Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 05,2000 00:00

«5+1 ՖՈՐՄԱՏԻ» ՇՈՒՐՋ Երեքշաբթի օրը հանդիպել են վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու ԱԺ այն խումբ-խմբակցությունների նախագահները, որոնք պնդում են, թե ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանի հրաժարականն ընդունված է։ Այսօրինակ հանդիպումները, որ առաջիկա շաբաթվա ընթացքում դեռ կլինեն, լրագրողները հասցրել են անգամ անվանակոչել՝ «5+1 ֆորմատ» անունով։ Այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ նախագահ Ռ.Քոչարյանն ու հիշյալ խմբակցությունները հանդիպեցին, եւ երբ նախագահն ինքը դիմեց Սահմանադրական դատարան՝ վերջինները հասկացան, որ խորհրդարանում սկսված խաղն, ըստ էության, տանուլ է տրված, որ իրենք, դեռ ջուրը չտեսած, շտապել են բոբիկանալ։ Ինչեւէ, վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպմանն այս անգամ մասնակցել էր նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ իհարկե, առայժմ լսողի դերում։ Սակայն ԱԺ-ում սեպտեմբերի 26-ին ընդունված որոշումից ավելի քան մեկ շաբաթ անց էլ, խորհրդարանում այս հարցի առնչությամբ այդպես էլ հստակություն չի մտցվել։ Պարզ է միայն, որ «Միասնություն» դաշինքը գոնե մոտ ապագայում չի տրոհվելու։ Թե ի՞նչն է նրանց պահելու միեւնույն դաշինքի կազմում, այնքան էլ պարզ չէ։ Գլխավորն այստեղ այն է, որ այս ուղղությամբ աշխատում է նախագահ Քոչարյանը։ Ինչո՞ւ՝ առայժմ քիչ հասկանալի է։ Հավանական է, որ հակառակ դեպքում խորհրդարանում դժվար կլինի «Միասնության» ստանձնած պատասխանատվությունը մեկ այլ ուժի վրա բարդելը։ ԱԺՄ-ի, ՍԻՄ-ի ներկայացուցիչները, որ մասնակցել էին երեքշաբթի կայացած հանդիպմանը, խոստովանեցին, որ այստեղ որոշակի պայմանավորվածություններ չեն եղել։ Բանակցություններն, ըստ նրանց, շարունակվում են եւ դրանց հիմնական նպատակը խորհրդարանում համագործակցության մթնոլորտ ձեւավորելն ու օրինաստեղծ աշխատանքով զբաղվելն է։ ՍԻՄ խորհրդի անդամ Հայկ Բաբուխանյանն անդրադառնալով խորհրդարանում 99-ի ընտրություններից ի վեր գոյություն ունեցող ստատուս-քվոյին, ասաց, թե ինքը եղած ստատուս-քվոյի պահպանման իմաստը չի տեսնում, առավել եւս, որ փորձը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն եւ ՀԺԿ-ն իրենց նախընտրական ծրագրի իրագործման իմաստով ե՛ւ մարտավարական, ե՛ւ ռազմավարական տեսանկյունից տարբեր մոտեցումներ ունեն։ Նա, իհարկե, նշեց, որ՝ «Հավանաբար ՀՀԿ-ն եւ ՀԺԿ-ն չեն հրաժարվում «Միասնություն» դաշինքից եւ փորձեր են անում այն պահպանել»։ Թե ի՞նչ արդյունք այն կունենա, թերեւս, դժվար է ասել։ Առայժմ ՀԺԿ-ի եւ մասնավորապես Ստեփան Զաքարյանի պնդմամբ, խորհրդարանում առկա ստատուս-քվոն պետք է պահպանվի։ Վերջինս միաժամանակ նշեց, թե ՀԺԿ-ն չի զղջում իր կայացրած որեւէ որոշման համար եւ հավատարիմ է մնում մինչ այս իր որդեգրած դիրքորոշմանը։ Իհարկե, չի բացառվում, որ այդ ստատուս-քվոն, այնուամենայնիվ, փոխվի եւ ՀԺԿ-ՀՀԿ փոխհամաձայնության մթնոլորտում Տիգրան Թորոսյանն ընտրվի ԱԺ նախագահ, իսկ «Միասնության» նախագահի թափուր պաշտոնը ստանձնի որեւէ ՀԺԿ-ական։ Այսօր դեռեւս խորհրդարանական կուլիսներում, վստահ են, որ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ի որոշումը ոչ սահմանադրական կհամարի հիմնականում նիստի կանոնակարգային բազմաթիվ խախտումների պատճառով։ ՀԺԿ գործիչներից ոմանք կարծիք հայտնեցին նաեւ, որ եթե ՀՀԿ-ն հրաժարվի ԱԺ նախագահ ունենալու իր հավակնություններից, այդ դեպքում գուցե ՀԺԿ-ն ինքը Արմեն Խաչատրյանին փոխարինի մեկ այլ ՀԺԿ-ականով։ Իհարկե, ԱԺ-ում ներկայացված այն խումբ- խմբակցությունները, որոնք փորձում էին պղտոր ջրում ձուկ որսալ, թերեւս, այսպես էլ ձեռնունայն մնան։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել