Մտածելու տեղիք է տալիս «Կայունություն» խմբի քարտուղար Կարեն Կարապետյանի ասածը, որը երեկ չբացառեց, թե ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդ կարող է լինել նաեւ ՀԺԿ մեկ այլ թեկնածու. «Նաեւ ՀՅԴ-ի՝ քննարկումների հարց է»։
ՍԴ-Ն ԱՅԼԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ՞
Կոմունիստ իրավաբան Ֆրունզե Խառատյանը երեկ ճեպազրույցում խիստ քննադատության ենթարկեց Սահմանադրական դատարանը։ Նրա կարծիքով, բյուջեից զգալի միջոցներ ստանալով՝ ՍԴ-ն անգործության է մատնված եւ անելիք չունի։ Դրա համար էլ ուսանողական սեմինարներ է կազմակերպում, ինչ-որ կենտրոններ ձեւավորում, իսկ ՍԴ նախագահն էլ դիմավորում է պաշտոնատար անձանց։
Կարդացեք նաև
ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ
Դաշնակցական իրավաբան Կիմ Բալայանի մեկնաբանությամբ՝ Արմեն Խաչատրյանի գործողություններում առկա են Քրեական օրենսգրքի 218 հոդվածի (ինքնիրավչություն) հատկանիշներ։ Սահմանված պատժաչափերն են՝ ուղղիչ աշխատանքներ մինչեւ մեկ տարի ժամանակով կամ տուգանք, կամ էլ հասարակական ներգործության միջոցների կիրառում։ Թերեւս հենց վերջինս էլ կիրառվում է այժմ պրն Խաչատրյանի նկատմամբ։
ԽԱՂԵՐ ԵՔ ՏԱԼԻՍ
«Ընդհանրապես, մեր բանաձեւը շատ պարզ է եւ հստակ. մենք երբեւիցե չենք քննարկում 3-րդ, 4-րդ, 5-րդ քայլերը»,- ՀԺԿ-ական պատգամավոր Աշոտ Գալոյանի այս հայտարարությունն արժանացավ Տիգրան Թորոսյանի արձագանքին. «Մեկ քայլ մտածելը մի քիչ… միգուցե ես եմ մեղավոր, երիտասարդ տարիներին շախմատով եմ զբաղվել։ Այնպես որ, մի քանի քայլ անպայման անհրաժեշտ է մտածել հաստա՛տ։ Իհարկե կարեւորն առաջին քայլն է»։ Աշոտ Գալոյանն էլ տակ չմնաց. «Եթե ստեղծված իրավիճակում մենք սկսենք մտածել շախմատային տարբերակներով, ապա վա՜յ այս երկրին ու ժողովրդին։ Իսկ եթե մարդիկ կան, որ սիրում են ավելի բարդ խաղեր, ինչպես շաշկին է, ես կցանկանայի, որ նարդի՛ խաղան»։ Տիգրան Թորոսյանը ճշտեց. «Մեկ քայլանին լոտոն է, շաշկին չէ»։ Կարծում ենք, այս բանավեճի քաղաքական ենթատեքստն ակնհայտ է։
Ա. Ի.