Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 04,2000 00:00

«ԼՈ՞Մ ԵՔ ՈՒԶՈՒՄ՝ ԲԵՐԵ՛Ք ԱՅՆ, բայց մի փաթաթեք այդ լոմը քրդատօրով» Աշոտ Բլեյանի բազմիցս նետած այս մարտահրավերն ի վերջո ընդունվեց, եւ դատարանն ու ոստիկանությունը դիմեցին ուժային ներգործության։ Երեկ, դռնբաց վերջին դատական նիստի սկզբում Աշոտ Բլեյանը բողոք ներկայացրեց նախորդ օրը դատարանում «անհարկի լարվածություն» առաջացրած իրավապահների դեմ, որոնք վիրավորանքներ էին տեղացել անգամ ուղեկցող դասակի վրա։ Աշոտ Բլեյանը բազմաթիվ «քաղցր» խոսքեր ասաց նրանց հասցեին, որոնցից ամենամեղմը «մոնղոլ172թաթարներն» էր։ Թե ինչ որակումների կարժանանա երեկ երեկոյան ոստիկանների արածը՝ չենք իմանա, քանզի դատավոր Իսկուհի Վարդանյանի որոշմամբ՝ դատավարությունը շարունակվելու է դռնփակ։ Բայց ամեն ինչ հերթով։ Նախորդ օրվա պես՝ երեկ Աշոտ Բլեյանն էլի, իր արտահայտությամբ՝ անհոգնել պնդում էր, որ մինչեւ դատաքննության ավարտն է կրկնել իր միջնորդությունները եւ հայտարարել. «Համբերատար սպասում եմ դատավորի կողմից օրենքով որոշված կարգով իր պարտականության կատարմանը՝ միջնորդություններին պատճառաբանված լուծում տալուն»։ Թերեւս, առանձին ներկայացնենք, թե ինչ միջնորդություններ են դրանք, որ պարզ լինի՝ արդարացվա՞ծ է այն համառությունը, որով Բլեյանը պայքարում է դրանց պատասխանը ստանալու համար։ Իսկուհի Վարդանյանն էլ շարունակ կրկնում էր, որ դատական վիճաբանությունների փուլում միջնորդություններ չեն քննարկվում։ Այստեղ պրն Բլեյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե դատական վիճաբանությունների փուլը սկսված է՝ որտե՞ղ են տուժողները։ Դատավորը նրանց մասին չէր էլ հիշել այս օրերի ընթացքում եւ երեկ նոր տեղեկացրեց, թե տուժողները բազմիցս ծանուցվել են։ Այլ հարց է, թե այս գործում գրեթե չկան անձինք, որ դատարանում ընդունած լինեին Բլեյանից տուժած լինելը։ Դատական վիճաբանությունների փուլն էլի հնարավոր չեղավ սկսել. Աշոտ Բլեյանը վերոնշյալ պատճառներով խոչընդոտում էր պետական մեղադրողների ճառ ասելու փորձերին։ Դատավարության մասնակիցների փոխադարձ վիրավորանքների եւ աղմուկի ընթացքում դահլիճը գերազանցապես դիտորդի դերում էր, բայց Իսկուհի Վարդանյանը դեռ նախորդ օրվա նիստի ձախողման մեղքն էր բարդել դահլիճում գտնվողների վրա եւ երեկ էլ, պատրվակ դարձնելով դատարանում տիրող անկարգությունները, որոշեց հոկտեմբերի 5172ին դռնփակ դատական նիստ անցկացնել։ Թերեւս դատավորը ստիպված լինի երկրորդ քայլն էլ անել եւ դարձյալ առանց ամբաստանյալի ներկայության նրան մեղադրելու հնարավորություն տալ։ Այլապես Աշոտ Բլեյանը, մեկ է, թույլ չի տա ոտնահարել պաշտպանության իր իրավունքը եւ հապշտապ վճիռ կարդալ։ Ի դեպ, դռնփակ դատավարությունը նա «շատ ավելի պարկեշտ» անվանեց եւ բացահայտեց. «Դա իմ ծրագիրն էր, որ դուք ներկա չլինեք»։ Այս խոստովանությունը նա արեց դատավորի եւ պետական 3 մեղադրողների՝ դահլիճից հեռանալուց հետո։ Աշոտ Բլեյանը եւ ամբաստանյալ 2 կանայք հրաժարվեցին դուրս գալ ճաղավանդակից։ Ի նշան բողոքի՝ դահլիճում մնացին նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատակիցները եւ Բլեյանի մերձավորները։ Շուրջ 2 ժամանոց այս յուրօրինակ նստացույցի ընթացքում Աշոտ Բլեյանը ներկաների համար Սահմանադրության եւ Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներն էր կարդում։ Ըստ այդմ, դռնփակ դատական նիստեր կարող են անցկացվել «հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով»։ Ակնհայտ է, որ այս պատճառները բացակայում էին այս պարագայում եւ հերթական անհիմն որոշումն էր դատավարությունը դռնփակ անցկացնելը։ Անգամ Բլեյանն էր ընդունում. «Դահլիճն ինչո՞վ է խանգարել։ Ե՛ս եմ խանգարել»։ Որեւէ տարակույս չունեինք, որ ոստիկաններն ի վերջո պիտի փորձեին Աշոտ Բլեյանին բռնի ուժով հանել վանդակից։ Մանավանդ՝ արդյունավետ չէին նրան համոզելու փորձերը, որ ինքը կամովին անի դա։ Միայն անհասկանալի մնաց. եթե նրանք վստահ էին, որ իրենց արածը օրենքի շրջանակներում է՝ ինչո՞ւ թույլ չէին տալիս «Հայկական ժամանակի» թղթակցին լուսանկարել այն պահը, երբ մեր հերոսական ոստիկանները միասնական ջանքերով, քաշքշելով ու հրելով վանդակից դուրս էին բերում Աշոտ Բլեյանին։ Ինչո՞ւ հետո փակեցին դահլիճի դռները, որ ներկաները չկարողանան դուրս գալ ու մարդիկ հուսահատությունից դուռն էին ջարդում։ Ոստիկանների այդ հսկա բազմության դեմ ի՞նչ կարող էին անել «Հայկական ժամանակի» խմբագիրը, լրագրողները կամ ուսուցիչ կանայք, որ մի կերպ դուրս պրծնելով՝ ոստիկանական մեքենայի դիմացն էին փորձում փակել, եւ ամեն մեկի վրա միանգամից մի քանի ոստիկան էր հարձակվում…8230 Լոմն այլեւս չփորձեցին փաթաթել քրեական դատավարության օրենսգրքով։ Մնում է, որ դատավճիռն էլ հայտարարեն դռնփակ դատական նիստում եւ ավարտվի «Օրինականություն ենք խաղում» այս ներկայացումը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել