Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 29,2000 00:00

ԵՎՐՈՊԱՅԻ 4 ՊԱՀԱՆՋՆԵՐԸ «Սոցիալիստական Հայաստան» միավորումը հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. Երեւանում տեղի ունեցած «Եվրամիություն-Հայաստան» հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ի հայտ եկած միտումները, որոնք վաղուց առաջացնում էին հայ հասարակության խոր մտահոգությունը, ստացան իրենց հետագա բացահայտումն ու ամրապնդումը։ Փաստորեն, Եվրոպառլամենտի կողմից առաջ քաշվեց չորս պահանջ, որոնցից հայկական ԶԼՄ-ները հրապարակեցին միայն առաջին երկուսը՝ 1. Երկաթուղային հաղորդակցության բացումը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ (Նախիջեւանով), Հայաստան-Թուրքիա (Կարսով) ենթադրյալ հաղորդակցության բացման դիմաց։ 2. Մինչեւ 2004 թ. Հայկական ԱԷԿ-ի փակումը։ 3. ՀՀ տարածքից ռուսական, այդ թվում նաեւ՝ սահմանապահ, զորքերի դուրսբերումը։ 4. Հայաստանի հրաժարականը Ռուսաստանի հետ հետագա քաղաքական մերձեցումից, մասնավորապես, Ռուսաստան-Բելառուս դաշինքին մասնակցելու նպատակից։ Այդ չորս պահանջների կատարումը պայման է հանդիսանում Հայաստանի հաջող մերձեցմանը եվրոպական կառույցներում։ Ակնհայտ է, որ Հայաստանի կողմից նման պահանջների կատարումը եւ նույնիսկ միայն դրանց քննարկման գործընթացի մեջ ներգրավումը, կհանգեցնի տարածաշրջանային հարաբերությունների ողջ համակարգի կտրուկ փոփոխմանը, ռեգիոնում Հայաստանի կարգավիճակի անդառնալի, հեռու տանող նվազեցմանը։ Ադրբեջանի հաղորդակցության բացումը, առանց վերջինիս կողմից Ռուսաստան-Հայաստան հաղորդակցության ապապաշարմանը, Ադրբեջանի համար կստեղծի բացահայտ առավելություն, որն ամենեւին չի փոխանցվում հայ-թուրքական երկաթուղային հաղորդակցության բացմամբ։ Ավելին, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կառաջացնի Հայաստանի տնտեսության կրիտիկական կախվածություն բացահայտ անբարյացակամ պետությունից, ինչպես նաեւ կնպաստի հայ-ռուսական տնտեսական կապերի թուլացմանը, որոնք առ այսօր Հայաստանի արդյունաբերության վերականգնման համար միակ հեռանկարայինն են, այդ թվում՝ նաեւ բարձր տեխնոլոգիաների, ռազմական արդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում։ Հայաստանի տնտեսության կողմնորոշումը դեպի Թուրքիա կդարձնի նրան վերջինիս անզոր, կոմպրատորական, տնտեսական, իսկ հետագայում եւ քաղաքական կցորդը։ Երկրորդ պահանջը, կապված ԱԷԿ-ի փակման հետ, ունի երեք բացասական հետեւանք. 1. ՀՀ էներգետիկ անկախության կորուստ, որի գինը հայ ժողովուրդը լավ հասկացավ 92-94 թթ. աղետալի ձմեռներին։ 2. ՀՀ եւ ՌԴ միջեւ փոխշահավետ համագործակցության մի ոլորտի վերացում։ 3. ՀՀ՝ որպես բարձր տեխնոլոգիայի տիրապետող պետության կարգավիճակի նվազեցում։ ԱԷԿ-ի փակման տեխնիկական անհրաժեշտություն կարող է առաջանալ, բայց ոչ այնքան հրատապ եւ միայն նոր ԱԷԿ-ի կառուցման հետ փոխկապակցված։ Երրորդ պահանջը՝ ռուսական զորքերի դուրսբերումը, ենթադրում է մեր հրաժարականն այն միակ ռեալ ուժից, որն ապահովում է ՀՀ անվտանգությունը եւ անկախությունը, ի օգուտ ինչ-որ հեղհեղուկ եւ ոչ մեկի կողմից իրականում չերաշխավորված «ռեգիոնալ անվտանգության համակարգի», որի պահպանումը հիմնվելու է տարածաշրջանի պետությունների, մասնավորապես, Թուրքիայի եւ Ադրբեջանի, «բարի կամքի» վրա։ Եվ, վերջապես, չորրորդ պահանջը՝ Հայաստանը վերակողմնորոշել իր ռազմավարական դաշնակցից՝ Ռուսաստանից դեպի Եվրամիություն, որի հիմնական ներկայացուցիչը ռեգիոնում Թուրքիան է։ Ինչպես տեսնում ենք, Եվրամիության չորս պահանջներն էլ լուրջ սպառնալիքներ են պարունակում Հայաստանի ազգային անվտանգության եւ պետության անկախության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել