Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 28,2000 00:00

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ՆԵՐԵԼ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ Հարցազրույց Աշոտ Մանուչարյանի հետ (Սկիզբը՝ նախորդ համարում) – Պրն Մանուչարյան, վերադառնանք Ձեր՝ փաստորեն չհաջողված միջնորդությանը։ Ինչո՞ւ այն չստացվեց, եթե, ինչպես Դուք նշեցիք, թե՛ ԼՂՀ նախագահը, թե՛ Ս. Բաբայանը պատրաստ էին միմյանց ներել։ – Մի շարք անձինք, ուժեր, կառույցներ աշխատել են ամեն ինչ անել, որ առճակատումները ոչ միայն չպակասեն, այլեւ ավելանան։ Օրինակ, եթե սկզբնական շրջանում չկար առճակատում Վազգեն Սարգսյան-Սամվել Բաբայան, եւ դա թույլ էր տալիս Վազգեն Սարգսյանին մասնակցել ներարցախյան ճգնաժամերի հաղթահարմանը, ապա շուտով եւ Վազգեն Սարգսյանը ներքաշվեց Սամվել Բաբայանի հետ առճակատման մեջ։ – Խոսքը Ձեր նշած արեւմտյա՞ն կառույցների մասին է, թե՞ հայաստանյան։ – Դրսի կառույցները գործում են ե՛ւ անմիջականորեն, ե՛ւ հայաստանյան պարտնյորների, ավելի ճիշտ՝ գործիքների միջոցով։ Ոմանք ընկալում են, որ իրենք գործիք են, ոմանք՝ ոչ։ Թե ինչպես է եղել, ով ինչ գործ է արել, պետք է կարողանանք ի հայտ բերել, որովհետեւ հակառակ դեպքում այդ մեխանիզմները կշարունակեն գործել։ Ինչո՞ւ է Արեւմուտքն ուզում այսպես վարվել Հայաստանի հետ, եւ դա ինչու չի անում Վրաստանի եւ Ադրբեջանի հետ։ Հայաստանը, ներառյալ՝ Արցախը, այս տարածաշրջանում դարձել էր ինքնուրույն գործոն՝ անկախ ներքին վերիվարումներից, պահպանելով միացյալ կամքի դրսեւորման ունակությունը։ Արեւմուտքի համար այս տարածաշրջանում իրականացվող քաղաքականությանը սա խանգարում էր։ – Իսկ ի՞նչ առանձնահատկություններ կային Արեւմուտքի արցախյան քայլերում։ – Ինչ վերաբերում է Արցախին, ապա այստեղ ամեն մի խեղված հոգեբանությամբ, այլասերված մարդ նյութ էր դառնում Արեւմուտքի մի յուրովի 5-րդ շարասյան ձեւավորման համար, որի առաջին խնդիրներից մեկն էլ Բաբայան-Ղուկասյան առճակատումը սրելն էր։ Այստեղ ընդգրկվեցին շատերը՝ պետական, տնտեսական գործիչներից։ Որպես կանոն, այդ մարդկանց մարդկային որակները շատ ավելի ցածր էին, քան նրանց երկուսինը։ Այսօր այդ մարդիկ հանդես են գալիս որպես վկաներ եւ մեղադրողներ (անուններ պրն Մանուչարյանն այսօր հայտնել չցանկացավ- Լ. Ա.)։ Այս դատավարության ընթացքում, այդ նույն մարդիկ փորձելու են հնարավորին չափ թեժ բախում առաջացնել Բաբայանի եւ Ղուկասյանի միջեւ, որի ընթացքում նրանք միմյանց մաքսիմալ կվարկաբեկեն։ Անցած ամիսներին նրանք երկուսն էլ արդեն բավականաչափ հեղինակազրկվեցին։ Եվ սա այն դեպքում, երբ նրանք երկուսն էլ Արցախի դիմադրության համակարգի հիմքն էին կազմում։ Անկախ նրանից, թե ինչպես է Արեւմուտքն անձամբ աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ (իսկ Արեւմուտքը փորձում էր գնել, այլասերել, կամազրկել ցանկացած ազդեցիկ դեմքի), նրանք գամված էին դիմադրության սայլին. նրանցից ամեն մեկը՝ գտնվելով մյուսի հետ քաղաքական առճակատման մեջ, ստիպված էր ամեն պահ ապացուցել, որ ի տարբերություն մյուսների, ոչ մի զիջման չի գնա։ Եվ Հայաստանին էլ թույլ չի տա։ Այս զույգը իրար ատելով հանդերձ, դարձել էր հայկական դիմադրության հիմնաքարերից մեկը եւ այդպիսին էր անգամ Բաբայանի պաշտոնանկությունից հետո։ Եվ սա շատ կարեւոր էր՝ հատկապես Հայաստանում ամեն ինչ առեւտրի վերածելու գործընթացների պարագայում։ 22-ը շատ կարեւոր էր Արեւմուտքի համար։ Եթե ամեն ինչ ըստ նախագծածի զարգանար, սպանվելու էր Ղուկասյանը, չեզոքացվելու՝ Բաբայանը (որպես կազմակերպիչ), իսկ նրանց փոխարինող ցանկացած այլ անձինք, անկախ իրենց մարդկային արժանիքներից, էապես ավելի թույլ էին լինելու դիմադրության իմաստով։ Այսօրվա արցախյան վերնախավից, նույնիսկ այնպիսի համարձակ եւ նվիրված մարդիկ, ինչպիսիք են, օրինակ, Ժաննա Գալստյանը կամ Սեյրան Օհանյանը, երբեք չեն կարողանա այնպես խոսել նույն Հայաստանի ղեկավարության հետ, ինչպես խոսում էին Սամվել Բաբայանն ու Արկադի Ղուկասյանը։ Կխանգարի քաղաքական փորձի պակասը, ներքին վստահությունը, հազար ու մի այլ հանգամանքներ։ – Ձեր նշած երրորդ ուժը կարելի՞ է համարել, ասենք, ԼՂՀ ներկայիս վարչապետ Անուշավան Դանիելյանին։ – Ես առաջին հերթին նրան նկատի չունեմ, չնայած չի բացառվում նրա մասնակցությունը։ – Ըստ Ձեզ՝ մարտի 22-ը իրո՞ք Բաբայանն էր կազմակերպել։ – Սա շատ կարեւոր հարց է։ Բայց ինչքան էլ շատերին զարմացնեմ՝ կարեւորագույնը չէ։ Արցախում, տարբեր տեսակի ուժերից, Արեւմուտքը ավարտել է ձեւավորումը իր 5-րդ շարասյան, որը օգտվելով Ղուկասյան-Բաբայան առճակատմամբ իրենց տրվող նորանոր հնարավորություններից, փորձելու է զավթել իշխանությունն Արցախում։ Ես խիստ քննադատաբար եմ մոտենում Ղուկասյանի տարվող քաղաքականության մի շարք ուղղությունների, ինձ համար բացարձակապես անընդունելի են Սամվել Բաբայանի թույլ տված օրինազանցությունները թե՛ պետական կառավարման, թե՛ այլ ոլորտներում։ Սակայն Արցախի անվտանգության, ողջ Հայաստանի ապագայի խնդիրները ակնհայտ գերակայություն ունեն ցանկացած այլ հարցերի նկատմամբ։ Եվ այս խնդիրները պահանջում են այլեւս վերջ դնել Ղուկասյան-Բաբայան առճակատման պղտոր աղբյուրից սնվող մեր հակառակորդների հաշվարկներին եւ նպատակներին։ – Անկախ Ձեր միջնորդությունից՝ կատարվեց մարտի 22-ը։ Ըստ Ձեզ՝ կա՞ խնդրի լուծման հնարավորինս բարեհաջող ելք։ – Միակ տրամաբանությունը սա է. Արցախի նախագահն այսօր լավագույն հնարավորություններն ունի վերջ տալու Արցախի դեմ իրականացվող նոր ոտնձգության՝ իշխանափոխության։ Իրականում սրա միակ ձեւը՝ 22-ի դատական պրոցեսը եւ դրա հետ կապված առճակատումների գործընթացի անհապաղ կասեցումն է՝ մեղադրյալներին ներում շնորհելով։ Իհարկե, հատկապես ծանր հարց է Սամվել Բաբայանի հարցը։ Չէ՞ որ Սամվել Բաբայանին մեղադրանքներ է առաջարկում ոչ միայն Ղուկասյանը, այլեւ Արցախի ժողովուրդը։ Ես կարծում եմ, որ այստեղ երկուստեք խնդիր կա՝ Սամվել Բաբայանն ինքը պետք է բառեր եւ քայլեր գտնի, որոնցով հավաստիացնի ժողովրդին, որ անցյալի դառը էջերը չեն կրկնվելու, իսկ նախագահ Ղուկասյանը՝ ձեւեր՝ թե՛ Սամվել Բաբայանի, թե՛ իր ապագայի վերաբերյալ վերցրած պարտավորություններից խուսափելը՝ անհնարին դարձնելու։ Այսպիսի ձեւեր կան, եւ եթե ընտրվի այս ճանապարհը, ե՛ւ ես, ե՛ւ շատ ուրիշներ, կարծում եմ, պատրաստ կլինեն նպաստել այս գործընթացներին։ Պատրաստեց ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել