Խորհրդարանի ղեկավարության փոփոխությունները նախաձեռնածները հավաստում էին, որ ճիշտ նույնքան ստորագրություններ են հավաքված ե՛ւ ԱԺ նախագահի, ե՛ւ ՀԺԿ-ական փոխնախագահի պաշտոնանկության համար։ Արմեն Խաչատրյանի հրաժարականը երկրորդ պլան մղեց Գագիկ Ասլանյանի խնդիրը։ Սակայն հազիվ թե տեղին լինի ենթադրել, որ այս հարցն օրակարգից դուրս է եկել։ Ուստի հետաքրքրական էր պարզել, թե ի՞նչ քայլեր է մտադիր ձեռնարկել պրն Ասլանյանը։ «Կարծում եմ, այս հարցը կլուծվի, որից հետո, իհարկե, պետք է դրվի նաեւ իմ հարցը։ Ինքս եմ համարում, թե այս խնդիրն էլ պիտի արծարծվի, քանի որ իրոք կան ստորագրություններ։ Դրա համար ցանկանում եմ, որ հարցը քննարկվի եւ տրվի իմ գործունեության գնահատականը»։ Որքան ծանոթ ենք խորհրդարանական տրամադրություններին՝ Գագիկ Ասլանյանի անձը նույնչափ բացասական հույզեր չի արթնացնում, որքան խոսնակը։ Բայց ինչ արժեն մարդկային ու մասնագիտական գնահատականները, երբ «Կայունության» եւ «Օրինաց երկրի» ախորժակներն արդեն իսկ գրգռված են ԱԺ փոխնախագահների աթոռները թափուր տեսնելու հեռանկարից։
Պետք է նաեւ նշել, որ ՀԺԿ այս մի քարտուղարը՝ ի տարբերություն մյուսի, կարգապահ կուսակցական է եւ ենթարկվելու է ՀԺԿ որոշմանը. «Ես հրաժարական չեմ տալու։ Առաջին հերթին, որովհետեւ հետեւելու եմ ՀԺԿ խորհրդի որոշմանը։ Բացի այդ, իրոք ցանկանում եմ, որ այս հարցը քննարկվի, որպեսզի ամեն անգամ նման հարցադրումներ չլինեն՝ հետ են կանչում, հետ չեն կանչում…»։ ԱԺ-ում ստեղծված վիճակի վերաբերյալ Գագիկ Ասլանյանի գնահատականը ծայրահեղ բացասական էր. «Պիտի ներողություն խնդրենք ժողովրդից այն ամենի համար, ինչ կատարվում է այստեղ։ Ժողովուրդը սրան չէր սպասում»։
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ