Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 27,2000 00:00

ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԲԱՆԱՁԵՎ ԳՏՆԻ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ 22-Ի ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆՈՂ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻՆ Սա է մեր ժողովրդի կարեւորագույն շահերի այսօրվա հրամայականը Աշոտ Մանուչարյանից հարցազրույց խնդրելու առիթը նրա երբեմնի ստանձնած միջնորդությունն էր՝ հաշտեցնել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին եւ ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին։ – Պարոն Մանուչարյան, մարտի 22-ից առաջ Դուք փորձել եք հաշտեցնել ԼՂՀ նախագահին եւ Սամվել Բաբայանին։ Արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կար եւ հնարավոր չէ՞ր սեփական ուժերով հաշտության եզրեր գտնել։ Եվ, որքան հայտնի է, այդ շրջանում Սամվել Բաբայանը լարված հարաբերություններ ուներ ոչ միայն ԼՂՀ նախագահի, այլեւ Հայաստանի ղեկավարների, մասնավորապես՝ նախագահ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ – Իրո՛ք, դա այդպես է եղել։ Վերջին տարիներին իշխանության վերնախավում շատ առճակատումներ կային։ Դա վաղուց էր սկսվել, սակայն սրվել էր 98 թ. իշխանափոխությունից հետո։ Այդ շրջանում սրվեցին Սամվել Բաբայանի հարաբերությունները Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի հետ։ Հետագայում սրվեցին Սամվել Բաբայանի եւ Վազգեն Սարգսյանի հարաբերությունները։ Ավելի ուշ լարվածություն առաջացավ նաեւ նրա եւ Արկադի Ղուկասյանի միջեւ։ Անկախ այդ առճակատումները առաջացնող դրդապատճառներից, նրանք պարարտ հող էին ստեղծում մեր թշնամիների համար՝ հուժկու հարվածներով կոտրել Հայաստանը՝ որպես ինքնուրույն միավոր։ Հենց այս իրավիճակում հնարավոր դարձան հոկտեմբերի 27-ը եւ մարտի 22-ը։ – Ի՞նչ հողի վրա էին Ձեր նշած առճակատումները։ – Այդ առճակատումները մասամբ կապված էին Հայաստանում եւ Արցախում ազդեցությունների տիրույթի վերանայման հետ։ Վերջին տարիներին լայն առումով Հայաստանն ու Արցախը վեր են ածվել փակ բաժնետիրական ընկերությունների, ուր ակցիաները վերաբաշխվում են իշխանության այս կամ այն լծակների ձեռքբերման կամ կորցնելու հետ կապված։ Փաստը մնում է փաստ, որ կային այդ առճակատումները եւ, որ դա օգտագործվում էր դրսի կողմից։ Նրանք, ովքեր հասկանում էին ստեղծված իրավիճակի խիստ վտանգը մեր երկրի եւ ժողովրդի համար, ձգտում էին շտկել առաջացած կնճիռները։ Զրուցել եմ բոլոր ղեկավարների հետ եւ ամենամեծ ըմբռնումը եղել է նախեւառաջ Արցախում՝ Սամվել Բաբայանի եւ Արկադի Ղուկասյանի կողմից։ – Այսինքն՝ երկուսն էլ պատրաստ էին ներել միմյանց «մահացու մեղքերը» եւ հաշտվե՞լ։ – Երկուսն էլ փորձել են հարթել լարված հարաբերությունները, երկուսն էլ շահագրգռված էին դրանում։ Փորձել են հարթել նաեւ Արցախ-Հայաստան հարաբերությունները։ – Հաշտեցնելու առաքելությունը Ձեր սեփական նախաձեռնությո՞ւնն էր, թե՞ նրանց խնդրանքը։ – Այս խնդիրներով անհանգստացած էին շատերը. նախ եւ առաջ՝ Վազգեն Սարգսյանը։ Ես էլ այս խնդիրների շուրջ հանդիպել եմ շատերի հետ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, եւ մենք ձեւեր ենք փնտրել՝ հարթել կնճռոտ հարաբերությունները։ Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց, այսինքն՝ իշխանափոխությունից հետո, Սամվել Բաբայանը պահանջում էր, որպեսզի Արցախի ձայնը լսելի լինի Հայաստանի ղեկավարների համար՝ որոշումներ կայացնելիս։ Այդպիսի պատասխանատվությունը բնական էր, որովհետեւ իշխանափոխությանը մասնակցել էին ոչ միայն Հայաստանի հայտնի գործիչները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Վազգեն Սարգսյանը, այլեւ Արցախի՝ նախեւառաջ Սամվել Բաբայանը։ Այսինքն՝ Ս. Բաբայանը կրում էր ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն եւ չէր կարող համաձայնել ստանձնել շատ համեստ դեր։ Քոչարյանի՝ նախագահ ընտրվելուց հետո Բաբայանի նշված հնարավորությունն անտեսվում էր, եւ նրան թույլատրված էր միայն երբեմն լինելով Հայաստանում՝ այս կամ այն պաշտոնյային համոզել իր դիրքորոշման մեջ։ Բաբայանին թելադրվում էր խաղի հետեւյալ կանոնը՝ ամեն մեկը ձայն ունի ըստ կուտակած քաղաքական կապիտալի, այսինքն՝ իր ազդեցության ոլորտում գտնվող պատգամավորների, կուսակցությունների, ինչպես նաեւ ֆինանսական միջոցների, ուժային լծակների։ Բաբայանն ընդունեց մարտահրավերը։ Եվ նա փորձ արեց ուժեղացնել իր ազդեցության ոլորտներն ու ուժային լծակները. առաջին անգամ նշեցին, որ ուժային ինչ-որ լծակներ կարող են օգտագործվել Հայաստանի ներսում ինչ-որ քաղաքական հարցեր լուծելու համար։ Սա Սամվել Բաբայանի՛ ընտրությունը չէր։ Նա փնտրում էր բանականությանը եւ երկրի շահերին ավելի համապատասխանող ելքեր։ ԼՂՀ նախագահին եւ Ս. Բաբայանին առաջարկվեց մի բանաձեւ. ստեղծել կոնսուլտատիվ մարմին «Արցախ-Հայաստան», որը պարբերաբար նիստեր կաներ եւ դրա շրջանակներում յուրաքանչյուրը կկարողանար արտահայտել իր տեսակետները եւ գալ ընդհանուր հայտարարի։ Թե՛ Ա. Ղուկասյանը, թե՛ Ս. Բաբայանը, թե՛ Վազգեն Սարգսյանն ընդունեցին առաջարկը, սակայն այդ մարմինը չստեղծվեց։ (Ըստ մեր ունեցած ինֆորմացիայի, դրա ստեղծմանը դեմ էր Ռոբերտ Քոչարյանը- Լ. Ա.)։ Եթե առաջարկն ընդունվեր, Սամվել Բաբայանը հրաժարվում էր ցանկացած այլ մասնակցությունից Հայաստանի կամ Արցախի քաղաքական կյանքում։ Սակայն եղավ՝ ինչ եղավ եւ սկսեց խաղալ իրեն հրամցված կանոններով։ Սրվեցին նրա եւ Ղուկասյանի հարաբերությունները։ Արցախում, ցավոք, չգտնվեցին մարդիկ, որոնք կկարողանային այդ երկուսի հետ էլ աշխատեին կայունացման ուղղությամբ՝ լինելով երկուսի համար էլ բավականաչափ հեղինակավոր։ Երեւի այդ ֆունկցիան կարող էր կատարել Ժաննան՝ Գալստյան, սակայն չստացվեց։ – Ոչ միայն հաշտեցնելը չստացվեց, այլեւ բանը հասավ առճակատման եւ ընդհուպ մահափորձի։ Այլ հարց է՝ դա կազմակերպել է Ս. Բաբայա՞նը, թե՞ ոչ։ – Կատարվածի քրեական մանրամասները, իհարկե, խիստ կարեւոր են, սակայն էապես ավելի կարեւոր են դիտարկումները այլ հարթության մեջ։ Այսօր Հայաստանը՝ որպես միասնական կամքի միավոր, որն ի վիճակի է ինչ-որ բանի դիմադրելու, չկա։ 88-ից մինչեւ 99 թ. հոկտեմբեր, ավելի ճիշտ մինչեւ 2000 թ. մայիս՝ Հայաստանի ձեռք բերած իրական կարգավիճակն անընդունելի էր աշխարհի այսօրվա տերերի համար։ Նկատի ունեմ Արեւմտյան ընկերակցության երկրները՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ։ Ես ուղղակի մեղադրում եմ այդ երկրներին, նախեւառաջ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, որ նրանք վերջին տարիներին քայքայիչ գործունեություն են ծավալել Հայաստանում՝ նպատակ ունենալով վերացնել Հայաստանը՝ որպես կամք ունեցող միավոր, Հայաստանի կառավարման, ողջ քաղաքական համակարգը վերածելով կամակատարի։ 22-ը եւ 27-ը պետք է դիտարկվեն նախ եւ առաջ այդ կոնտեքստի մեջ։ Կան մի շարք փաստեր՝ կապված նշված երկրների գործունեության հետ թե՛ մինչեւ այդ իրադարձությունները, թե՛ դրանից հետո, որոնք առնվազն պատասխանի կարիք են զգում։ Այդ հարցերը ես նպատակ ունեմ դնել քննարկման այնտեղ, ուր հնարավոր է քննարկել նման հարցեր, ուր ինքնուրույն մտածելակերպը, կամքը դեռ ոչնչացված չեն։ – Որտե՞ղ նկատի ունեք։ – Եկեք սկզբից փորձենք քաղաքական համակարգում ողջ մնացածներով պատասխանել այս հարցին։ Պատրաստեց ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ (Շարունակությունը՝ հաջորդ համարում)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել