Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 04,2000 00:00

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՑ Դատական հերթական նիստը երեկ սկսվեց ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի ցուցմունքներով, ապա ավարտվեց Ամուլյային (Արմեն Աբգարյանին), Ս. Բաբայանի նախկին պաշտպան Ալեքսանդր Գալստյանին, ՀՕՊ-ի (հակաօդային պաշտպանություն) պետ Էրիկ Հայրիյանին եւ ՆԳՆ պոլիկլինիկայի բժիշկ Սերգեյ Մովսիսյանին որպես վկաներ դատարան հրավիրելով։ «Ես մեղադրանքից չեմ խուսափում» Երեկ բարձրախոսն անջատվեց ճիշտ այն պահին, երբ Ս. Բաբայանը ցուցմունքներ սկսեց տալ։ Նա ասաց, որ 1998-ին ստեղծվել էր անվստահության մի մթնոլորտ, երբ նշանակվեց նոր վարչապետ՝ Ժ. Պողոսյանը։ Ցանկացած իրավիճակ կապվում էր իր եւ իր միջավայրի անվան հետ։ Ս. Բաբայանն ասաց, որ հունվար-փետրվարին ընդհանուր խոսակցություն էր դառել «նախագահին խփելու հարցը»։ Շատ բաների մասին, ըստ ՊԲ նախկին հրամանատարի, նախագահը տեղյակ չէր։ Եվ սերմանվում էր փոխադարձ անվստահություն նախագահի ու իր միջեւ՝ ուժային կառույցների, առանձին մարդկանց կողմից։ Ցուցմունքներ տալու պահին կամ մեղադրողը կամ դատավորը հաճախ ընդհատում էին Ս. Բաբայանին եւ ասում. – Անուններ տվեք։ Կարծես նպատակը միայն դա լիներ եւ ոչ ահաբեկչական գործողությունը, որը կատարվել էր սեփական երկրի նախագահի դեմ։ Ս. Բաբայանն ասաց նաեւ, որ հրավիրվել է զինվորական- սպայական կազմի հավաք եւ 90%-ը համաձայն էին իշխանությունն իրենց ձեռքը վերցնելուն, այդ հավաքի ժամանակ կողմ են եղել նաեւ հարցը ուժային եղանակով լուծելուն, ինչին դեմ է եղել Սամվելը, ինչին ներկա է գտնվել Ամուլյան՝ թիկունքի գծով պետը, որը հաստատեց, որպես վկա, որ այո, «Ս. Բաբայանը դեմ էր ուժային բաներին»։ Ա. Աբգարյանին, ինչպես Ս. Բաբայանին, ընդհատեցին, թե՝ «ո՞վ ա հարցը դրել քննարկման» կամ «ո՞վ խոսեց առաջինը…»։ Ս. Բաբայանն իրավիճակային գնահատական տալով, ասաց, որ «ամբողջ իր շրջապատը, որ մեղադրում էին, թե օրենք է խախտում, հասցրել է տեղափոխվել մյուս նավ»։ Նա ասաց նաեւ, որ իր պաշտոնանկությունից հետո սկսվեցին ձերբակալություններ, հետապնդումներ Վալերա Բալայանի դեմ, իբր ոչ ճիշտ գումարներ է ծախսել, որը Վարդան Թաշճյանի հետ հեռուստաելույթում քննադատել էր նախագահի վարած քաղաքականությունը, Հադրութի քաղաքապետի դեմ «ոչ ճիշտ հողօգտագործման նպատակով»։ «Ես պատրաստ եմ դատվել» Ս. Բաբայանն ասաց, որ իր հնարավորությունը զսպելու՝ եղել է 8 ամիս։ «Ես պատրաստ եմ դատվել, ոնց ուզում եք»,- նշեց նա եւ ապա շարունակեց, որ հարցն ուժային ձեւով լուծելու համար իրեն են մոտեցել Սասուն Աղաջանյանը, Դավիթ Ղուլյանը, Արարատ Մուսայելյանը, Վարուժան Մելքումյանը՝ Արամ Դանիելյանի միջոցով… Արարատն այդ պահին ասաց՝ «սուտ ես ասում», Էրիկը, որ նստած էր կողքին, ինչ-որ բան ասաց։ Որքան երեւաց, Արարատը խփեց Էրիկին։ Սա առաջին բախումն էր վանդակաճաղի ներսում։ Ղարաբաղի Ազգային հերոսն ասաց, որ իրեն ձերբակալել էին մարտի 22-ի երեկոյան, ժամը 6-ին (լույս 23-ի գիշերը)։ «Գվարդիայի տղաները, երբ որ ներկայացան եւ հրավիրեցին ԱԱ շենք, ասացին, որ ոչ թե ձերբակալում են, այլ հրավիրում, բայց պարզվեց, որ դիմակավորված հրավեր չի լինում։ Մեկուսարանում ինձ հանդիպել է պետը՝ Սերգեյ Սողոմոնյանը։ Այդ տղաներն իսկույն թողել են շենքը ու դուրս եկել։ Այդ մարդն ինձ ասել է, որ դուք ձերբակալված եք եւ պետք է իջնեք առաջին հարկ։ Իջել ենք։ Այլ իրեր՝ փողկապ…, հանձնել եմ, մտել մեկուսարան՝ խցիկ։ 24-ին քննիչ Հայրապետյանն է եկել հարցաքննության՝ զենքի մասով, ակցիզային հարկ չմուծելու հարցով, իմ տրամադրության տակ գտնվող մեքենայի…, նաեւ հարց է տվել դեպքի կապակցությամբ։ Իմ եւ նախագահի հարաբերությունների մասին ես ասել եմ, որ որեւիցե դեպքի կապակցությամբ կապ չունեմ, որ կոնկրետ ինձ ազատող նախագահը Հայաստանի նախագահն է։ Եթե դժգոհություն էլ ունեմ, ապա կարող եմ դժգոհություն ունենալ Հայաստանի նախագահից։ Մարտի 29-ին, 30-ին իմ դեմ գործում է բռնություններ։ Իսկույն, առանց իմ խնդրանքի բժշկական օգնություն են ներկայացնում, սկսում սրսկումներ, բացատրում են՝ ցավազրկող դեղեր են։ Մարտի 22-ից, մոռացա ասել, որ ես հացադուլի մեջ էի 10 օր, դիմում եմ՝ տեղափոխել հիվանդանոց, վիճակս վատանում է, այս անգամ չէի կարողանում բարձրանալ տեղից (օգնելով էին ներս ու դուրս բերում)։ Ապրիլի 3-ին, ես չեմ հիշում, քննություն է վարվել, թե ոչ, ի վիճակի չեմ եղել քննության, ասում են, որ ես իբր վերցրել եմ իմ վրա, որ հրաման եմ տվել։ Ինձ չեմ տիրապետել։ Դա պարզ ասում եմ, որ իմ ասածները այս մասով գոնե ճշտվի, որ 9-րդ հատորում Բաբայան Սամվելը չկա, դա հետագայում են մտցրել։ Մայիսի 5-ին նոր քննիչ է ներկայանում, նոր պաշտպան՝ պետության կողմից նշանակված։ Հարցաքննության ժամանակ ես գրում եմ, որ դատախազությանը չեմ վստահում։ Մայիսի 6-ին գալիս են հարցաքննության։ Պնդում եմ մայիսի 24-25-ը եւ մայիսի 5-ից քննության ավարտը տված ցուցմունքներս»։ Թե ինչպես է մեղադրողը պաշտպանում մեղադրանքը – Ամբաստանյալ Բաբայան, երբեւէ իշխանության ձգտե՞լ եք, ցանկություն ունեցե՞լ եք դառնալ վարչապետ,- հարցաքննության հերթը մեղադրող Ղուկասյանինն էր։ – Ոչ։ – Հիշո՞ւմ եք 06.06.98թ. ձեր մամլո ասուլիսը։ – Այո։ – Ձեր հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ։ – Այո։ – Ի՞նչ եք ասել այնտեղ։ – Ասել եմ, որ եթե որեւիցե մեկը չի ուզում վարչապետի պատասխանատվությունը վերցնի իր վրա՝ ես պատրաստ եմ։ – Ուրեմն պնդո՞ւմ եք, որ ցանկացել եք դառնալ վարչապետ։ – Դա ցանկություն չի, դա եղել է կրիտիկական պահ, որտեղ որ չեն որոշում, թե ով է լինելու վարչապետը։ Դա ցանկություն չի եղել։ – 11 դեկտեմբերի 99թ. ձեր հարցազրույցը «Գոյամարտում» հիշո՞ւմ եք։ (Ընթերցում է՝ «Որեւիցե մեկը չի վախում։ Չի վախեցրել, որ վախենաք։ Ես ուղղակի խնդրում եմ՝ չփորձեք գրգռել մարդկային ներվերը, որ արդեն իրոք փորձ եմ արել, վախեցրել»)։ Ի՞նչը նկատի ունեիք, ո՞ւմ էիք ուզում վախեցնել։ – Ես որեւիցե մեկին չէի ուզում վախեցնել։ Ես ուզում էի ձեզ, անձամբ ձեզ՝ որպես դատախազ, հասկացնել, որ չի կարելի մարդկանց ուղղակի որպես հավի ճտեր ձերբակալել, ստից քրեական գործեր հարուցել։ – Գուցե 22-ի դե՞պքը նկատի ունեիք։ – Նկատի ունեի իմ-քո խոսակցությունը, որ դուք իմ հետ խոսակցության ժամանակ ասել էիք իմ մոտիկների ձերբակալման մասին։ Շարունակեք ընթերցել։ – «Իհարկե, եթե մարդուն մտցնում են օղակի մեջ, կարող է իրոք քայլ անի, որ վախենան»։ Նկատի ունեի՞ք 22-ի դեպքը։ – Նկատի չեմ ունեցել։ Իմ մտքով 22-ի դեպք չի եղել։ Մարդուն երբ մտցնում են օղակի մեջ, կարող է քայլ անի, որ վախենաք։ Դա միտք է, որ բխում է իրավիճակից։ Շարունակելի ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել