Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած այցի կարեւոր արդյունքներից մեկը, որի մասին ակնարկել էր էներգետիկայի նախարար պարոն Գալուստյանը, էներգետիկայի բնագավառում ռուս-հայկական համատեղ ձեռնարկության ստեղծման մասին համաձայնագրի կնքումն է։ Լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, թե այս համաձայնագրից անմասն չէ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Տարոն Սահակյանը։ Վերջինս, ի դեպ, մոսկովյան պաշտոնական շրջանակներում միանշանակ ընդունելության չի արժանանում եւ սրա հիմնական պատճառն այն է, որ Տ.Սահակյանի անվան հետ են կապվում էներգետիկ բնագավառում հայ-ռուսական համագործակցության վերջին շրջանի ձախողումները։
ԹՈՒՐՔԻԱՆ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է ԱՄՆ-ԻՆ
Թուրքիան մշակել է ծրագիր 34 կետից՝ այն դեպքում, եթե ամերիկյան Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը։ Ծրագիրը նախատեսում է մասնավորապես թուրքական օդուժի Ինջիրլիք հենակետից ամերիկյան կործանիչների վտարում, Իրաքի հետ հարաբերությունների վերականգնում, ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության սառեցում։
Կարդացեք նաև
ԽԱԹԱՄԻՆ ԿՈՉ ԱՐԵՑ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԻՍՐԱՅԵԼԸ
Իրանի նախագահ Մոհամադ Խաթամին պետական ռադիոյին տված իր հարցազրույցում հայտարարեց, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորման միակ միջոցն է Իսրայել պետության վերացումը։ Այդ լուրը հաղորդած gazeta.ru էլեկտրոնային թերթը մեկ այլ հաղորդագրությամբ հայտնում է, որ հերթական անգամ հետաձգվել է Հեյդար Ալիեւի այցը Թեհրան։ Հետաձգումը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։
ՀԱՄԱՄԻՏ ԵՆ
Հոկտեմբերի 1-ին ՀԿԿ կենտկոմի պլենումում հավանության են արժանացել Հայկոմկուսի խմբակցության քայլերը։ Ըստ այդմ, կուսակցության ղեկավարությունը կիսում է այն տեսակետը, որ Արմեն Խաչատրյանին պաշտոնանկություն պարտադրելն իշխանության բռնազավթման փորձ էր։
Սեփ. լր.