Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 30,2000 00:00

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՐՍԱՅԻ Անցնող շաբաթը նշանավորվեց նրանով, որ խորհրդարանը հայտնվեց սահմանադրական, օրենսդրական եւ քաղաքական փակուղում։ Ժողովրդական լեզվով ասած, Հանրապետական կուսակցության եւ մասնավորապես ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի՝ ԱԺ նախագահին փոխելուն ուղղված ցեցը խլրտոց գցեց խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի մեջ եւ ավարտվեց նրանով, որ այսօր Ազգային ժողովն, ըստ էության, նախագահ ե՛ւ ունի, ե՛ւ չունի։ Տակավին պարզ չէ, թե այս անհեթեթ իրավիճակը կհանգուցալուծվի օրենսդրության շրջանակներում կամ խորհրդարանում ներկայացված ուժերի քաղաքական խորհրդակցությունների եւ համաձայնության մթնոլորտո՞ւմ, թե՞ բանը կհասնի բռունցքների գործադրմանն ու խորհրդարանի լուծարմանը։ ԱԺ նախագահը երկու ոտքը մի կոշիկի մեջ է դրել եւ հրաժարվում է իր պաշտոնանկության որոշումն ընդունված համարել։ Խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը, բացառությամբ՝ ՀԺԿ-ի եւ Կոմկուսի, պնդում են, թե ԱԺ-ն այլեւս նախագահ չունի։ Արբիտրի դերն այս դեպքում վերապահվում էր հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, թեեւ, ըստ ամենայնի, այս շիլան հենց նա էր եփել։ Երեկ ԱԺ նիստերը կամ, որ ավելի ճիշտ է, Արմեն Խաչատրյանին բոյկոտող խումբ-խմբակցությունների նախագահները հանդիպեցին Ռ. Քոչարյանին։ Հանդիպմանը ներկայացել էին խորհրդարանական այն ուժերը, որոնք դեռ չորեքշաբթի հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, թե չեն մասնակցի «ԱԺ նիստերին, որոնք կղեկավարվեն պաշտոնանկ խոսնակի կողմից»։ Ավելի քան երկու ժամ տեւած հանդիպումից պարոնայք օրենսդիրները դուրս եկան դեմքի սառն ու լուրջ արտահայտությամբ։ Նրանք նախագահի նստավայրի դիմաց իրենց դիմավորող լրագրողներին փորձեցին համոզել, թե հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են նախագահի Մոսկվա կատարած այցելությանը, տնտեսությանը, աշխարհաքաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր։ Ու միայն լրագրողների հարցերը ստիպեցին խմբակցությունների ղեկավարներին անցնել հանդիպման բուն թեմային։ «Ո՞ւմ ենք շնորհավորելու իբրեւ ԱԺ նոր նախագահ» հարցադրմանն ի պատասխան «Օրինաց երկիր» խմբակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց՝ «Ոչ մեկին։ Նախագահ չենք ունենալու»։ Բացառությամբ ՀՅԴ խմբակցության նախագահ Դավիթ Լոքյանի, մյուսները խիստ սակավախոս թվացին։ Պարոն Լոքյանը տեղեկացրեց, թե հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ ԱԺ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու, այս խնդիրն ընդհանուր համագործակցության շրջանակներում լուծելու հարցը։ Որքան հասկացանք Դ.Լոքյանի մեկնաբանություններից, նախագահը հարցի լուծումը թողել է ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերին։ «Առաջիկայում այդ բանակցությունները կվարվեն նաեւ, բնականաբար, ՀԺԿ-ի եւ քաղաքական մյուս ուժերի հետ միասին։ Եթե կարողանանք՝ կշարունակենք, եթե ոչ՝ նոր ընտրություններ կլինեն, ի՞նչ է եղել»,- ասաց նա։ Վերջինս ավելացրեց, որ եթե փոխզիջում լինի, ապա դա պետք է լինի բոլորի միջեւ։ «Իսկ ո՞ր դեպքում է նախագահը հնարավոր համարում խորհրդարանի լուծարումը»։ Ի պատասխան լրագրողի այս հարցին, պարոն Լոքյանն ասաց. «Երբ քաղաքական ուժերը չեն կարողանա գտնել ընդհանուր եզրեր՝ աշխատելու համար։ Այս պետությանը պետք են օրենքներ, քաղաքական կայունություն»։ Իհարկե, հանդիպման ժամանակ Ռ.Քոչարյանն օրենսդիրներին հավաստիացրել է, թե ինքը չի ուզում խորհրդարանը լուծարել, բայց խորհրդարանական այս պատվիրակության անդամներից մեկն ասաց, թե ծայրահեղ դեպքում, ԱԺ լուծարումն անխուսափելի կլինի։ Հանդիպումից հետո լրագրողները ելքի մոտ երկար սպասեցին ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանին, բայց ապարդյուն։ Նա հավանաբար մնացել էր նախագահի դիրքորոշումն այս հարցի առնչությամբ, այնուամենայնիվ, հստակեցնելու եւ խորհրդարանի ու մասնավորապես իր հետագա քայլերը ճշտելու համար, առավել եւս, որ նախագահը հանդիպման ժամանակ ավելի շատ լսել էր, քան խոսել։ Արթուր Բաղդասարյանն ասաց, թե որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բացի նրանից, որ մինչեւ հաջորդ եռօրյան վերոհիշյալ խորհրդարանական ուժերն ու նախագահը մտադիր են կրկին հանդիպել։ Թե ինչ կարող է փոխվել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում՝ այնքան էլ պարզ չէ։ Պարզ չէ այն իմաստով, որ դեռ երեկ գոնե նախագահը հստակ գիտեր եւ գիտե իր անելիքը։ Խելքը գլխին վարչապետ չկա, չկա խորհրդարանական մեծամասնություն, որը կարող է երբեւէ սպառնալ նախագահին եւ ավելի կառավարելի է, քան երբեւէ։ Փոխարենը քաղաքական ուժերն ԱԺ-ն դարձրել են բորսա եւ փորձում են պաշտոններ առնել-ծախել։ Էլ ի՞նչ է պետք Քոչարյանին երջանիկ լինելու համար։ Նա, իրոք, հակված չի լինելու լուծարել միանգամայն խայտառակված Ազգային ժողովը։ Սա առաջին հերթին վերաբերում է «Միասնություն» խմբակցությանն ու հատկապես նրա հանրապետական թեւին։ Ռ.Քոչարյանը փորձելու է այսուհետ եւս հավասարակշռել խորհրդարանական բոլոր խմբակցություններին եւ նրանցից ոչ մեկին, այդ թվում՝ նաեւ ՀԺԿ-ին, չնեղացնել։ Հասարակության շրջանում առանց այն էլ իշխանությունների դեմ բողոքի լուռ, բայց ահագնացող շարժում է նշմարվում եւ Քոչարյանին բնավ պետք չէ, որ ի թիվս այլոց ՀԺԿ-ն ու Կոմկուսն էլ կանգնեն դրանց գլուխ՝ Կարեն Դեմիրճյանի լուսանկարներով եւ «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» կարգախոսներով։ Քոչարյանը, թերեւս, կփորձի զսպել հանրապետականների ախորժակը եւ ԱԺ նախագահի փոփոխության պարագայում անգամ ՀՀԿ-ն դրանից շատ բան չի շահի։ Առավելագույնն, ինչ կտրվի նրան ու մասնավորապես Տիգրան Թորոսյանին՝ կլինի տեղեկատվության ու քարոզչության նախարարի պաշտոնը, առավել եւս, որ քաջատեղյակ աղբյուրների պնդմամբ, կառավարությունում այսպիսի ծրագրեր վաղուց կային։ Ահավասիկ, ԱԺ-ում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կարող է լինել նաեւ այն, որ Տ. Թորոսյանը կկարգվի հանրապետության գլխավոր գլավլիտ։ Խորհրդարանի խոսնակի եւ փոխխոսնակների պաշտոններն էլ կզբաղեցնեն այն մանրումեծ խմբերն ու խմբակցությունները, որոնք կիսել են կառավարության ծրագրի պատասխանատվությունը։ Սա կլինի «հեպպի էնդ» ե՛ւ նախագահի, ե՛ւ լուծարվել չցանկացող խորհրդարանի համար։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930