Ըստ «Առավոտին» հասած տեղեկությունների, Մերգելյանի ետնամասում կառուցվող առանձնատունը, որի պատկանելության մասին զանազան լուրեր են պտտվում, ձեւակերպված է ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) անունով։
Ո՞Ր ԵՐԿՐԻ ՕՐԵՆՔՆ Է ԳՈՐԾՈՒՄ
Պռոշյան փողոցում, Հունաստանի դեսպանատան շենքի մոտ երեկ միջադեպ է եղել։ ՀՀ մի քաղաքացի ավտոմեքենան կանգնեցրել է այդ հատվածում՝ ավտոմատ հեռախոսից օգտվելու համար, սակայն նրան է մոտեցել դեսպանատան հերթապահը՝ երկու աստղանի ուսադիրներով եւ արգելել ավտոմեքենան կանգնեցնել այդտեղ։ Քաղաքացին զարմացել է. կանգառն արգելող երթեւեկության որեւէ նշան տեղադրված չէ, ուրեմն ինչո՞ւ է արգելվում։ Հերթապահ երիտասարդը կոպիտ պատասխանել է. «Գնա ГАИ, թող գան՝ նշան դնեն…»։ Քաղաքացին, որը այս միջադեպից է միայն իմացել, որ խորովածանոցների շարքում է գտնվում Հունաստանի դեսպանատունը, ասել է, թե «դեսպանատունը պետք է նախեւառաջ ցանկապատեր այդ տարածքը եւ երկրորդ՝ Հայաստանում միայն մեր օրենքները պետք է գործեն եւ ոչ թե…»։
Կարդացեք նաև
ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի հետ։ Չի բացառվում, որ խոսվել է «Միասնությունն» առայժմ պահպանելու, խորհրդարանը չցրելու եւ ընդհանրապես՝ պահը ավելի հանդարտ եւ առանց բախումների անցկացնելու հարցը։
Երեկ տեղի ունեցավ նաեւ ՀԺԿ քաղաքական խորհրդի նիստ։ Խորհրդի անդամները քննարկեցին վերջին ներքաղաքական զարգացումները, խորհրդարանում ՀԺԿ -ՀՀԿ հետագա հարաբերությունների հարցը։ Ավելի մանրամասն տեղեկություններ քաղաքական խորհրդի ընթացքի մասին ՀԺԿ գրասենյակը չհայտնեց։