզում որեւէ խոր վերլուծություն եւ մեկնաբանություն անել»։ Հանրապետության նախագահն արդեն 2,5 տարի է՝ պաշտոնավարում է։ Այդ ընթացքում Ղարաբաղի հարցը մտել է փակուղի, եւ կարծես արդեն վերադառնում են հարցի կարգավորման ոչ թե փաթեթային, այլ փուլային տարբերակին։ Այս հարցադրմանը պրն Օսկանյանն առարկեց. «Ընդհակառակը»։ Իր «մի՛ հարցրու, մի պատասխանիր»-ի կապակցությամբ արտգործնախարարը նշեց միայն, որ դա նշանակում է. «Ոչ Ադրբեջանը պետք է հարցնի, թե Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի կազմո՞ւմ է, թե՞ դուրս է, ոչ էլ Ղարաբաղը պիտի հարցնի՝ ինքը Ադրբեջանից դո՞ւրս է, թե՞ Ադրբեջանի կազմում է»։ Իսկ սա փաթեթային մոտեցում է, եւ Ընդհանուր պետության գաղափարախոսությունը՝ առանց անունը տալու։ Վերջերս Ռոբերտ Քոչարյանը մի առիթով ասել էր, որ առանց իր եւ Ալիեւի բանակցությունների՝ Ղարաբաղի խնդրի կարգավորումը համարյա հնարավոր չէ։ Այս կոնտեքստում «Առավոտը» Վարդան Օսկանյանից փորձեց պարզել, թե Ադրբեջանի նախագահ Ալիեւի վատառողջության եւ դրա տրամաբանական շարունակության դեպքում մեր արտգործնախարարությունը վերլուծե՞լ է Ադրբեջանում հետագա քաղաքական զարգացումները. «Պարզ է, որ մեր վերլուծական բաժինները նման սցենարներ քննարկել են։ Համենայնդեպս, եկեք չմտնենք սպեկուլյատիվ բաների մեջ։ Այսօրվա դրությամբ, կարծում ենք, նախագահի առողջությունը բավական կայուն է, որքան մեզ են հայտնում»։ Արդեն վաղուց ծեծված եւ հարազատ արտահայտություն կա. «Առողջական վիճակը ծանր է, բայց կայուն»։ Ճիշտ, ինչպես մեր արտաքին քաղաքականությունը։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել