Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 03,2000 00:00

«ՊՌՈՍՏԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՔ ՍՏԵՂԾՈՒՄ» Երեկ, ըստ էության, չշարունակվեց «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործի դատաքննությունը։ Մինչ դատաքննությունը սկսելը, ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Սուրեն Ալեքսանյանը իր մոտ հրավիրեց ներկա լրատվամիջոցներին՝ «կիսապաշտոնական- ընկերական» զրույցի։ Ակնհայտ էր, որ նրան դուր չեն գալիս հատկապես հայաստանյան լրատվամիջոցների առանձին հրապարակումները, նրան դուր չի գալիս, երբ դատավարական որոշ նորմեր իր կատարմամբ հարցականի տակ են դրվում։ Նա շա՜տ էր նեղացել, երբ իրեն քննադատել էին, որ երկար է մնում խորհրդակցական սենյակում (մի տեղ, ուր ասում են՝ կապի միջոցներ կան- Ռ. Մ.)… Այնպես հասկացանք, որ ինքը շարունակելու է «ես որ ասում եմ ես՝ նշանակում է դատարանը հետս է» կարգախոսն անշեղորեն կենսագործել, եւ հետեւելու է լրատվամիջոցների «աղավաղումների» համար «ռապորտներ» ներկայացնել դատախազությանը (չասաց՝ ՀՀ՞, թե՞ ԼՂՀ)։ Ս. Ալեքսանյանին դուր չէր եկել նաեւ փաստաբաններ Ժ. Շաքարյանի, Է. Չինարյանի եւ Ցվետանա Պասկալեւայի մամլո համատեղ ասուլիսը ու նա խոստացավ այդ կապակցությամբ «չակերտներ բացել» (հասկացրեց, որ վարչական պատժամիջոցներ, պատասխանատվության լա՜յն հնարավորություններ ունի եւ…- Ռ. Մ.)։ Այսպես «սիրալիր» բաժանվեցինք նրանից՝ դատարանի դահլիճում կրկին հանդիպելու «բուռն» ցանկությամբ։ Դատական նիստը սկսվեց ժամը 10.25-ին։ Դատավորի պատճառաբանությունը հետեւյալն էր (նիստը նշանակված ժամից ուշացնելու). «գործի օգտին որոշ հարցերով» զբաղված լինելը։ Նախագահողը ստիպված հիշեցրեց պաշտպաններ Ժ. Շաքարյանին եւ Է. Չինարյանին, որ «երբ գնում են Հայաստան՝ փաստերը չաղավաղեն», այլ՝ «օգնեն դատարանին իսկությունը պարզելու, որպեսզի գործը քննվի օբյեկտիվ, մինչեւ վերջ»։ Նա նշեց, որ հայաստանցի երրորդ փաստաբանը՝ Արմեն Մանուկյանը (որը Ս. Բաբայանի թիկնապահ Վարուժան Մելքումյանի պաշտպանն է) «խաբել է իր պաշտպանյալին, իբր պայմանագիր է կնքված, հետագայում պարզվել է՝ չի կնքված» եւ, փաստորեն, մեղադրեց Ա. Մանուկյանին, որ իր պարտականությունները մինչեւ վերջ չի կատարել։ Ս. Բաբայանի պաշտպան Ժ. Շաքարյանն ասաց, որ դեռ անցյալ հինգշաբթի ինքը միջնորդել էր, որ մինչեւ Սամվել Բաբայանի ցուցմունք տալը հանդիպի իր պաշտպանյալի հետ, որպեսզի որոշվի, թե ի՞նչ ծավալով, ինչպե՞ս տրվի այդ ցուցմունքը։ Սակայն, ըստ փաստաբանի, մինչ այդ հարցաքննվել են մոտ 20 վկաներ։ Ի դեպ, երբ դատավորի հետ «կիսաընկերական» զրույցի էինք, այնտեղ ես ասացի, որ դատավորը խախտում է ապացույցների հետազոտման կարգը, որոշված կարգը, այն է՝ լսել ամբաստանյալներին, տուժողներին, ապա՝ վկաներին։ Դատավոր Ս. Ալեքսանյանն իր հերթին հասկացրեց, որ ինքը որոշել է ժամանակ շահելու նպատակով ամբաստանյալին… թողնել եւ լսել… վկաներին… Ժ. Շաքարյանն ասաց, որ կողմնորոշվելը դժվար է այս դեպքում եւ միջնորդեց, որ դատարան գա ԼՂՀ տուժող-նախագահը՝ Ա. Ղուկասյանը։ Նա գտնում էր, որ որոշ հարցերի «պարզաբանումից գուցե կախված լինի այն հարցը, թե ովքեր են եղել իսկական կազմակերպիչները»։ Տուժողի ներկայացուցիչ, նախագահի խորհրդական- պատգամավոր Կարեն Բաբուրյանն ասաց, որ Ա. Ղուկասյանն ի վիճակի չէ դատարան գալու եւ կա համապատասխան փաստաթուղթ։ Մեկ այլ Ղուկասյան՝ մեղադրողը, փաստաբանի այս միջնորդությունը գնահատեց «դատաքննության ուղղությունը փոխելու» փորձ (թե ի՞նչ ուղղություն է՝ գլխի չենք ընկնում- Ռ. Մ.) եւ անիմաստ համարեց նախագահի դատարան ներկայանալը. «Ինչի՞ չեք հետաքրքրվում մյուս տուժողով, որը ներկա չէ»,- ասաց նա եւ պնդեց, որ նիստը պետք է շարունակվի։ Դատարանն, առաջնորդվելով մեղադրողի նախանշած հերթական ուղղությամբ, մերժեց տուժող-նախագահին դատարան կանչելը, վկայակոչելով նաեւ այն, որ «բժիշկները խորհուրդ չեն տալիս հրավիրել նրան դատական նիստի»։ Ս. Բաբայանի պաշտպանը հազիվ հասցրեց առարկել, որ այդ բժշկական փաստաթուղթը տրված է սեպտեմբերի 14-ին, որ նախագահն աշխատանքի է գնում, սակայն դատավոր Ալեքսանյանը, որի ջրերը ակնհայտորեն Շաքարյանի իրավական առվով չեն գնում, գրեթե զայրանալով ասաց. «Էստեղ ժողով չի։ Դուք խաբել եք դատարանին, մեկնել Հայաստան։ Չխանգարեք։ Փաստաբանները խանգարում են դատը վարել»,- ապա… վեր թռավ տեղից՝ հայտարարելով ընդմիջում։ Այս բոլորը տեղի ունեցավ 20 րոպեի ընթացքում։ Կարճ դադարից հետո, ժամը 11.45-ին դատավորը դիմեց Սամվել Բաբայանին, որ ցուցմունք տա։ Ահա նրանց միջեւ ծավալված երկխոսությունը. – Ուժե դելո գիտեք։ Կամաց-կամաց պատմեք ոնց է եղել, ինչ է եղել։ – Ես ի վիճակի չեմ տալ ցուցմունք։ – Զրույցի ժամանակ ասացի. հավաքեք ձեր էմոցիան, լիշնի էմոցիա հարկավոր չէ, դուք հասկացել եք, որ եթե էդպես գնա, գործին օգուտ չի բերելու։ Պռոստը արտակարգ դրություն եք ստեղծում ինձ համար, ձեզ բացատրվել է երկու անգամ։ Դուք ասացիք, որ կպատմեք եւ մյուս հարցը, ինչպես հիշում եք… հիմա ի՞նչն է խանգարում, դե ստուգվում է, էլի։ – Խնդիրն այն է, որ պետք է կողմնորոշվեմ։ Նիստը հետաձգվեց եւ այսօր հավանաբար Ս. Բաբայանը կսկսի իր ցուցմունքը։ Դատավորը վերջին շնչում հասցրեց զգուշացնել «Չչարաշահել եւ չօգտվել հանգամանքներից»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Ստեփանակերտ Հ. Գ.- Երեկ ԼՂՀ ԳԴ-ում էր Հայաստանի ԱԺ պատգամավոր Կիմ Բալայանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել