Դուք Սահմանադրությամբ պարտավոր եք երջանիկ լինել ՀՀ Սոցիալական ապահովության նախարարի հասարակական կարգով խորհրդական Հովսեփ Պողոսյանը երեկ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացրեց իր գրած հայեցակարգը հայ ընտանիքի վերաբերյալ։ Որպեսզի այս ոչինչ չասող նախաբանը հասկանալի լինի եւ, առհասարակ, ինչ-որ ձեւով հնարավոր լինի ընկալել, թե որ հայեցակարգով է հայ ընտանիքը ի վիճակի երջանիկ լինել կամ, ասենք, դժբախտ, պրն Պողոսյանն առաջարկեց վերախմբագրել ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածը հետեւյալ կերպ. «Յուրաքանչյուր ոք ունի երջանիկ ընտանիք, իսկ երեխաները՝ երջանիկ մանկություն ունենալու իրավունք»։ «Երջանիկ» հասկացությունը պրն Հովսեփ Պողոսյանը մոռացել էր բացատրել։ Նա նաեւ իր խոր մտահոգությունն ու դժգոհությունը հայտնեց, որ մինչ օրս գիտականորեն չի բացատրված, թե ինչ է սերը. «Այո, մենք բոլորս էլ սիրում ենք, գիտենք, բայց դե…»։ Այս միտքը որոշակի աշխուժություն առաջ բերեց դահլիճում, սակայն հայ ընտանիքի ծանր ներկան եւ անկանխատեսելի ապագան ավելի լուրջ քննարկում էին ուզում։ Ներկաները հատկապես ոգեւորությամբ ընդունեցին այս առաջարկը. հասարակության մեջ ընտանիքի նշանակությունն ու արժեքը ավելի ընդգծելու նպատակով պետականորեն սահմանել «Ընտանիքի տոն»։ Ավելի խանդավառեցնող էր, որ այդ տոնի օրը ոչ աշխատանքային է լինելու։ Պրն Պողոսյանի հայեցակարգը ներկաները այնքան էլ բուռն չէին քննարկում. նախընտրում էին սեփական կարծիքները շարադրել։ Ո՞րն է ընտանիքի սահմանումը, հայ ընտանիքը պե՞տք է վերադառնա նահապետական իր սովորույթներին, թե՞ ոչ, պե՞տք է ունենալ շատ երեխաներ, երբ նրանց պահանջարկը, փաստորեն, չկա, թե՞ պետք չէ։ Այս հարցերը չունեին իրենց կոնկրետ պատասխանները, սակայն ներկաները որոշեցին իրենց ասելիքը գրավոր ներկայացնել համընդհանուր քննարկման եւ գտնել պատասխանները։ Լ. Ա.