Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՍԿԱԾՅԱԼԻՆ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ

Սեպտեմբեր 30,2000 00:00

Ընդ որում՝ անպատիժ

Վերջին տարիների իրար հաջորդող դատավարությունների ժամանակ՝ անկախ դատավճիռներից, հաճախակիացել են մեղադրյալների մահվան, հոգեկան խանգարումների դեպքերը։ «Դրոյի» գործով մեղադրվող Արտո Մանուկյանը նախաքննության ընթացքում մահացավ։ Վերջերս մահացավ նաեւ հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվողներից մեկը։

Հոգեկան խանգարումների հայտնի դեպքերը, որեւէ իրավական հետեւանք մեղադրյալներին այդ վիճակին հասցնողների համար չեն ունենում։ Ո՞վ պիտի հաստատի՝ նրանք հոգեկան խանգարում ստացել են անձնական ապրումներից, սթրեսի հետեւանքո՞վ, թե՞ արտաքին ազդեցությունների։ Այսօր արդեն Նուբարաշենի հոգեբուժարանում է ԼՂՀ նախագահ Ղուկասյանի դեմ մահափորձի մեջ կասկածվող Սասուն Աղաջանյանը։ Պարզ է, որ ոչ պաշտոնական աղբյուրները պնդում ու անգամ պատմում են այն խոշտանգումները, որոնց ենթարկվում եւ ենթարկվել են մասնավորապես Սամվել Բաբայանը, Վարդան Թաշճյանը եւ Սասուն Աղաջանյանը։ Դատարանի դահլիճում նստածներից յուրաքանչյուրին պարզ է, որ առանց այն էլ առողջությամբ աչքի չընկնող, մասնավորապես ողնաշարի հիվանդությամբ տառապող Վարդան Թաշճյանը հոգեկան կայուն վիճակում չէ, ավելին՝ ահաբեկված ու վախեցած է։ Դարձյալ ըստ հավաստի, բայց ոչ պաշտոնական աղբյուրից հայտնի դարձավ, որ Թաշճյանը հոգեկան այդ վիճակում է հայտնվել ոչ միայն խոշտանգումների, այլեւ հոգեկան տվայտանքների պատճառով։ Մասնավորապես, նրան խոստացել են ազատ արձակել դատարանի դահլիճից, եթե պնդի իրեն թելադրված ցուցմունքները։ Հոգեներգործուն միջոցներով, այլեւայլ մեթոդներով հնարավոր է եղել նրան համոզել։ Ոչ ճիշտ ցուցմունքներ տալուց հետո Թաշճյանը հոգեկան ծանր ապրումների մեջ է եւ շատ մոտ է հոգեկան խանգարման։ Առայժմ լուրջ բժշկական ստուգման նա չի ենթարկվել, միայն մերթընդմերթ դատարանի դահլիճում վատ զգալու դեպքում նրան դուրս են բերում դահլիճից՝ ինչ-որ բժշկական, բայց որքան երեւում է, ոչ այնքան պրոֆեսիոնալ օգնություն ցույց տալու, որովհետեւ դահլիճ վերադառնալուց հետո, ինչպես ականատեսներն են պատմում, նա ապշածության ավելի խոր վիճակում է հայտնվում։

Լ. Ա.

Հ. Գ. «Առավոտին» հայտնի դարձավ, որ ԼՂՀ է գնացել ՀՀ փաստաբանների միության անդամ Ռուբեն Սարգսյանը, որը կպաշտպանի Վարդանին (փաստորեն, 4-րդ փաստաբանը կլինի Հայաստանից)։ Տեղեկացնենք նաեւ, որ մի քանի օր առաջ հոգեբույժ-բժիշկ է մեկնել Արցախ՝ Վ. Թաշճյանի առողջական վիճակի հետ կապված։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930