ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ Այս օրերին խորհրդարանական խումբ-խմբակցությունների ներկայացուցիչներն այնքան են գնահատել եւ վերլուծել ընթացիկ իրադարձությունները, որ անհնար էր ակնկալել, թե երեկվա ճեպազրույցներում որեւէ մեկը կփայլի ասելիքի թարմությամբ։ Բայց կային որոշ բացառություններ։ Այսպես, թեեւ Արմեն Խաչատրյանին իշխանության բռնազավթող որակած հայտարարությամբ իր քաղաքական բեմելը նշանավորած կուսակցությունները ձեռնպահ են մնում իրենց համագործակցությանը որեւէ անուն տալուց՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը խիզախեց եւ որպես լուծում առաջարկեց. «Երեւի ճիշտ ընթացք կլիներ տարբեր կուսակցությունների հետ միասին փորձել ստեղծել միասնական մի դաշինք, որը փոխարիներ «Միասնությանը», ունենար մեծամասնություն եւ կառավարությունն ու ԱԺ-ն իրենց հետագա գործունեությունում հիմնված լինեին այդ մեծամասնության վրա։ Այժմ մենք տեսնում ենք, որ այդ փորձը տեղի է ունենում՝ հինգ կուսակցություններ փորձում են այդ բանն անել»։ Ընդ որում, պրն Մանուկյանը կարեւորում էր նաեւ միասնական ծրագրերի մշակումը։ Եթե դաշինք ստեղծելու այդ փորձերն ապագայում հաջողությամբ պսակվեն՝ ուրեմն մի կո՞ղմ է դրվելու «Միասնության» ծրագիրը։ Սակայն արդյոք քաղաքական ինքնասպանությո՞ւն չէ նախկին մեծամասնությանը մաս կազմող ՀՀԿ-ի համար մի նախընտրական ծրագրով խորհրդարան գալը՝ հետո ընթացքում այն փոխելը։ Իսկ եթե մտադիր չեն «Միասնության» ծրագիրը մի կողմ դնել՝ այդ դեպքում տեղին է հնչում ՀԺԿ-ական պատգամավոր Գագիկ Ոսկանյանի հարցադրումը. «Ինչպե՞ս կարելի է «Միասնության» ծրագիրը, որից բխում է կառավարության ծրագիրը՝ իրագործել «Օրինաց երկիր» կամ Դաշնակցություն կուսակցությունների հետ»։ Բայց կարեւորը սկսելն է՝ «Միասնությունն» էլ ընդհանուր գաղափարական հենքի վրա չէր միավորվել։ Եվ գործնականում փուչ դուրս եկան դաշինքի առաջնորդների հավաստիացումները, թե իրենց միավորում է կենտրոնամետությունը։ Իսկ եթե ազատական հանրապետականները կարող են կոմունիստ նախարարների հետ տնտեսություն կառավարել եւ «երկիրը փոսից հանել» (թե ինչպես է դա նրանց հաջողվում՝ ակնհայտ է)՝ ինչու այս աջաբսանդալը չհամեմել այլ նոր «համեմունքներով»։ Համենայն դեպս, Տիգրան Թորոսյանը գտնում էր, որ հնարավոր է «Միասնության» ծրագիրն իրականացնել այլ քաղաքական ուժերի հետ. «Եվ ոչ միայն հնարավոր է, այլ նաեւ պետք է։ Որովհետեւ «Միասնության» ծրագիրը հատուկ «Միասնությանը» բնորոշ մի բան չէ։ Այնտեղ շատ ու շատ գաղափարներ կան, որոնք այլ կուսակցությունների ծրագրերում եւս կան։ Անկեղծ ասած, եթե «Միասնության» ծրագիրը մեկ այլ քաղաքական ուժ պիտի իրագործի եւ հաջողի, ես շատ ուրախ կլինեմ ու դրանից չեմ նեղվի»։ Խորհրդային թերթերում մի խորագիր կար՝ «հՏՉպՑօ ոօՉՈսՏչՏ» (վերջին բառը հայերեն կարծես անթարգմանելի է)։ Հենց նման խորագրի վարողի տպավորություն էր թողնում «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը, որ ծույլ, անկիրք ձայնով ասում էր, թե չի պատկերացնում չընտրված մեծամասնության գոյությունը։ Եվ ընդհանրապես՝ շատ դժվար ու բարդ կլինի նոր մեծամասնություն ձեւավորելը։ Կամ՝ որ նրանք չարժեն այն գինը, որը պիտի վճարվի նոր մեծամասնության դիմաց։ Հարց հնչեց, թե ո՞րն է այդ արժեքը, եւ պրն Մալխասյանը նույն տոնով բացատրեց, թե պիտի գործադիր իշխանության մեջ պաշտոններ հատկացվեն, օր օրի նրանց պահանջները կավելանան, խնդիրներ կստեղծվեն եւ այլն։ (Մարդու տառապանքը փորձ ունի՝ ինչքան էլ Վազգեն Մանուկյանը եւ այլ գործիչներ խոսեն հայեցակարգի, լիազորությունների եւ պատասխանատվության լծակների մասին, ի վերջո, այս ամենը հանգում է պաշտոններին)։ Ի դեպ, փոխնախագահների պաշտոնները «Կայունությանը» եւ «Օրինաց երկրին» խոստանալու առնչությամբ Մյասնիկ Մալխասյանն ասաց. «Ինձ համար անհասկանալի է, որ ինչ-որ փոքրամասնություն կարող է գրավել մեծամասնության քվոտայով տեղերը»։ Մեկ այլ խնդիր էլ կա, որ լավագույնս ձեւակերպեց «Ազգային ռադիոյի» թղթակիցը. «Եթե մեկ տարի տեւեց ՀՀԿ-ի համագործակցությունը մեկ կուսակցության հետ, ինչքա՞ն կտեւի համագործակցությունը 5 կուսակցությունների հետ»։ Տիգրան Թորոսյանը հրաժարվեց ասել խնդրի պատասխանը. «Նման պարզ թվաբանությունը, կարծում եմ, տեղին չէ», եւ սաստեց իր գործընկերոջը՝ Գագիկ Ոսկանյանին, երբ նա ասաց, թե «Կայունությունը» եւ «Օրինաց երկիրը» միայն շահադիտական խնդիրներ ունեն լուծելու։ Իր բազմաթիվ տարուբերումներից հետո, այնուամենայնիվ, արդարացված դաժանությամբ լքված ու մենակ մնացած ՀԺԿ-ն էլ կարծես դարձյալ փորձում է գնալ, «ուրիշ գյոզալների գիրկը դնել գլուխը տաք»։ Այդ են վկայում Ստեփան Դեմիրճյանի ուշացած հանդիպումները «Հայաստանի», Հայկոմկուսի, ՀՅԴ-ի հետ։ Իսկ ըստ «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի, իրենց հանդիպումները չէին էլ դադարել։ Որեւէ էական մանրամասն ոչ մի հանդիպման վերաբերյալ չի հաղորդվում։ Սակայն ՀԺԿ-ական Աշոտ Գալոյանը վստահեցնում էր, թե շուտափույթ նոր մեծամասնություն ձեւավորելու խնդիր չունեն։ Ավելի վատ իրենց համար։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ