Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 29,2000 00:00

Աչքիս չերեւաս Այդ ազդանշանն է, հավանաբար, ուղարկել Ռոբերտ Քոչարյանը ԱԺ (նախկի՞ն) նախագահին Երեկ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը ՌԴ-ից վերադարձավ Հայաստան։ Սովորաբար ընդունված արարողակարգի համաձայն, նախագահ Քոչարյանին օդակայանում դիմավորում են անվտանգության խորհրդի անդամները, նաեւ կառավարության առանցքային նախարարները։ Սակայն երեկ, երբ հիշյալ պաշտոնյաները պատրաստվել են մեկնել օդակայան, հավաստի տեղեկությունների համաձայն, նախագահի աշխատակազմից վերջիններիս տեղեկացրել են, թե նախագահը հրահանգել է, որ բացի վարչապետից եւ ուժային նախարարներից ուրիշ որեւէ պաշտոնյա իրեն դիմավորելու չգնա։ Ըստ մեր աղբյուրի, երբ այս մասին տեղեկացրել են ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին, վերջինս պահանջել է ճշտել՝ հրահանգը նախագա՞հն է տվել, թե՞ վարչապետը։ Տեղեկանալով, որ դա հատկապես Ռ.Քոչարյանի պահանջն է, Ա.Խաչատրյանը, նույն աղբյուրի պնդմամբ, իրեն վատ է զգացել եւ տուն է գնացել։ Կային տեղեկություններ նաեւ, թե վերջինս սրտի նոպա է ունեցել, բայց այդ մասին ճշգրիտ տեղեկություններ ստանալ չհաջողվեց։ ԱԺ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում հաստատեցին միայն, թե Ա.Խաչատրյանը վատառողջ է եւ վստահեցրին, թե երեկ նա ընդհանրապես աշխատանքի չի եկել։ Ինչո՞վ էր պայմանավորված պարոն Քոչարյանի այս կարգադրությունը, հնարավոր չեղավ պարզել նաեւ նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանից։ Նա, հնարավոր է, իրոք անտեղյակ էր, ուստի որեւէ մեկնաբանություն այս առնչությամբ չարեց՝ «Չգիտեմ, տեղյակ չեմ»։ Ի դեպ, Ռ.Քոչարյանի այս հրահանգը, թերեւս, ինչ-ինչ նկատառումներով չէր վերաբերել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին։ Նա ՆԳՆ նախարար Հայկ Հարությունյանի, ԱԱՆ նախարար Կառլոս Պետրոսյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, այնուամենայնիվ, մեկնել էր օդակայան։ Մոտ օրերս կպարզվի, արդյո՞ք դա նշանակում է, որ Արմեն Խաչատրյան-հանրապետականներ վեճում նախագահը բռնել է վերջիններիս կողմը եւ ԱԺ խոսնակին համարում է պաշտոնանկ արված։ Կարելի է ենթադրել, որ Ռ.Քոչարյանը, Հայաստան ժամանելուն պես, ստիպված էր լինելու գործնական հանդիպումներ ունենալ ոչ միայն վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, այլեւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Վարչապետի հետ հանդիպումը, մեր տեղեկությունների համաձայն, տեղի էր ունենալու երեկ, ժամը 16-ին։ Ավելի քան մեկ ժամ անց դիմեցինք Վահե Գաբրիելյանին։ Վերջինս վստահեցրեց, թե ինքն այդ հանդիպումների մասին տեղեկություն չունի։ Ավելի ուշ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների եւ «Կայունություն» խմբի ղեկավարները հերքեցին այս տեղեկությունները եւ ասացին, թե իրենք առայժմ հանդիպման խնդրանքով նախագահին չեն դիմել։ Ամեն դեպքում պարզ է, որ հանրապետական օրենսդիրները, որ այս շաբաթ արդեն հասցրել են բոյկոտել խորհրդարանական մեկ նիստ, մարտականորեն են տրամադրված եւ շտապում են օր առաջ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի «հարցերը լուծել» ու ակնկալում են, որ այս հարցում իրենց պատվարը երկրի նախագահ է լինելու։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել