Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 27,2000 00:00

ՊՂՏՈՐ ՋՐԻ ՁՈՒԿԸ «Ով է նա» վերտառությամբ հրապարակման ենթատեքստը բավականին պարզ է եւ փորձում է ինչ-որ «բացահայտումներ» կատարելով սեւացնել Արթուր Բաղդասարյան քաղաքական գործչի անձը։ Նախ արձանագրենք, որ Արթուր Բաղդասարյանը, 1998 թվականի իշխանափոխության ժամանակ «Երկրապահին» չի անդամագրվել եւ զուր են դրանից բխող միտումնավոր կեղծ եզրակացությունները։ Երկրորդ՝ 1996 թվականին Հայաստանի իրավագետների եւ քաղաքագետների միությունը, որի նախագահն էր Արթուր Բաղդասարյանը, նախագահական ընտրություններից դեռ ամիսներ առաջ միաձայն ընդունել է որոշում (ի դեպ, նման որոշումներ ունեին 150-ից ավելի հասարակական կազմակերպություններ), պաշտպանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը եւ, ի տարբերություն շատ-շատերի, իր տեսակետը ներկայացրել հրապարակայնորեն։ Այսօր, հինգ տարի անց, կրկին հրապարակ բերելով բազմիցս արծարծված փաստը եւ դրան հավելելով մտացածին եզրակացություններ, փորձ է արվում պղտոր ջրում ձուկ որսալ։ Հայաստանի իրավագետների եւ քաղաքագետների միության լրատվական ծառայություն Որակումները մի կողմ թողնենք՝ ըստ էության, ի՞նչ են հերքել այս պատասխանով։ Որ Արթուր Բաղդասարյանը եւ իր միությունը պաշտպանել են Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հաստատել են։ Այլ հարց է, եթե համարում են, որ պրն Բաղդասարյանի երբեմնի գնահատականները մեջբերելը հավասարազոր է նրան սեւացնելուն։ Սակայն նաեւ ընդունում ենք մեր թերացումը՝ 1998-ի փետրվարին Արթուր Բաղդասարյանը դուրս գալով «Հանրապետություն» միավորումից՝ մնաց անկախ պատգամավոր։ Հետագայում «Օրինաց երկրի» փոխնախագահ դարձած Սերգո Երիցյանն էր, որ համալրեց «Երկրապահի» շարքերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել