Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 27,2000 00:00

Խմբակցությունում ՍԻՄ-ի մնալը գերխնդիր չէ ԱԺ ղեկավարության փոփոխությունները եւ «Միասնություն» դաշինքի վերջնական տրոհումը ստվերեցին «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի փլուզումը։ Երբ խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանին խնդրեցինք մեկնաբանել ՍԻՄ-ի նախագահության հայտարարությունը, ըստ որի դադարեցվում են «Ազգային միաբանություն» կուսակցության հետ դաշինքային փոխհարաբերությունները՝ նախ միայն պատասխանեց. «ՍԻՄ-ը իրավազոր է ցանկացած որոշում ընդունել»։ Ավելի ուշ, այնուամենայնիվ, առավել հանգամանալից մեկնաբանություններ տրվեցին։ Մասնավորապես, ՍԻՄ-ի նախագահության հայտարարության մի դրույթի (ռոտացիայի սկզբունքի մերժումը դիտում են «որպես կուսակցությունների հավասարազորության մասին նախնական հիմնարար պայմանավորվածության խախտում»), առնչությամբ մեր հարցին՝ մի՞թե նման կանխատեսելի գնահատականներն ու ելքը իրենց չպիտի ստիպեին ընտրել այլ մարտավարություն, պրն Գեղամյանն ասաց. «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունը չպետք է առաջնորդվի որեւէ կուսակցության որոշումներով՝ լինի դա ՍԻՄ-ը, «Ազգային միաբանությունը», ԳիԱրՔՄի-ն, «Արցախ-Հայաստանը», թե «Գարդմանքը»։ Այդ 5 կազմակերպությունների ներկայացուցիչները համախմբված են դաշինքի մեջ եւ եթե դրանցից յուրաքանչյուրն իր որոշումը կայացնի եւ ակնկալի, որ այն պարտադիր է մնացած 4-ի համար՝ այ, այդ ժամանակ դաշինքն իրապես կտրոհվի։ Բայց երբ այս կամ այն կուսակցության որոշումը դրվում է քվեարկության եւ ձայների մեծամասնությամբ մերժվում, ապա ժողովրդավարության սկզբունքը պահանջում է ենթարկվել խմբակցության մեծամասնության կարծիքին»։ ՍԻՄ-ը նաեւ վերապահում էր արել, թե իրենց պատգամավորների անդամակցությունը խմբակցությանը կքննարկեն «Իրավունք եւ միաբանության» կանոնակարգի ընդունումից հետո։ Գուցե, այնուամենայնիվ, հանուն խմբակցության միասնականության կանոնակարգում ներառվի՞ ռոտացիան՝ մեր այս ենթադրությանն ի պատասխան Արտաշես Գեղամյանն ասաց. «Եվ ոչ մի խմբակցության միասնականություն չի կարող գերխնդիր լինել։ Գերխնդիրը միասնական ծրագրերի մշակումն է՝ հակաճգնաժամային, սահմանադրական փոփոխությունների, վարչատարածքային համակարգի բարեփոխման վերաբերյալ։ «Ազգային միաբանությունը» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական կազմողն է եղել՝ Ձեր խոնարհ ծառա Արտաշես Գեղամյանը։ Մենք մեր այդ նախընտրական ծրագրից եւ ոչ մի շեղում թույլ չենք տվել։ Ուստի, մենք հավատարիմ ենք մնացել մեր այն խոստումներին, որոնցով նվաճել ենք 90 հազար ընտրողների ձայներ։ Եվ հիմնական հարցերում ոչ մի սխալ թույլ չենք տվել»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել