ԱՆՀԱՐՄԱՐ ՀԱՐՑ Եթե խորհրդարանի նոր խոսնակ ունենալ172չունենալու հարցը հայրենի ԱԺ172ում առողջ աշխուժություն է առաջացրել, ապա հասարակ ժողովուրդը, մեղմ ասած, անտարբեր է՝ ով կլինի հաջորդը, կամ կլինի, թե ոչ։ Որպեսզի խոսքը մերկապարանոց չհնչի, ստորեւ ներկայացնում ենք «Առավոտի» փոքրիկ հարցախույզը Պետկրկեսի մատույցներից։ Մեր հարցը անցորդներին՝ հետեւյալն էր. 172 Հետեւո՞ւմ եք խորհրդարանի վերջին իրադարձություններին եւ ո՞ւմ կնախընտրեիք տեսնել ԱԺ նախագահի աթոռին։ Այն, ինչ ասացին հավաքված տաքսու վարորդները եւ «52» ավտոբուսի մի տարեց ուղեւոր, պարզապես պատշաճ չենք համարում ներկայացնել։ Ուղղակի նշենք, որ լսելիքի համար բավականին անհաճո խոսքեր եւ արտահայտություններ հնչեցին պատգամավորների հասցեին՝ ընդհանրապես, ներկա ԱԺ նախագահի եւ հնարավոր թեկնածուի մասին՝ մասնավորապես։ Քանի որ բուն կրկեսի շրջակայքում երկար կանգնելը ավելի հետաքրքիր եւ հիմնավոր պատասխաններ, որքան հասկացա, չէր ենթադրում, քայլերս ուղղեցի դեպի հրապարակ։ «Բարեկամ, բարի աչքեր ունես, գուցե պատասխանե՞ս հարցիս» սկզբունքով ընտրեցի բարեհաճ արտաքինով մեկին։ Պարզվեց՝ գործազուրկ իրավաբան, ԵՊՀ երբեմնի ուսանող Ստեփան Վարդանյանն է. «Ես էն կարծիքին եմ, որ առանց էս ԱԺ172ի, մեր կյանքը կբարելավվի։ Այս խորհրդարանի փոխարեն պետք է ստեղծել գործուն օրենսդիր, մասնագիտական մարմին, այլ ոչ թե քաղաքական։ Քանի որ մտածելու ունակ, օրենք ստեղծելու ունակ որակ այս խորհրդարանում չկա, ստիպված քաղաքական շաղակրատանքով են զբաղված։ Այս տեսքով խորհրդարան ունենալը այս պետության համար շռայլություն է եւ վնասակար է մեր ժողովրդի առողջության համար»։ Քիչ վերեւ Հայաստանի պատմության թանգարանից դուրս եկող երիտասարդ աղջիկները հարցիս վրա ծիծաղեցին՝ միայն ասելով. «Զզվում ենք բոլորից էլ»։ Հասմիկ Սուքիասյանը նկարչուհի է. «Երբ հեռուստացույցով խորհրդարանն են ցույց տալիս, ալիքը շրջում եմ։ Քաղաքականությամբ չեմ զբաղվում»։ Հրապարակի փոստատան մոտ գտնվող արեւածաղկի սերմ վաճառող Գեւորգ պապիկը հարցս ընկալեց որպես անվճար արեւածաղիկ «պոկելու» միջոց եւ գլուխը բացասաբար շարժեց՝ ոչ մի հատիկ։ Քիչ անց, չգիտեմ ինչու, ամաչեցի հարցիցս ու վերադարձա խմբագրություն։ Լ. ԱՎԱԳՅԱՆ