Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 03,2000 00:00

ՀԴՄ-Ն ԱՀ ՈՒ ՍԱՐՍԱՓ Է ՏԱՐԱԾՈՒՄ Հոկտեմբերի 1-ից կրպակներում, վրաններում եւ որոշակիորեն հարմարեցված համանման տարածքներում ՀԴՄ-ների ներդրման մասին ՀՀ կառավարության որոշումը հոկտեմբերի 2-ին դեռեւս չէր սկսել իրագործվել։ Ավելին, շատերն անգամ չգիտեին. այդ որոշումը իրենց վրա տարածվում է, թե՝ ոչ։ Մենք արդեն արձանագրել ենք, որ չնայած սոցիալական ճնշումներին, կրպակավաճառների ցույցերի ու ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի ծանրակշիռ խոստման, ՀՀ կառավարությունը վճռականորեն որոշեց չհետաձգել թիվ 271 որոշումը։ Օր առաջ քաղաքակիրթ առեւտրի անցնելու ձգտումը «խեղդում» էր աշխարհի ամենաքաղաքակիրթ կառավարությանը, ուստիեւ որոշվեց հոկտեմբերի 1-ից կրպակներում, վրաններում եւ որոշակիորեն հարմարեցված համանման տարածքներում տեղադրել ՀԴՄ-ներ։ Մեր հայրենի կառավարության հետեւողականությանն ու վճռականությանը որոշեցինք հետեւել հենց տեղերում։ «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնում ՀԴՄ-ների մասին անգամ հեռավոր խոսակցություններ չկային։ Մարդիկ սովորական, հանգիստ առեւտուր էին անում։ Իմ զարմացած հարցին, թե ՀԴՄ-ներ չե՞ք տեղադրում՝ առեւտրականներից ավելի զարմացած պատասխաններ լսեցի. «Չէ, մեզ ոչ մի բան չեն ասել», «Չէ, երեւի դա յարմրկաների վրա չի տարածվում»։ Իսկ կոշիկ վաճառող մի տղա, երբ իմացավ լրագրող լինելուս հանգամանքը, որոշեց ՀԴՄ-ների ներդրման մասին իր նկատառումները հայտնել. «Ախր, էդ կասսովի ապարատները որ տեղադրեն, ոչ մեկին օգուտ չի տա։ Հիմա, ասենք, էս կոշիկը 15 դոլարով եմ ծախում, որ դա դնեն, ստիպված 18 կամ 20 դոլարով պետք է ծախեմ։ Նախ առնող չի լինի, մարդիկ առանց էդ էլ գնում են երկրից, հետո էլ հիմա միայն տեղի համար ենք փող տալիս, դրանից հետո ստիպված համ տեղի համար պետք է փող տանք, համ կասսովի ապարատի»։ Ի տարբերություն «Այրարատ» տոնավաճառի վաճառողների անտեղյակության, բժշկական ինստիտուտի մերձակայքում տեղադրված կրպակների մի մասը փակ էին։ Աշխատող կրպակների վաճառողները հայտնեցին, որ իրենց գործընկերները ի նշան բողոքի փակել են կրպակներն ու միացել ցույցին։ Երբ զրուցեցի այստեղի կրպակավաճառների հետ, նրանցից մեկն ասաց. «Ես 2 ինստիտուտ եմ ավարտել եւ ստիպված եմ անցել էս աշխատանքին։ Ինքս շատ լավ հասկանում ու ընդունում եմ ՀԴՄ-ների ներդրումը, բայց արդյո՞ք այսօրվա կրպակավաճառը պատրաստ է գնալ դրան»։ Կառավարության վճռականության արտահայտությանը որոշեցինք հետեւել նաեւ ծայրամասերից մեկում։ Ազատության պողոտայի կրպակները աշխատում էին, երբ խոսք բացեցի ՀԴՄ-ների մասին, քիչ մնաց հարձակումների թիրախ դառնայի։ «Իբր թե ամեն ինչ նորմալ էր, հիմա էլ կասսովի ապարատն էր պակասում։ Էդ ինչո՞վ ենք առնելու։ Մարդկանց ձեռքը փող չկա՝ հաց առնեն, էդ ապարատը ո՞նց ենք առնելու։ Ըհը, նայի՝ էս նիսյայով առնողների ցուցակն է, գնալով ամեն ամիս էս թիվը մեծանում է։ Էս պետությունը մարդկանց փող է տալի՞ս, որ մարդիկ էլ փողով առեւտուր անեն»,- զայրացած պատմում էր մի կրպակավաճառ։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ՀԴՄ-ների տեղադրումը նպաստում է բյուջեի կատարմանը։ Մեզ մոտ՝ Հայաստանում ՀԴՄ-ների ներդրման հետեւանքով մուրացկանների շարքերը կհամալրեն կամ լավագույն դեպքում Հայաստանից կհեռանա դեռեւս մի կերպ, մանր առեւտրի միջոցով իր գլուխը պահող խավը։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել