Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԲՈԼՈՐՆ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ ՄԱՔՈՒՐ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ, ԲԱՑԻ ԱԺ-ԻՑ»

Սեպտեմբեր 30,2000 00:00
Ara Sahakyan

Խորհրդարանի հիմնական զանգվածն Արմեն Խաչատրյանի հրաժարականի օրն ակնհայտորեն առաջին անգամ էր բացում ԱԺ կանոնակարգն ու Սահմանադրությունը։ Եվ ով ում որտեղ բռնում՝ շտապում էր գլխին կարդալ այդ օրենքներից իր «հայտնագործությունները»։ Սակայն նախորդ Ազգային ժողովի տարբեր ղեկավարներն էլ, չնայած, անհամեմատ ավելի կարդացած են եւ լավատեղյակ Հայաստանի օրենսդրությանը՝ էլի իրարամերժ պատասխաններ են տալիս այն հարցին, թե խորհրդարանն այժմ նախագահ ունի՞։

Անակնկալ էր խորհրդարանական աշխատանքի 10 տարվա փորձառություն ունեցող ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի մոտեցումը. «Մաքուր իմաստով՝ Արմեն Խաչատրյանը հրաժարական չի ներկայացրել. վիճակի ծիծաղելիությունը հենց դա է։ Այդ 6 ժամվա ընթացքում նա ունեցավ ներքին ալեբախումներ եւ սկսելով վախվորած ու մշուշապատ հիմնավորումներից, թե խորհրդարանում ինչ-որ չերեւացող կայունությունը պահպանելու համար ինքը հրաժարական է տալիս՝ եզրափակեց ճակատամարտը հաղթանակով ավարտած հրամանատարի արիասիրտ ելույթով։ Կարծում եմ, որ ԱԺ նախագահը հետ է կանչվում պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ, եւ նման որոշում այդ օրն ԱԺ-ն չի ընդունել»։

Արա Սահակյանը գտնում էր, որ այս խնդրում «էրուդիցիաների մրցակցությունը պետք է դադարեցնել եւ դիմել ՍԴ-ին եզրակացություն ստանալու համար»։

Այսուհանդերձ, եթե հրաժարական ներկայացնելու վերաբերյալ պրն Խաչատրյանի առաջին հայտարարությունը «մաքուր իմաստով» հրաժարական չէր՝ ուրիշ ի՞նչ անուն կարելի է դրան տալ՝ վստահության քվեի ակնկալի՞ք, գուցե, այնուամենայնիվ, հետկա՞նչ։ Այս երեք տերմիններն էլ պրն Խաչատրյանն օգտագործել էր իր ելույթներում։

«Խորհրդարանում վստահության քվեի հասկացությունն՝ ըստ Սահմանադրության, կիրառելի է միայն կառավարության առնչությամբ,- պարզաբանեց պրն Սահակյանը։- Այս դեպքում գործընթացը սկսվեց իբրեւ հրաժարական եւ ավարտվեց անհասկանալի մի վիճակում։ Բայց, կարծում եմ, քաղաքական գործընթացների գնահատման առումով սա երկրորդական է կամ ընդամենը ֆոն»։

Իսկ քաղաքական գնահատականը նախ այս էր. պարզորոշ ընդգծվեց՝ այս ԱԺ-ն քաղաքական մարմին չէ. «Մենք ունենք մի մարմին, որ ավելի հիշեցնում է բիրժայի, որտեղ ամեն ինչ որոշվում է սակարկությունների միջոցով։ Ամենայն հավանականությամբ, հարցի քննարկման եւ քվեարկության միջեւ իրավիճակը (ինչպես բիրժայում նախնական եւ վերջնական գները) փոխվեց»։

Արա Սահակյանը համարում էր, որ կառավարությունն է ձգտում ԱԺ-ում ձեւավորել նոր հենարան. «Իսկ նախագահական թեւը ջախջախեց կառավարության այդ ցանկությունը եւ եւս մեկ անգամ փշրեց ու մասնատեց խորհրդարանը՝ այն դարձնելով ավելի կառավարելի»։

Այս օրերին լրատվամիջոցներում զուգահեռներ հրապարակվեցին այս եւ ԱԺ նախագահի 1998-ի փետրվարի 4-ի հրաժարականների միջեւ։ Բաբկեն Արարքցյանն ընդունեց, որ մեծամասնությունը պիտի ունենա իր խոսնակը։ Արմեն Խաչատրյանը դա չի ցանկանում ընդունել։ Քաղաքական առումով արդարացվա՞ծ է այդ համառությունը։ «Սա ՀԺԿ-ի կարապի երգն է։ Ըստ էության, այդ կուսակցությունը՝ որպես քաղաքական գործոն, մեղմորեն հրաժեշտ է տալիս։ Եվ Արմեն Խաչատրյանի մտափոխման վրա մեծ ազդեցություն ունեցավ ՀԺԿ-ի հուսահատ ձգտումը՝ ինչ-որ ձեւով պահպանել դիրքերը,- ի պատասխան ասաց պրն Սահակյանը։- Հիմա, եթե իրոք ձեւավորվել է մեկ այլ մեծամասնություն, ապա ԱԺ նոր նախագահի ընտրությունը միայն ժամանակի եւ տեխնիկայի խնդիր է»։

Մեր դիտարկմանը, թե ՀԺԿ-ն լիովին արժանի էր նման վերաբերմունքի՝ իր անհետեւողականության, դիրքորոշումային տարուբերումների համար՝ Արա Սահակյանն այսպես արձագանքեց. «Այո, պատահական ոչինչ չկա։ Պարզապես ստացանք եւս մի ցցուն ապացույց ի վնաս այն ծրագրերի, երբ քաղաքական կազմակերպությունների անվան տակ՝ մարդիկ համախմբվում են անձերի շուրջ։ Ըստ էության, ՀԺԿ-ն ասպարեզ չբերեց որեւէ նոր գաղափար կամ ծրագիր։ Իր բովանդակությամբ եւ մարդկային ռեսուրսներով սա նորացված կոմունիստական կազմակերպություն է»։

Իսկ գուցե ՀԺԿ-ն դեռ շա՞նս ունի փոխելու իրավիճակը. ԱԺ-ում նույն Կոմկուսի, «Իրավունք եւ միաբանության» եւ գուցե «Հայաստանի» հետ համագործակցելով կարող են հասնել հարաբերական մեծամասնության։ «Երբե՛ք»,- ասաց պրն Սահակյանը եւ իր պնդումը հիմնավորեց ՀԺԿ-ն ներկայացնող պատգամավորների խիստ տարաբեւեռ մոտեցումներով, որ ապացույց է, թե այդ կուսակցությունում չկա հստակ տեսակետ, ասենք, ներկա իշխանության եւ ընդհանրապես՝ առանցքային այլ հարցերի շուրջ. «Սա ապացույց է, որ ՀԺԿ-ն քաղաքական որոշումներ ընդունելու ոչ ունակ կազմակերպություն է»։

Ինչ վերաբերում է այն մեծամասնությանը, որ կառավարությունն է փորձում ձեւավորել ԱԺ-ում՝ «Սա հակասում է Սահմանադրության տրամաբանությանը. խորհրդարանական մեծամասնությունը պետք է ձեւավորեր կառավարություն։ Բայց մեր երկրում, ինչպես բոլոր հարցերում, այստեղ նույնպես օրիգինալության պակաս չենք զգում։ Նախագահը ձեւավորել է կառավարություն, որը, իր հերթին, ձգտում է ձեւավորել խորհրդարանական մեծամասնություն։ Սլաքը հակառակ ուղղությամբ է եւ հարվածի թիրախ է դարձել խորհրդարանը։ Բոլորն այս վիճակից մաքուր դուրս կգան, բացի Ազգային ժողովից։ Այն եւս մի հարված կստանա եւ առավել կհեղինակազրկվի, կբարոյազրկվի, կդիմազրկվի։ Այսինքն, այսօր երեւակվում է այն, ինչ դրվել էր 1999-ի խորհրդարանական ընտրությունների հիմքում՝ ձեւել գործադիր իշխանության համար հլու, հնազանդ խորհրդարան»։

Իսկ արդյոք քաղաքական, գաղափարախոսական, թեկուզ պաշտոնեական հավակնությունների առումով կենսունակ եւ կայուն կլինի՞ վերադասավորումների արդյունքում ձեւավորված նոր համագործակցությունը, որքա՞ն կտեւի դրա կյանքը. «Այնքան, որքան Անդրանիկ Մարգարյան վարչապետի կյանքը,- պատասխանեց պրն Սահակյանը։- Ըստ էության, սա ժամանակավոր ալյանս է՝ հանուն ԱԺ-ում այս կառավարության համար քիչ թե շատ անխռով կյանք ապահովելու»։

Ռուսաստանից Ռոբերտ Քոչարյանի վերադարձին սպասում էին, ինչպես մի մեսիայի, որ պիտի գա եւ լուծի ծագած կնճռոտ հարցերը։ Բայց ինչպե՞ս նա դա պիտի անի։ Ասենք, Արմեն Խաչատրյանին պիտի հրահանգի հեռանա՞լ ԱԺ նախագահի առանձնասենյակից։ Ըստ պրն Սահակյանի, իշխանական փոխհարաբերություններում բացառիկ դեպքերում են ուղիղ խոսքեր ասվում. «Մի անհանգստացեք, հասկացնելու ձեւ կգտնեն»։ Նա համաձայնեց մեր այն դիտարկմանը, որ այս դեպքում ակնարկներ արդեն արված են՝ դիմավորողների ցանկից Արմեն Խաչատրյանին դուրս թողնելով, «թիկունքի մասին» Ռոբերտ Քոչարյանի դատողություններով։

Վերլուծաբանները, սակայն, դիտարկում են նաեւ այն տարբերակը, որ գործադիր իշխանության ղեկավարը խորհրդարանական ճգնաժամի այս առիթը կարող է օգտագործել ԱԺ-ն լուծարելու համար. «Բայց Քոչարյանը բավականին խելացի մարդ է եւ չի զրկի իրեն ճակատագրի այնպիսի նվերից, ինչպիսին այս դիմազուրկ խորհրդարանն է։ Խորհրդարանի լուծարման հարցում ամենաքիչ շահագրգռվածն ինքն է, եթե, իհարկե, ներքին կամ արտաքին անդիմադրելի ճնշում չլինի»,- վստահ էր ԱԺ նախկին փոխնախագահը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930