«Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտում գտնվող թղթակիցը երեկ հաղորդեց, թե ըստ որոշ տեղեկությունների, Սամվել Բաբայանը դատավորի եւ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի հետ զրույցում բացահայտել է, որ Ղարաբաղի զորամասերում առկա չգրանցված զենքերը նախատեսված էին Քրդական բանվորական կուսակցության համար։
Ըստ «Ազատության», Ռոբերտ Քոչարյանը կտրականապես հերքել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի եւ բանակի նախկին հրամանատարի այս բացահայտումը, ասելով, թե անգամ մի զենք դուրս չի եկել Ղարաբաղի սահմաններից։ «Առավոտի» աղբյուրները, սակայն, պնդում են, թե այդ չգրանցված զենքերը նախատեսված էին Հայաստանի երկիշխանության փուլում ղարաբաղցիներից նախագահական «գվարդիա» կազմավորելու համար։
ԾԱՆՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև
Ժառանգելով նախորդ հանցավոր ռեժիմից դղյակներ կառուցելու հաճելի սովորությունը, ներկա բյուրեղապակյա ռեժիմի ներկայացուցիչները առանձնատների ակտիվ շինարարություն են սկսել Սեւանի թերակղզում, որն, ի դեպ, ազգային արգելափակոց է։ Դատելով շինարարությունն իրականացնող զինվորների կցկտուր բացատրություններից, առանձնատները նախատեսված են ուժային կառույցների եւ իրավապահ մարմինների «վերնախավի» համար։
«ՋԵՐՄ» ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
«Սամվել Բաբայան +14» քրեական գործի դատաքննությունը վարող Սուրեն Ալեքսանյանն իր ընդունարանում երկար սպասեցրել է Հայաստանի նախագահին առնթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանին եւ նույն հանձնաժողովի երեք այլ ներկայացուցիչների։ Առանց պարոն Ալեքսանյանի ընդունելությանն արժանանալու՝ իրավապաշտպանները հեռացել են, երբ պարզել են, որ ծերունի դատավորը միտումնավոր է սպասեցնում իրենց։
Մանրամասները՝ «Առավոտի» վաղվա համարում։