ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՑ ՉԿԱ՞ Երեկ ազգային երեսփոխանները պետք է ավանդական հարց ու պատասխանի ժանրին ապավինած հարցեր ուղղեին հարազատ կառավարությանը։ Բայց հայտնի ուժերի ճնշման հետեւանքով խորհրդարանի հերթական եռօրյայի երկրորդ օրվա նիստը չկայացավ, հետեւաբար խորհրդարանի հարցասեր հատվածը զրկվեց հարցեր կազմելու եւ հնչեցնելու հնարավորությունից։ Չզրկենք պատգամավորներին ինքնարտահայտվելու հնարավորությունից։ Մի պահ պատկերացնենք, թե ինչպե՞ս կընթանար հարցուպատասխանի թատերականացված միջոցառումը, եթե նիստը տեղի ունենար։ Արմեն Խաչատրյանը առաջին հարցը կուղղեր կառավարությանը. «Սա ապօրինություն է, ուզուրպացիա, այս ինչպիսի դաշնակից ենք ունեցել, 66 ձայն չհավաքեցինք, իսկ ինձ՝ երջանիկ լինելու համար հենց այդքան էր հարկավոր»։ Հարցին պատասխանում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը. «Արմեն Խաչատրյան, ավելորդ մի ոգեւորվիր, Տիկոն մի քիչ թերացավ, բայց կլրացնենք, չկասկածես, մի երեք ձայնն ի՞նչ է որ, կառնենք, ուրիշ աթոռների վրա էլ աչքեր կան»։ Երկրորդ խոսափողից Արտաշես Գեղամյանը կուղղի իր հարցը. «Դուք դատապարտված եք, Հանրապետական կուսակցություն, քանի որ ազգը կոնսոլիդացնելու փոխարեն աթոռ եք բաժանում։ Ինչո՞ւ եք ԱԺ-ն դարձնում ձախողված կառավարության պատանդ»։ Հարցին պատասխանում է ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ պատանդ-մատանդ չկա, ՆԳ-ն իրադրությունը վերահսկում է, պատգամավորներն առայժմ կարող են ազատ ելումուտ անել. խմբից՝ խմբակցություն, խմբակցությունից՝ խմբակցություն, մինչեւ կգա «շեֆը»։ Պատասխանից Արտաշես Գեղամյանը դժգոհ է. «Բյուջեի դեֆիցիտի մասին ինչո՞ւ չեք խոսում»։ Արշակ Սադոյանը հարցն ուղղում է ամբողջ կառավարությանը եւ պահանջում է, որ հարցը հենց տեղում լուծվի. «Քանի որ Հանրապետականը խորհրդարանում մեծամասնություն չունի, ուրեմն պաշտոնանկ պետք է արվի կառավարությունը»։ Հարցին պատասխանում է արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանը. «Պրն Արշակ Սադոյան, դուք հարցից մի շեղվեք, մազութից-բանից հարցրեք, էներգետիկ չարաշահումից, ասեք, թե ով է լափել մազութը»։ Արշակ Սադոյանը, ինչպես միշտ, բավարարված չէ Զադոյան Դավիթի պատասխանից։ Մինչեւ կանջատեին երկրորդ խոսափողը, Արշակ Սադոյանը հասցրեց բղավել. «Դուք մազութով իմ բերանը մի փակեք, դա իմ փեշակն է, դուք կոնկրետ հարցիս պատասխանեք՝ հրաժարական տալո՞ւ է այս տխրահռչակ կառավարությունը»։ Ինչքան էլ պրն Սադոյանը բղավի, օգուտ չունի, խոսափողն անջատված է։ Փոխարենը Վիկտոր Դալլաքյանը իր մոնոտոն հռետորական խոսքով արդեն ասում է. «Ձեւակերպումը կանոնակարգում շատ լղոզված է, պետք է դիմել ՍԴ»։ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը (դեռ նախագա՞հ) չգիտես ինչու հայտարարեց, որ այս հարցին ինքը պետք է պատասխանի. «Դիմեն-չդիմեն, ես դեռ ԱԺ նախագահն եմ, քանի դեռ ՀՀ նախագահը հանրապետությունում չէ, ես եմ առաջին դեմքը»։ Պատգամավոր Հակոբ Հակոբյանը շտապ մոտեցավ խոսափողին. «Արա, փոշմանել ա, ի՞նչ եք կռվում»։ Հարցին պատասխանեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Մոսկվայից, հեռախոսով, հատուկ «Հայլուրի» համար. «Կռիվ-մռիվ չլինի, փոխանակ գլուխներդ աշխատեցնեք, սուտ ռազբորկեք եք սկսել։ Առայժմ տեղներդ նստեք, կգանք, ամեն մեկիդ տեղը ցույց կտանք»։ Խորեն Թռչունիչը այս պատասխանի ընթացքում տեղում անհանգիստ շարժումներ էր անում։ Վերջապես, խոսափողին հասնելով, ընկեր Սարգսյանն ասաց. «Գոյ եմ (գոհ եմ- խմբ.), սիրահարված չեմ ԱԺ նախագայի (նախագահի- խմբ.) աշխատանքին։ Դուք այն իդեալական նախագահը չեք, որ արցունքներով ձեզ պահենք։ Ընկեր Անդրանիկ Մարգարյան, դուք էլ այն իդեալական վարչապետը չեք, որ ձեզ էլ արցունքներով պահենք»։ Հարցին պատասխանեց առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը. «Պրն Սարգսյան, արցունքները քաղաքական կատեգորիա չեն, դրանք կամ գրիպոզ վիճակի, կամ էլ խիստ հուզական վիճակի արտահայտություն են։ Կառավարությունը համապատասխան միջոցառումների պլան է մշակել արցունքների դեմն առնելու համար»։ Կոմունիստ պատգամավոր Նորիկ Պետրոսյանը տեղից բացականչեց. «Ինչո՞ւ չեք ցնցվում, ընկերներ»։ Հենց որ այս բառերը հնչեցին, կառավարությունը սկսեց ցնցվել։ Փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը դիմեց Արմեն Խաչատրյանին. «Գնա, գնա ես գալիս եմ»։ Փոխխոսնակի մրմունջը իբրեւ հարց ընկալելով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը որոշեց անձամբ պատասխանել. «Ո՞ւր ես գնում, ո՞վ կթողնի գնաս, էդ տեղը ինձ համար եմ բացում, հենց որ այլեւս վարչապետ չլինեմ, ետ եմ գալու»։ Ընդհանուր աղմուկի մեջ պատգամավոր Մանուկ Գասպարյանը հասցրեց հնչեցնել իր հարցը. «Ո՞վ է Սենիկ Գեւորգյանը, ի՞նչ է նշանակում 100 հազարը դուրս հանել եւ հետո էլ 15 հազար ներդրում անել»։ Հարցին ոչ ոք չպատասխանեց, քանի որ ուղիղ հեռախոսակապով խորհրդարանի հետ սկսեց խոսել նախագահ Քոչարյանը. «Հայաստանի կառավարությունը ի վիճակի է խորհրդարանում իրեն անհրաժեշտ հարցերն անցկացնել»։ Նախագահի այս խոսքերն իբրեւ պատգամ ընդունելով, կառավարությունը գնաց կառավարական ընթրիքի։ Նախարարներից ոմանք վիճարկում էին վարչապետի կողքից քայլելու պատիվը։ Չեղած հարցուպատասխանները գրի առավ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ