Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 30,2000 00:00

«ԱՐՋԸ ՅՈԹ ԵՐԳ ԳԻՏԻ, ՅՈԹՆ ԷԼ՝ ՄԵՂՐԻ ՄԱՍԻՆ» Արշակ Սադոյանն իր երեկվա մամուլի ասուլիսի մասին այնպիսի պաթոսով էր հայտարարել, որ մասնակից լրագրողներին թվաց, թե ընդհանրական, պոպուլիստական հայտարարություններից պրն Սադոյանն ինքն էլ ձանձրացել է եւ որոշել է ավելի կտրուկ եւ կոնկրետ խոսել։ Սակայն լրագրողները հերթական անգամ ստիպված էին լսել պրն Սադոյանի ընդհանրական խոսքը արդեն հայտնի թեմաներով։ Այնուամենայնիվ, Արշակ Սադոյանը մի հետաքրքիր միտք հնչեցրեց այն մասին, որ ինքը չէր ուզենա գործիք դառնալ «նաեւ էդ խնդրում, միայն նրա համար, որ որոշ մարդկանց պալատական հեղաշրջման թեման շատ հետաքրքիր է»։ «Գերլիազորություններով օժտված նախագահի», չընտրված խորհրդարանի, ծանր վիճակում գտնվող ժողովրդի մասին խոսելով, պրն Սադոյանը հասավ այն բանին, որ «մեր մոտ ոչ կարգ կա, ոչ կանոն, շատ պարզ դարձավ, որ պառլամենտական մեծամասնությունը կարելի է փոխել մեկ այլ մեծամասնությամբ, եւ ի՞նչ կապ ունի այստեղ ընտրությունը, ժողովուրդը ի՞նչ կապ ունի։ Պարզվում է, բոլորովին նշանակություն չունի, որ ժողովուրդը ձայն է տվել մեծամասնությանը»։ Խորհրդարանի աշխատանքները բոյկոտողների ջանքերի, «պապայի» կտրելիք «մալի» եւ այլնի մասին պրն Սադոյանի խոսքը գնալով երկարեց։ Գործընկերներիցս մեկի խնդրանքին՝ ավելի կոնկրետ խոսել, Արշակ Սադոյանը պատասխանեց. «Կոնկրետը դուք եք ուզում, ես էլ սա եմ ուզում»։ Արշակ Սադոյանի ասելով. «Եթե պառլամենտը հիմա ցրվեց, նորից ստեղծվելու է նույն իշխանական համակարգը։ Սահմանադրությունն է պետք փոխել»։ Դեպի Սահմանադրության փոփոխությունը դեռ ճանապարհ կա անցնելու, իսկ մինչ այդ «Առավոտը» փորձեց պարզել. ի վերջո ԱԺՄ-Արշակ Սադոյան հարաբերությունները այս պահին ի՞նչ փուլում են եւ ճի՞շտ են արդյոք այն լուրերը, թե Արշակ Սադոյանին ԱԺՄ-ից պատրաստվում են հեռացնել. «Հեռացնել ԱԺՄ-ից, այդպիսի խնդիր բոլորովին չի դրված, հարց չկա դրա մասին։ Արշակ Սադոյան-ԱԺՄ հարաբերությունները կառուցվում են առաջին հերթին (եթե թույլ տաք Պարույր Հայրիկյանի պես երրորդ դեմքով ասեմ), ելնելով նպատակներից, խնդիրներից ե՛ւ առանձին իմ, ե՛ւ կուսակցության՝ ամբողջությամբ»։ Ա. Սադոյանի ասելով, ԱԺՄ-ում կան մարդիկ, «որոնք դառնությունից ծանր հիվանդացել են»։ Իսկ ինքը՝ Արշակ Սադոյանը, «ԱԺՄ կուսակցության հիմնադիրներից մեկն եմ եւ ես խորը համոզված եմ՝ ԱԺՄ կուսակցությունը գնալու է ճիշտ ճանապարհով, փոքրիկ շեղումները (այս կամ այն կողմ), իմ ու ներքին հակասությունները ավելի սուր գնահատելու շեղումները պատճառ չեն բոլորովին, որ ես ինքս կամավոր հրաժարվեմ այն մեծ գործից, որը ձեռնարկեցինք, երբ որ ՀՀՇ-ն վատ ճամփով էր գնում»։ Ակնհայտորեն Արշակ Սադոյանը փոշմանել էր։ Սակայն լրագրողների համառ ջանքերի շնորհիվ ստիպված էր «պաշտոնապես հայտարարել». «Խմբակցության նիստ չի եղել, խմբակցության անունից բոյկոտի հայտարարությունը չի կարող ձեւակերպվել։ Բայց եղել է կուսակցության որոշում, որը լիազորել է որոշ մարդկանց գնալ բանակցությունների։ Եվ բնական ու ճիշտ եմ համարում, որ տեղի է ունեցել սխալ»։ Սադոյանի ասելով, ԱԺ աշխատանքները բոյկոտելու մասին հայտարարության մեջ պետք է հստակ ձեւակերպվեր, որ ԱԺՄ-ի հայտարարությանը միացել են Սեյրան Ավագյանը, Ֆիլարետ Բերիկյանը, Սեմյոն Բաղդասարյանը եւ ոչ թե ԱԺՄ ամբողջ խմբակցությունը։ Սա պրն Սադոյանը որակեց որպես «էլեմենտար սխալ»։ Հետաքրքիր է, այն սխալները, ինչ սովորաբար թույլ է տալիս ԱԺՄ-ն՝ «էլեմենտար» են, իսկ երբ ուրիշներն են անում՝ «ճակատագրական»։ Վերջում իմացանք, որ Արշակ Սադոյանը իր թեկնածությունը ԱԺ առաջին տեղերի համար չի դնի, ոչ թե՝ որովհետեւ չի ուզում պաշտոն ունենալ ԱԺ-ում։ Պարզապես պրն Սադոյանը գիտի՝ «մեկ ա, դնեմ էլ, իմ թեկնածությունը չի անցնելու»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել