Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 03,2000 00:00

Հացի խնդիրը բարձրացնում է նախագահի «կուսակցությունը» Հնարավո՞ր է Հայաստանում սոցիալական հեղափոխություն։ Բոլոր արտաքին նշաններով՝ այո։ Խորքում՝ ոչ։ Երեկ առավոտից Ազատության հրապարակում հավաքվելով, մոտ հինգ հազարանոց փոքր ձեռներեցությամբ զբաղվողները ուղեւորվեցին դեպի նախագահի նստավայր։ Այստեղ արդեն ՆԳ աշխատակիցները սպասում էին։ Բախումներ չեղան։ Ցուցարարները, առայժմ, հանգիստ ցույցի կողմնակիցներ են։ Մարդիկ շարունակում են հավատալ, ավելի ճիշտ՝ քանի որ ուրիշ ճար չունեն, ստիպված են հավատալ։ Թեպետ ցուցարարների միջից հաճախ էին հնչում ընդհանրական գնահատականներ. «Սա միայն ՀԴՄ172ների հարցը չէ, սա հացի խնդիր է», «Քոչարյան, ժինգյալով հաց չենք ուզում, սովորական հաց ենք ուզում», «Մենք քեզ չենք ընտրել, ում որ ընտրել էինք՝ սպանեցիք», այս եւ այսօրինակ բղավոցներով ցուցարարները ժամանակ առ ժամանակ խախտում էին Բաղրամյան փողոցի լռությունը։ Բայց սրանից այն կողմ ցուցարարները չէին անցնում։ Թեպետ մի երիտասարդ անընդհատ ուզում էր «իշխանություններին հասկացնենք, որ սրա վերջը վատ է լինելու, մի օր էլ կգանք172կտանք ճաղերը կկոտրենք ու ձեր հարցերը կլուծենք»։ Այնուամենայնիվ, «բարի ցարի» մասին հիշողությունը երեւի շատ է արմատացած ժողովրդի մեջ։ Ցուցարարների մի խումբ վարչապետի ոտքը գնաց։ Մոտ երկու ժամ ոչ մի լուր չկար։ Ի վերջո պարզվեց՝ Դավիթ Զադոյանի հետ են հանդիպել, հետո՝ Անդրանիկ Մարգարյանի։ Վերջինս, հավանաբար, ոչ մի սոցիալական հեղափոխության էլ չի հավատում, քանի որ ցուցարարների ղեկավարներին ասել է, թե ՀԴՄ172ների հարցը փակված է, որոշումն արդեն կայացված է։ Ժողովուրդը ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի ոչ մի ասածը այլեւս լուրջ չի ընդունի, քանի որ պրն Թորոսյանը անցած հինգշաբթի կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներին ՀԴՄ172ների ներդրման սառեցման մասին բառացիորեն խոստացել էր հետեւյալը. «Ժողովուրդ ջան, որ մի բան խոստանում եմ, ուրեմն անում եմ։ Եղե՞լ է մի բան՝ խոստանամ ու չանեմ»։ Անդրանիկ Մարգարյանից «խեր չտեսնելով» մարդիկ կրկին փորձեցին նախագահ Քոչարյանին տեսնել։ Բայց, մինչ ցուցարարները փակել էին Բաղրամյան փողոցի որոշակի հատվածը, նախագահ Քոչարյանը սեփական «կուսակիցներից» խույս տալով հեռացել էր անհայտ ուղղությամբ (համենայնդեպս՝ ցուցարարների համար անհայտ)։ Ցուցապաստառներից մեկին գրված էր հետեւյալ նախադասությունը. «Քոչարյան, պաշտպանիր «հարկային բեռի թեթեւացում» նախընտրական կարգախոսդ»։ Ստորագրությունը՝ ժողովուրդ։ Ափսոս, նախագահը չկարդաց այդ պաստառը, գոնե կիմանար, թե իր «կուսակցությունը» իրենից ի՞նչ է ուզում։ Հավանաբար ցուցարարների համառությունը մի պահ խիստ ազդեց հատուկ ծառայությունների ծպտյալ եւ անթաքույց աշխատակիցների վրա, քանի որ օրվա վերջին հատուկ նշանակության ջոկատ բերվեց եւ շարվեց նախագահի «կուսակցության» եւ նախագահի միջեւ։ Այս բանը ժողովրդին մի պահ ափերից հանեց, բայց մարդիկ ոչինչ չձեռնարկեցին. «Այս հատուկ զորքը բերել են, որ ժողովրդի դեմ պայքարեն, թող դուրս գան, թող պատասխան տան, մենք վայրենի չենք»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել